Նորություն չկա

08/02/2011

Հունվարի 23-ի երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի օգնական Էդգար Մելքոնյանին ԳՈՒՄ-ի շուկայում ծեծի ենթարկելու փաստի առիթով որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել, ձերբակալվածներ առայժմ չկան: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին հայտնել են Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ այդ միջադեպը տեղի էր ունեցել Մելքոնյանի եւ ԳՈՒՄ-ի շուկայի անվտանգության աշխատակիցների միջեւ: Շուկան, ըստ տարբեր տեղեկությունների, պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Արթուր Բաղդասարյանի օգնականը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց եւ Ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում ներկայացրել իրեն ծեծի ենթարկելու մասին: Հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի հատկանիշներով` «խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»: Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Աշոտ Կարապետյանն ասել է, որ մեղադրանք առաջադրելու համար սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Բայց, ըստ նրա, նյութեր են նախապատրաստվում ինչպես շուկայի անվտանգության 5 աշխատակիցների, այնպես էլ Էդգար Մելքոնյանի վերաբերյալ: Կարապետյանը նշել է, որ միջադեպի ժամանակ Էդգար Մելքոնյանը խմիչքի ազդեցության տակ է եղել եւ այնպիսի վարք է ցուցաբերել, որ շուկայի անվտանգության տեսուչները պարտավոր են եղել միջամտել ու նախազգուշացնել: «Սակայն մի քիչ այլ ձեւով է նախազգուշացրել` ոչ իր գործառութային պարտականությունների շրջանակներում, կոպիտ է նախազգուշացրել: Հետեւանքն էլ ստացվել է քրեական գործ, որտեղ կա հանցակազմ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Կարապետյանը` հերքելով Գագիկ Բեգլարյանի առնչությունն այս միջադեպին: Նա ասել է, թե Բեգլարյանը որեւէ կերպ չի միջամտում նախաքննության ընթացքին: