Այս օրերին Երեւանի քաղաքապետարանի կողմից շուկաներ տեղափոխված փողոցային առեւտրով զբաղվողները, մեղմ ասած, վրդովված վիճակում են:
Հունվարյան բողոքի ցույցերից հետո նրանք առավել քան վճռական են տրամադրված: Երեկ նրանցից շատերը զայրույթով ու հեգնանքով էին խոսում օրեր առաջ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի շուկաներ կատարած ցուցադրական աշխատանքային շրջայցի մասին: Ընդ որում՝ փողոցային նախկին առեւտրականների կարծիքով՝ զավեշտալի էր հատկապես այն, որ փոխքաղաքապետի մոտ առեւտրականները մի տեսակ «կուչ» եկած ու համեստորեն էին արտահայտվում՝ շեշտելով միայն առեւտուր «չունենալու» կամ «կլիենտներ» կորցնելու փաստը: «Կինոն հլա նոր-նոր ա սկսում»,- երեկ մեզ հետ զրույցի ժամանակ ասացին Երեւանի Գնունու շուկայի աշխատակիցները: Վերջիններս 3 շաբաթ առաջ են տեղափոխվել տոնավաճառ: Ըստ նրանց՝ մինչ տեղափոխվելն իրենք նորմալ աշխատում էին: «Խնդիրն էն ա, որ էս շուկայում վաճառում են օգտագործած ապրանքներ, իսկ մենք էլ սանտեխնիկա ենք վաճառում, ու իրար հետ վաաբշե չեն խոսում: Հետո էլ էս շուկայի հազար տարվա կլիենտները գալիս, ստեղի եղած-չեղածն առնում-գնում են, իսկ մեր ապրանքները մնում են: Էսօրվա դրությամբ ոչ մեկը չգիտի, մենք էլ չենք կարողանում առեւտուր անել»,- նշեց Երեւանի Գնունու տոնավաճառ տեղափոխված առեւտրականներից մեկը: Ըստ նրա՝ այս ընթացքում կորցրել է իր բոլոր գնորդներին, եւ 3 շաբաթվա մեջ դեռ որեւէ ապրանք չի վաճառել:
Գնունու տոնավաճառ տեղափոխվածների թիվն, ըստ առեւտրականների, 30-ից ավելի է, սակայն նրանցից որեւէ մեկը դեռեւս տեղյակ չէր տեղի վարձավճարների չափի մասին: Առաջին ամիսն աշխատելու են առանց վարձավճարի, իսկ թե հետագայում որքան գումար կպահանջեն որպես տեղի վարձավճար` աշխատակիցները դժվարացան պատասխանել: Նրանց խոսքով` շուկայի տնօրինության հետ որեւէ պայմանագիր չեն կնքել: Հարցը, թե փողոցում առեւտուր անելիս իրենցից որքա՞ն վարձավճար էին գանձում, շուկայի ներկա աշխատակիցները փորձեցին շրջանցել: «Դե էդի իմաստ չունի ասելը, որովհետեւ կարելի ա ասել՝ պետության ֆունկցիաների մեջ չի մտնում: Մենք գիտենք` մեր բազարի ղեկավարությունը: Ես էդ հարցին չեմ կարող պատասխանել»,- ասաց առեւտրականներից մեկը: «Եթե մենք ըտենց տեղեկատվություն տանք քեզ, մեզ կարող ա բազարից դուրս հանեն»,- շարունակեցին նրանք: Ձայնագրիչն անջատելուց հետո, սակայն, նրանք անկեղծացան: Նախ նշեցին, որ փողոցային առեւտուր անելիս տեղի վարձավճարի միջին գինը կազմում է մոտ 40 հազար դրամ, եւս 40.000 դրամ էլ կազմում էին Կենսաթոշակային ֆոնդի եւ այլ վարձավճարները: Այսինքն` հարակից-լրացուցիչ ծախսերի հետ միասին՝ Գնունու շուկայի փողոցային առեւտուր անող 1 անձը վճարում էր ամսական 80.000 դրամ: Իսկ հարցին, թե վարձավճարները ո՞ւմ էին վճարում, ո՞վ էր հավաքագրում, նրանցից մեկն այսպես պատասխանեց. «Քուր ջան, հատուկ ջոկատայիններն են գալիս-հավաքում»: «Հատուկ ջոկատայիններ» ասելով՝ նրանք ո՞ւմ նկատի ունեն, արդյո՞ք ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության ներկայացուցիչներին, ովքեր հետեւում են հասարակական կարգի պահպանությանը: Զրուցակիցներս, սակայն, չցանկացան մանրամասնել: Ինչեւէ, Գնունու շուկայի ներկա աշխատակիցները պատրաստվում են նոր ցույցի: «Առայժմ տեղը չենք ճշտել, բայց օրը կասենք՝ փետրվարի 18-ին»,- ընդգծեցին շինանյութի առեւտրով զբաղվողները՝ ավելացնելով, թե չի բացառվում, որ միանան ՀԱԿ-ի հանրահավաքին: Առեւտրականներից ոմանք մեզ հետ զրույցի ընթացքում զարմանքով նկատեցին, որ իրենց ցույցի ժամանակ ոստիկանները ցուցարար-առեւտրականներից միշտ շատ են լինում: «Դե, էն անգամ մեզ արգելեցին մտնել քաղաքապետարանի շենք, բայց նորից ենք ասում՝ էս անգամ մենք շատ լուրջ ենք տրամադրված: Առեւտուր չենք անում, դատարկ ձեռքերով տուն ենք մտնում, էրեխեքին ի՞նչ պատասխան պիտի տանք: Ասենք, բալիկ ջան, հաց չկա, հարմարվի՞ր,- ասացին զրուցակիցներս՝ ավելացնելով,- Նայեք ամբողջ շուկային: Տեսնո՞ւմ եք, կեսից շատը ջահել տղերք են, ընտանիքներ են պահում, բա ո՞ր հերը կարա էրեխուն սոված թողնի: Եթե էգուց հանցագործությունների թիվը շատանա, թող էս իշխանությունները վաաբշե չզարմանան»: «Քաղաքապետին ասեք, որ ով շուկա ա մտնում, 3 օրից սկում ա: Շուկան գերեզմանո՛ց ա, գերեզմանո՛ց»,- ասաց կանաչի վաճառող տատիկը, ով քաղաքապետի այդ որոշումից հետո տեղափոխվել է Գումի շուկա: Կանաչի վաճառող կինը պատմեց, որ թեեւ շուկայում օրական 1300 դրամ տեղի վարձ է տալիս, բայց օրվա ընթացքում ստիպված է լինում գաղտագողի հեռանալ շուկայից եւ դրսում վաճառել. «Իմ տոչկեն հեն ա` շուկայում, աղջիկ ջան, բայց մի կոպեկի անգամ առեւտուր չի լինում էնտեղ: Ես էլ, ի՞նչ անեմ, բռնում եմ մի յաշիկի մեջ լցնում կանաչին, բերում եմ ու փողոցում թաքուն ծախում եմ, նորից գնում եմ շուկա: Հա, դե շուկա առավոտ շուտ եմ գնում, մի քանի ժամ մնում եմ»: Վերջինս հանգամանորեն պատմում էր, թե այս օրերին շուկա տեղափոխված առեւտրականներն ինչ վնասներով են աշխատում։ «Թանկ ու կրակ պոմիդորները՝ կիլոն մի 1500-2000 դրամ, բերում-փչացնում են, հետո թափում: Աչքերս հետեւից գնում ա, որ տեսնում եմ: Քաղաքացիական պատերազմ ա պետք: Վսյո»,- նշեց 70-ամյա տատիկը: Փողոցային առեւտրով զբաղվողները համոզված են, որ փետրվարի 18-ին կազմակերպվելիք բողոքի ցույցի արդյունքում իրենց ձայնն, ի վերջո, լսելի կդառնա իշխանություններին: «Էս շուկայի օգուտն էլ, գիտե՞ս որն ա. շախմատ խաղալ սովորեցինք»,- իրենց ներկա «պարապ ու անգործ» վիճակի մասին կատակում էին փողոցային առեւտրով զբաղվողները:
Եթե փողոցային առեւտրով զբաղվողները վճռական էին հետագա պայքարի հարցում, ապա Թուրքիայից ապրանք բերող առեւտրականներն այլեւս հոգնել են պայքարելուց: Նրանց փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Հայաստանից 1 ավտոբուս է Թուրքիա գնացել: Առեւտրականների թիվը, նրանց խոսքով, 50-ի չի հասնում, այնինչ նախկինում շուրջ 300 մարդ էր առեւտրի մեկնում: «Երեւան-Ստամբուլ առեւտուրը դադարեցված չի: Էդ ո՞վ ա ասել: Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչի կբերի: Հայկական շուկայի, եթե ոչ 100%-ը, ապա գոնե 95%-ը թուրքական ապրանքներ են»,- նշեցին Երեւանի Ֆիրդուսի շուկայի մեր զրուցակից աշխատակիցները: Նրանց հաշվարկներով՝ այսօր արդեն ձեռնտու չէ նաեւ հագուստի առեւտուրը: «Հունվարի 15-ին հասանք Ստամբուլ, մեկ էլ եկան հայտարարեցին, թե մաքսային տուրքը 4 դոլարից 8 դոլար են դարձրել: Շոկի մեջ էինք, բայց դե ի՞նչ արած, քիչ-միչ ապրանք առանք-հետ եկանք»,- պատմեցին «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները: Հագուստի առեւտրով զբաղվողները վստահեցնում էին, որ հագուստի գինը նվազագույնը 20%-ով բարձրացնելու են: Ի դեպ, որոշ վաճառակետերում թանկացումն արդեն սկսվել էր: «Բողոքեցինք, բայց ի՞նչ օգուտ: Ցույց կազմակերպեցինք… ի՞նչ օգուտ: Կարող ա իմանաք՝ էս ո՞ւր ենք գնում էսպես»,- հուսահատ հարցնում էին հագուստի առեւտրով զբաղվողները, որոնցից շատերը` որպես վարձավճար, ամսական 1000 դոլարից ավելի գումար են մուծում շուկաների տնօրինություններին: