Կփրկենք ձեզ հոգիները՝ վաճառելով մերը

08/02/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հազարամյակներ շարունակ մարդիկ հայացքներն ուղղած երկնքին` իրենց աղոթքն են հղում առ Աստված: Հղում են, քանի որ մարդկանց պատկերացումներով` Աստված այնտեղ է, ինչ-որ տեղ` վերեւում: Եվ Տերունական աղոթքն էլ է հուշում, որ Աստծո գտնվելու վայրը ոչ այլ տեղ է, քան երկինքը. «Հայր մեր, որ երկնքում ես…»: Բայց, ինքներդ էլ գիտեք, երկինքն անսահման հասկացություն է: Հետեւաբար` հարցերը` կոնկրետ որտե՞ղ է Աստվածը, երկնքի հատկապես ո՞ր հատվածում, եւ, հետո, հասնո՞ւմ են, արդյոք, մեր աղոթքները Բարձրագույն հասցեատիրոջը այս հեռավորությունից, պարզվում է, դեռեւս օդի մեջ են:

Պեդանտության, լինենք ավելի ճշգրիտ` հիմարության հասնող այս հարցերի շուրջ թերեւս կարելի էր եւ չմտածել: Սակայն մի քանի օր առաջ էլեկտրոնային փոստով ստացա նամակ (այդ նամակն ուղարկվել է շատ-շատերին): Անծանոթ եւ խորհրդավոր հասցեից` www.newprayer.com: «Նյուփրեյերը» («Նոր աղոթք») առաջարկում էր իր ծառայությունները: Դրանք հիմնված են Աստվածաշնչի ու գիտության, ավելի ստույգ` աստղաֆիզիկայի իմացության վրա:

Նամակում ասված է. «Ի՞նչ գիտենք մենք այն վայրի մասին, ուր գտնվում է Աստվածը: Ոչի՛նչ: Գիտենք, որ Աստված ներկա է եղել Տիեզերքի ստեղծմանը: Մենք գիտենք` ինչպես է առաջացել Տիեզերքը` Մեծ պայթյունի հետեւանքով (Big Bang): Մենք գիտենք, որտեղ է Տիեզերքի ամենածեր (ամենահին) վայրը: Մենք կարող ենք ռադիոազդանշաններ ուղարկել հենց այդ վայր»: «Նոր աղոթքի» մասնագետները, փաստորեն, վստահ են, որ Տիեզերքի ամենահին տեղն է Աստված ընտրել Իր համար` որպես «նստավայր»: Եվ այդ «բարի լուրն» ավետելու համար դուրս են եկել Ինտերնետ:

Ստացվում է` եթե առաջ մարդիկ իրենց աղոթքներն ուղարկում էին առ Աստված` չիմանալով` կոնկրետ ուր են ուղարկում, այլ կերպ ասած` անհասցե, ապա այժմ, շնորհիվ «Նյուփրեյերի», այն առաքվում է ճիշտ հասցեով: Ինչպես ավելի ուշ պարզեցի` վիրտուալ այս կազմակերպությունը ստեղծվել է 1999 թ.-ին, ԱՄՆ-ում: Բայց Տիեզերքի անսահմանության մեջ փնտրելով եւ գտնելով Աստծո բնակության վայրը, ընկերությունը չի նշում ի՛ր գտնվելու վայրը: Երկրային, կոնկրետ հասցե չկա, նշված է միայն ինտերնետային հասցե: Մարդկանց աղոթքները ռադիոազդանշաններով հասցեատիրոջը հասցնելը, համաձայնեք, շնորհակալ գործ է: Բայց մենք սովոր ենք Տեր Աստծուն ծանրաբեռնել մեր երկարաշունչ խնդրանքներով` վստահ, որ Նա դրանք անպատասխան չի թողնի, որ Նա մեզ սիրում է անշահախնդրորեն: Իսկ Աստծուն ուղղված ինտերնետային աղոթքն արդեն փող արժե:

Աղոթքի առաքումը Արարչի կողմից իսկ ստեղծված Տիեզերքի ամենահեռավոր անկյուններ գուցե այնքան էլ թանկ չէ: Մի աղոթքի գինը 5 դոլար է` անկախ բովանդակությունից եւ ծավալից: Նրանց, ովքեր ցանկանում են միանգամից առաքել վեց աղոթք, զեղչ է արվում` 25 դոլար: Այն հավատացյալների համար, ովքեր պատրաստ են ամբողջ քսան աղոթք ուղարկել, արդեն ավելի խոշոր զեղչ է նախատեսված` 75 դոլար: Չեն մոռացվել նաեւ ջերմեռանդ հավատացյալները. նրանք, հասկանալի է, օրական մի քանի անգամ են աղոթում, եւ ընկերությունը նրանց առաջարկում է ավելի հետաքրքիր զեղչեր: Չդատենք այն մարդկանց, ովքեր հավատացել են այս հայտարարությանն ու իրենց աղոթքները մուտքագրել ու ուղարկել վերոնշյալ հասցեով (իսկ այդպիսի մարդիկ, ի զարմանս ինձ, քիչ չէին): Նրանք հավատում են Աստծուն անվերապահորեն, առանց փորձելու: Այդպես էլ հավատացել են «Նյուփրեյերին»: Իրականությունն այն է, որ սա հոգեւոր զգացմունքների վրա ազդող` ժամանակակից, բարձր տեխնոլոգիաների միջոցով մարդկանց հիմարացնող միջոց է, որի նպատակը, ինչպես գրեթե բոլոր ժամանակներում, փող աշխատելն է:

Հիշենք 11-րդ դարը: Այդ ժամանակ դրվեց ինդուլգենցիաների տարածման սկիզբը: Ինդուլգենցիայի հիմքում Թովմա Աքվինացու «ավելցուկ արյան» ուսմունքն էր: Ըստ այդմ` Հիսուս Քրիստոսի մի կաթիլ արյունը` մարմնացած թղթերում` ինդուլգենցիայում, բավական է ողջ մարդկությանը մեղքերից մաքրելու համար: Հատկապես 12-13-րդ դարերում սկսվեց ինդուլգենցիայի առատ վաճառքը. ինդուլգենցիան մարդիկ թռցնում էին տաք կարկանդակների նման` վստահ, որ իրենց մահացու մեղքերն այլեւս ներված են, եւ իրենց ձեռքին Դրախտ տանող տոմսակներ են: Հոգեւորականությունն ու կաթոլիկ եկեղեցու հայրերը դրախտի մասին մտածելու ժամանակ չունեին. նրանք հարստանում էին` վաճառքի հանելով Հիսուս Քրիստոսի արյունը:

Մի դեպքում` միջնադարյան կաթոլիկ եկեղեցին էր հարստություն դիզում, մյուս կողմից` 21-րդ դարի ճարպիկ անհատներն, Աստծո անունը տալով, փորձում են հարստանալ:

Դարերի ընթացքում ոչինչ չի փոխվել: Կաթոլիկ եկեղեցու այսօրվա մասին եզրակացություններ անելիս կարելի է վերադառնալ 14-րդ դար, վերընթերցել Ջովանի Բոկաչչոյի «Դեկամերոնը»: Հայ Առաքելական եկեղեցու այսօրվա մասին եզրակացնելու համար մեր եկեղեցու նախկին սպասավոր տեր Սահակը թերթերից մեկում խորհուրդ է տալիս գնալ ավելի ետ` 5-րդ դար, վերանայել Խորենացու «Ողբը»:

Երբ փորձում ես անկողմնակալ մտածել այն դերի մասին, որն ունի մեր` Հայ Առաքելական եկեղեցին, եւ որը կարող էր ունենալ, եզրակացություններն այնքան էլ ուրախ չեն: Հանրապետության հատկապես հեռավոր մարզերում մարդիկ գյուղերով ներգրավված են աղանդների մեջ: Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավորներին տեսնում ենք կամ պատարագների ժամանակ, երբ նրանց մոտենալ ուղղակի անհնար է (այդ օրերին եկեղեցիներում ասեղ գցելու տեղ չկա), կա՛մ երբ եկեղեցին փորձում է պայքարել իր իրավունքների համար` քանդել ա՛յս շենքը, վերցնել մյուս տարածքը:

Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին զրույցները միանշանակ չեն: Թեեւ միայն այն հանգամանքը, որ նա օծյալ է, արդեն թույլ չի տալիս կանգ առնել նրա մարդկային թուլությունների վրա: Անգամ այն պարագայում, որ փոքրիկ Հայաստանում բոլորին է հայտնի` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը ժամանակին ինչպես են միջամտել եկեղեցու գործերին, կաթողիկոս նշանակել, միեւնույն է, մարդիկ սպասում են իրենց հոգեւոր հովվի խոսքին: Ցանկանում են նրան տեսնել աշխարհիկ հետաքրքրություններից դուրս: Կաթողիկոսի անձը, նրա անձնական օրինակը կարող է շատ մեծ դեր ունենալ աղանդների դեմ պայքարի, մարդկանց, երկրի առաջին դեմքերի բարոյական նկարագրի պահպանման գործում: Օրինակը` Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո պատրիարքն է. պատեհ առիթով կամ անառիթ նա շրջում է Ռուսաստանով, հանդիպում շարքային մարդկանց հետ, եթերում նրա քարոզները հաճույքով լսում են անգամ մանուկները, նրա անձի առաջ խոնարհվում են երկրի առաջին դեմքերը: Եվ ոչ թե հակառակը…

Իսկ Խոսքի բացը շատ զգալի է: Դա ծանր մի լռություն է, որի ընթացքում լսելի են դառնում Եհովայի վկաների, աղանդավորական մյուս կազմակերպությունների երեւելիների ձայները: Նման դեպքում անգամ գայթակղություն է առաջանում անել վերջին հուսահատ քայլը` մեր հոգեւոր եւ աշխարհիկ դասն իմաստնացնելու մասին աղոթք հղել առ Աստված… «Newprayer»-ի միջոցով: