Հայհոյեք եգիպտերեն

08/02/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ո՞ւմ է հայհոյում խանութ մտած շարքային քաղաքացին՝ տեսնելով, որ պանրի կամ կարագի գինը նախորդ օրվա համեմատ 20%-ով թանկացել է։ Նախ՝ հայհոյանքն ուղղվում է ընդհանուր հասցեով՝ «Ես ձեր…» նախաբանով։

Հետո կոնկրետ ապրանքատեսակի դեպքում հայհոյանքի մի մեծ չափաբաժին ուղղվում է կոնկրետ ներմուծողին կամ ներմուծողներին, եւ որպես վերջաբան՝ երկրի ղեկավարությանը։ Սակայն դժվար թե որեւէ մեկի մտքով անցնի հայհոյել Կենտրոնական բանկին։ Մինչդեռ հիմնական հասցեատերը, ըստ ՀՀ օրենսդրության, պետք է լիներ հենց այս կառույցը։

ՀՀ կենտրոնական բանկի մասին օրենքով՝ ԿԲ-ն մեր երկրում գների հիմնական պատասխանատուն է։ «Հոդված 4. Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը.

1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաuտանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկի գործառույթն է հանդիսանում գների կայունության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկումը: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաuտատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը»։ Բնակչության մի ստվար զանգվածն այս դրույթին ծանոթ չէ։ Համոզված ենք, որ եթե հարցում անցկացվի՝ ինչո՞վ է զբաղվում կենտրոնական բանկը, շատերը կպատասխանեն «բանկերի եւ «չեյնջերի» վերահսկողությամբ»։ Կլինեն նաեւ մարդիկ, ովքեր կասեն, որ ԿԲ-ն զբաղվում է փոխարժեքով, «խաղեր է տալիս» արտարժույթի շուկայում։

Իհարկե, ԿԲ-ն, բացի գների կայունության ապահովումից, այլ խնդիրներ էլ ունի, սակայն նույն օրենքում հստակ նշված է, որ եթե «Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին եւ ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ»։ Մի խոսքով, այս ամենին, ինչպես արդեն նշվեց, ոչ բոլորն են տեղյակ, եւ գների համար ԿԲ-ին հասարակ քաղաքացիներն այնքան էլ չեն մեղադրում։ Բայց Կենտրոնական բանկին դա չի հանգստացնում, եւ նրանք որոշել են ավելի շատ ապահովագրել իրենց «էս գլխից»։

Գների կայունությունը Կենտրոնական բանկի հիմնական խնդիրն է, սակայն դա չի նշանակում, որ Կենտրոնական բանկը կարող է միայնակ այդ խնդիրը լուծել։ Երեկ նման հայտարարություն է արել Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Նա նշել է, որ գնաճի վրա էական ազդեցություն են թողնում նաեւ կառավարության քայլերը` բյուջեի դեֆիցիտը զսպելու ուղղությամբ, ինչպես նաեւ՝ Գյուղատնտեսության նախարարության քաղաքականության արդյունավետությունը: Մասնավորապես, Գյուղնախարարությունը պետք է միջոցներ ձեռք առնի ցանքատարածությունները եւ բերքն ավելացնելու ուղղությամբ, ինչը դրական կերպով կանդրադառնա գյուղմթերքների գների վրա:

Փաստորեն, ԿԲ-ն հայտարարում է, որ ինքը՝ իր ունեցած լծակներով, շատ քիչ բան կարող է անել գնաճին դիմակայելու համար։ Սա, ըստ էության, անկեղծ խոստովանություն է։ ԿԲ-ն գների վրա ազդում է միայն դրամավարկային քաղաքականության միջոցով` իրականացնելով, այսպես ասած, «էժան փողի» կամ «թանկ փողի» քաղաքականություն։ Սակայն, քանի որ մեր բանկային համակարգը բավարար չափով ինտեգրված չէ տնտեսությանը, այդ լծակի դերը շատ թույլ է։

Ինչո՞ւ է հատուկ առանձնացվել Գյուղնախարարությունը, դա էլ է պարզ. նախորդ տարվա ընթացքում ամենից շատ թանկացել են հենց գյուղմթերքները։ Դա տեղի է ունեցել ոչ բավարար առաջարկի պատճառով. պարզ ասած՝ բերքը քիչ է եղել, գները բարձրացել են։ Սակայն դա էլ, ինչպես կասեր գյուղնախարար «հոպարը», ոչ թե նախարարության մեղքով է եղել, այլ՝ բնակլիմայական պայմանների։

Իսկ ո՞րն է այս ամենում կառավարության դերը։ Իհարկե, հարկաբյուջետային քաղաքականությունը նույնպես ազդում է գների վրա։ Սակայն ԿԲ-ն այստեղ փորձել է հնարավորինս քիչ «ցավացնել» կառավարությանը։ «Բյուջեի դեֆիցիտը զսպել»՝ նշանակում է՝ կրճատել բյուջեի մուտքերի եւ ծախսերի միջեւ ճեղքվածքը։ Այսինքն՝ ավելացնել մուտքերը։ Այսինքն՝ ավելացնել հարկերը (ոչ թե դրույքաչափերը բարձրացնելով, այլ՝ ավելի կոշտ վարչարարություն կիրառելով)։ Իսկ բիզնեսմենն ավելի շատ հարկ վճարելուն պատասխանում է մի պարզ ձեւով՝ գների թանկացմամբ։

Եվ վերջապես, ԿԲ ներկայացուցիչը չի նշել մի շատ կարեւոր կառույցի՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասին։ Մինչդեռ առանձին ապրանքատեսակների գծով աղմուկ հանած թանկացումները, ինչպես պարզվել է հետո, սերտ առնչություն են ունեցել հենց մրցակցային խնդիրների հետ։ Այսինքն՝ հանձնաժողովն, ըստ էության, գների վրա ավելի մեծ ազդեցություն ունի, քան Կենտրոնական բանկը։

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանում գների վրա ազդում են առաջին հերթին՝ բնությունը, հետո՝ կառավարությունը՝ ի դեմս հարկային եւ մաքսային մարմինների, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, առանձին խոշոր ներմուծողները եւ հետո նոր միայն՝ Կենտրոնական բանկը։ Ստացվում է՝ շարքային սպառողը հայհոյանքի սլաքն առանց երկար-բարակ մտածելու ուղղում է ճիշտ ուղղությամբ։

Նշենք նաեւ, որ հայհոյելու շատ առիթներ, ցավոք սրտի, մեր քաղաքացիներն ունենալու են նաեւ այս տարի։ ՀՀ Կենտրոնական բանկն առավել հավանական է համարում, որ 2011թ. տարեվերջին գնաճը կգտնվի 5,5-7,5 տոկոս միջակայքում։ Ինչպես նշվում է դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրում, գնաճի՝ այդ միջակայքում գտնվելու հավանականությունը գնահատվել է 40,9 տոկոս։ Իսկ հավանականությունը, որ գները կաճեն 4-5,5 տոկոսի սահմաններում, ավելի ցածր է՝ 31 տոկոս։ 7.5-9.5% գնաճը ԿԲ-ն քիչ հավանական է համարում։ Սակայն այս հարցում շատ լավատես լինել չի կարելի, քանի որ, Ա. Ստեփանյանի խոսքերով, ԿԲ-ն գազի սակագների փոփոխությունը չի ներառել իր գնաճային կանխատեսումներում։ Դրամավարկային քաղաքականության վարչության պետը պարզաբանել է՝ քանի դեռ որեւէ պաշտոնական հայտարարություն չի կայացել գազի սակագնի փոփոխման վերաբերյալ, իրենք հիմք չունեն այն ներառել իրենց կանխատեսումներում։ Պաշտոնական հայտարարություն այս կապակցությամբ, ճիշտ է, չի եղել, սակայն շատերն են հիշում, որ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը 2010թ. վերջին «Շպիգել» ամսագրին տրված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանին գազ կմատակարարեն շուկայական պայմաններով։ Իսկ դա նշանակում է՝ գազի գնի թանկացում։ Ցավոք, փորձը ցույց է տվել, որ այդ կարգի խոսակցություններն ի վերջո իրականություն են դառնում։