«Mea Culpa»-ն նորովի է ներկայանալու

08/02/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Mea Culpa» ներկայացման ընդհատումը կապվա՞ծ է բեմադրության DVD տարբերակի թողարկման հետ, եւ կարո՞ղ է արդյոք ներկայացումը փոխարինվել DVD-ով: «Շարմ հոլդինգի» տնօրեն, դերասան եւ հաղորդավար Հրանտ Թոխատյանն այս կապակցությամբ ասաց. «DVD-ն երբեք չի կարող փոխարինել թատրոնի շունչը: DVD-ն իր կյանքով է ապրում, ներկայացումն` իր: «Mea Culpa» ներկայացումը ժամանակավոր ընդհատեցինք` հետագայում այդ ներկայացմանը նորովի անդրադառնալու հույսով եւ նպատակով: Պարզապես յուրաքանչյուր աշխատանքի մեջ պետք է մի պահ կանգ առնել, զգալ ժամանակի շունչը եւ հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի այդ աշխատանքի շարունակությունը: Այսօր արդեն կան հարցեր, որոնց պետք է այլ հայացքով նայել, քանի որ մեր երկիրն, այսպես թե այնպես, տեղում չի դոփում եւ գնում է առաջ: Այլ հարց է, թե ինչպե՞ս է գնում, եւ հարցերի հարցն է` թե ո՞ւր է գնում: Որոշ ժամանակ անց որոշակի փոփոխություններով «Mea Culpa»-ն կրկին բեմ կբարձրանա եւ արդեն կխոսի մեր պետության մեջ առաջացած նոր խնդիրների եւ հարցերի շուրջ»: Հ. Թոխատյանը նաեւ ասաց, որ վերագործարկման մեջ է «Ժանգոտ բանալի» ներկայացումը, որը որոշակի փոփոխություններից հետո կրկին բեմ կբարձրանա: Ստեղծագործական խումբը սկսել է «Ինչուիկ» նախագծի նկարահանման աշխատանքները, որը «Մեր Այբբենարանը» նախագծի շարունակությունն է լինելու: «Ինչուիկը» մեր փոքրիկների համար մատչելի եւ հետաքրքիր հանրագիտարան է լինելու»,- ավելացրեց Հ. Թոխատյանը: