Մարզային բացահայտումներ

08/02/2011

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության ստացած տեղեկությունների հիման վրա բացահայտումներ են կատարվել Տավուշում: Այդ մասին հայտնում են ՊԵԿ մամլո ծառայությունից: Մասնավորապես Նոյեմբերյանի Երեւանյան 6 հասցեում գործող «Արտամետ» ՍՊԸ-ում արձանագրվել են 21 աշխատակիցներ, ովքեր սահմանված կարգով գրանցված չեն եղել: Կազմվել է ստուգման ակտ. իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Իսկ Կոտայքի Գառնի գյուղում Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են մեծածախ առեւտրի ապօրինի գործունեություն: Հարկային դաշտից դուրս գործունեությունը շուրջ չորս ամիս ծավալել է Գառնիի բնակիչ Վահան Գեւորգյանը: Մյուս դեպքում էլ ՕՀՎ Հրազդանի աշխատակիցները հայտնաբերել են լավաշի ապօրինի արտադրամաս: Պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրություն ծավալողը Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ Արման Ավակիմյանն է, ով հասցրել է լավաշի արտադրությամբ եւ ձեռք բերված արեւածաղկի փաթեթավորմամբ, ինչպես նաեւ՝ ստացված արտադրանքի վաճառքով զբաղվել շուրջ 15 օր` առանց պետական գրանցման եւ հարկային մարմնում հաշվառվելու: Ավակիմյանի մոտ ապօրինի գործունեության ստուգում է իրականացվում` հարկային պարտավորությունների հաշվարկման եւ պետությանը պատճառված վնասի չափը ճշտելու ուղղությամբ: Ապօրինի գործունեությունը կասեցված է` մինչեւ համապատասխան պետական գրանցում ստանալը: Իսկ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները բացահայտել են մաքսանենգ ձկնկիթ ներմուծելու փորձ: Շուրջ 5,5 կգ ընդհանուր քաշով սեւ եւ կարմիր ձկնկիթը հայտնաբերվել է Թբիլիսի-Սպիտակ երթուղային տաքսիով Հայաստան ուղեւորվող Վրաստանի քաղաքացի Նաիրա Միկելաձեի մոտ, ում անձնական ուղեբեռը զննման էր ենթարկվել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետում: Հենց այդտեղ էլ Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները պարզել են, որ Վրաստանի քաղաքացու կողմից ապակյա տարաներով տեղափոխվող ձկնկիթը հայտարարագրված չէ: Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն: Ն.Միկելաձեից վերցվել է բացատրություն, իսկ չհայտարարագրված ապրանքն ի պահ է հանձնվել «Ձյունիկ սառնարան» ընկերության մաքսային պահեստ: