Ավտոնոմ տնտեսությունները՝ որպես արվեստ

08/02/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Վենետիկի 54-րդ արվեստի բիենալեին հայ արվեստագետները ներկայանալու են այն աշխատանքներով, որոնք անդրադառնում են անհատական փորձի եւ հանրային ուշադրության վրա: Այդ սուբյեկտիվ փորձն ու ունիվերսալ կիրառումն էլ իրենց գործերում ուսումնասիրում են արվեստագետներ Գրիգոր Խաչատրյանը, Մհեր Ազատյանն ու Աստղիկ Մելքոնյանը: Ըստ բիենալեի կուրատորական խմբի անդամ, արվեստաբան Վարդան Ազատյանի՝ իրենց մշակած կոնցեպտը հիմնվելու է մեր կյանքի համար շատ ակտուալ երկընտրանքի վրա. փոխվել` ինտեգրվելով գլոբալացվող աշխարհին, սակայն միեւնույն ժամանակ` մնալ նույնը եւ պահպանել ինքնությունը: «Լինենք ուրիշի հետ` առանց փոխվելու, մոդեռնացվել, բայց մնալ նույնը»` սա է լինելու ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր Վենետիկի բիենալեին մասնակցող Հայաստանի պարադոքսալ հարցադրումը: Ի դեպ, «փոխվել` չփոխվելով» պահանջը շատ լավ տեղավորվում է մեր հասարակական գիտակցության մեջ: Չէ՞ որ տարբեր ոլորտներում էլ որոշակի կոսմետիկ փոփոխություններ են արվում, սակայն ոչ մի բան էլ էականորեն չի փոխվում: Եվ յուրաքանչյուր անհատ` կյանքի դժվարություններին դիմակայելու համար` շարունակում է իր սեփական, անհատական տնտեսությունը պահպանել, անհատական օգտագործման մոլորակը կառուցել: Վ.Ազատյանը եզրակացնում է. այս խզման կետում հուսադրող բան կա, քանի որ, նույնիսկ, երբ մարդը պարփակվում է իր մոլորակի մեջ` նա չի կորցնում հույսը, որ օրերից մի օր նոր ունիվերսալ մի լեզու կստեղծվի ու իր անհատական ձեռնարկ-նախագծերը կիրառում կգտնեն:

Ժամանակակից արվեստը շատ զգայուն է հասարակական կարծիքի հանդեպ, այն ոչ թե թանգարաններում ցուցադրվելու, այլ` հանրային զրույց առաջացնելու համար է ստեղծվում: Վ.Ազատյանը գիտի, թե ինչու է այդ զրույցը մեզ մոտ հազիվ լսելի:

– Ժամանակակից արվեստը Հայաստանում անջատ մի մոլորակի է նման: Մնալով շատ նեղ միջավայրում, երբեմն արվեստագետը այլմոլորակայինի է նմանվում, որին հասարակությունը չի ընդունում, քանի որ նրա լեզուն չի հասկանում։ Ինչո՞ւ է այդպես։

– Բանն այն է, որ Հայաստանում ժամանակակից արվեստի դաշտն արդեն 40 տարվա պատմություն ունի եւ իր ներսում կոմունիկացիաների յուրատեսակ ձեւեր է մշակել։ Սակայն իրավիճակի տրագիզմը նրանում է, որ այդ դաշտն ու կոմունիկացիոն մեխանիզմները լայն հասարակության համար միշտ չեղյալ են եղել։ Կարծես չկան։ Եվ հենց այդ պատճառով է տպավորություն ստեղծվում, որ ժամանակակից արվեստագետները (քննադատները, կուրատորները) այլմոլորակայինների նման են։

– Խնդիրը ցուցադրման հարթակների, նաեւ՝ քաղաքային քանդակների, ձեւավորման մեջ ժամանակակից արվեստի հայտնության պակա՞սն է։

– Իհարկե։ Ժամանակակից արվեստը Հայաստանում ինստիտուցիոնալ հիմք չունի։ Եվ այդ արվեստը հանրային հարթակներում ներկայացնելու փորձերն էական խոչընդոտների են հանդիպում։ Արվեստը ներկայացնելու մեր երկրի հիմնային ուղղությունը, որն իբրեւ քաղաքականություն է իրականացվում, կարելի է այսպես ձեւակերպել՝ մենք ուզում ենք արդիանալ, առանց փոխվելու։ Ավելին՝ մենք մոդեռնացվում ենք, որպեսզի ավելի շատ նույնը մնանք։ Այսինքն՝ արդիության հնարավորությունները մենք ուզում ենք օգտագործել միանգամայն նեղ, ներքին նպատակների համար։ Համենայնդեպս, վերջին 10 տարիները հենց այդ ուղղության մասին են վկայում։

– Կարելի՞ է ասել, որ շարունակում ենք ազգային միֆերը, ասենք՝ Մասիսը նկարել, բայց արդեն ժամանակակից արվեստի գործիքներով։

– Այո, նկարում ես նորացված Մասիսը, օրինակ՝ նեոնային լույսերով։ Վերցնում ես որեւէ ինքնության նշան (շատ հաճախ վարկաբեկված, «բռնաբարված») ու առանց բովանդակությունը փոխելու՝ դնում ես մի ֆորմայի մեջ, որը ենթադրաբար ցուցադրում է քո կոմպլեմենտարիզմը։ Եվ այդ մոտեցումը լիովին համահունչ է քաղաքական հիմնագծին։

– Վենետիկի բիենալեին Դուք պատրաստվում եք մի նախագիծ ներկայացնել, որի հիմքում սուբյեկտիվությունն է։ Ինչպե՞ս կարող է անհատականն ունիվերսալ դառնալ։

– Յուրաքանչյուր արվեստագետ, յուրաքանչյուր մարդ Հայաստանում գոյատեւելու համար ստիպված է որոշակի ավտոնոմ տնտեսություն մշակել։ Օրինակ, տնտեսելով իր գրպանի փողը՝ սեփական բնակարանում ջեռուցման համակարգ տեղադրել, մթերք գնել՝ մտածելով գումարի, տարածքի, ժամանակի խնայողության մասին։ Բազմաթիվ նմանօրինակ խնդիրներով է ապրում մեր քաղաքացիների 95%-ը։ Այս բոլոր սուբյեկտիվ մեխանիզմները՝ տնտեսման, ավտոնոմ տնօրինման, գոյատեւման հնարավորությունները, լայն կոնտեքստում միակ ռեալն են մեր կյանքում։ Մնացածը ռեալ չեն։ Եվ հենց այդ մեխանիզմներն ու դրանց հետ կապված խնդիրները հայտնվել են արվեստագետների այն գործերում, որոնք մեր համադրողների խումբն է ընտրել։ Կարեւորն այն է, որ այդ եզակի, սուբյեկտիվ մեխանիզմները չեն պարփակվում խնդրի խեղճության մեջ, այլ արվեստի միջոցով կարողանում են ելնել խնդիրներից՝ միաժամանակ մնալով խնդրի դաշտում։ Կարծես ասվում է՝ տես, ես այսպես եմ ապրում, այսպիսի կառավարման մեխանիզմ ունեմ, եթե ուզում ես՝ հաղորդակցվիր ինձ հետ։ Արվեստն այն ուժն է, որը կարող է ունիվերսալացնել անհատական, եզակի, ավտոնոմ միկրոաշխարհը։ Եվ այդ բանաձեւի վրա էլ մենք կառուցել ենք մեր նախագիծը: Ժամանակակից արվեստը բավական բարդ իրավիճակում է հայտնվել՝ փորձելով հակադրվել շուկայական հարաբերությունների ու ֆունդամենտալ (կրոնական) ունիվերսալություններին՝ այն ընկնում է մասնավորի, կոնկրետի ոլորտը, բարձրացնում է ինքնության, մարմնի, սեռի, համայնքի հարցերը։ Արվեստագետները սերտաճած են, ընկղմված են բուն խնդիրների մեջ, բայց միեւնույն ժամանակ՝ չեն կորցնում հավատը, որ կարելի է այդ խնդիրներից դուրս գալու ունիվերսալ լուծում գտնել։

– Այսինքն՝ ստացվում է, որ քո կառուցած միկրոաշխարհը կօգնի ինձ իմը կառուցել։ Եվ մենք միասին մեր երկնագույն մոլորակի վրա նոր մի ցանց կստեղծենք։

– Բոլորս խիստ սահմանափակ իրադրության մեջ ենք ապրում։ Օրինակ, մեր հանրապետությունում նվազագույն աշխատավարձը կազմում է 32 հազար դրամ, եւ բոլորս ընդունում ենք, որ դա աբսուրդ է։ Պետք չէ դա անտեսել ու մի կողմ դնելով սոցիալական խնդիրները՝ փորձել երկնագույն երազային մի աշխարհ սարքել ու ապրել այդ երազի մեջ։ Մյուս կողմից՝ ոչ ոք չի կարող միայն նվնվալ ու ասել՝ մեզանից ոչինչ կախված չէ, քանի որ մենք ընդամենը խաղալիք ենք ոմանց ձեռքերում։ Ճանապարհը միակն է. հարկավոր է խնդիրը տեսնել ու առանց այդ խնդրից դուրս գալու՝ նոր հարթություն տեղափոխվել։ Ժամանակակից արվեստը ուշադրություն է հրավիրում այն մեխանիզմների վրա, որոնք գտնվել են արվեստագետի կողմից եւ որոնք կարող են կոմունիկացիայի դրդել։ Այսինքն՝ միասին ապրելու հնարավորությունն է առաջարկվում։

– Երբ նայում ես պետական հովանու տակ անցկացվող արվեստի միջոցառումների ընտրությանը, համոզվում ես, որ շատ բան սոսկ պրեզենտացիոն բնույթ ունի։ Ցուցահանդես, օպերա, բալետ, հոբելյանական երեկույթներ են կազմակերպվում, մեծ գումարներ են ծախսվում, լայնորեն լուսաբանում են, սակայն մեծ հաշվով՝ դրանք հանրության հետ հաղորդակցվող խողովակներ չեն ստեղծում։

– Արդիանալ՝ մնալով նույնը։ Հենց այդ մասին էի ասում։ Ամեն բան արվում է, որպեսզի մարդը չփոխվի։

– Արդյո՞ք արվեստի ոլորտի պատասխանատուները արվեստի դերը հենց չփոխելու մեջ են տեսնում։

– Ցավոք, այդպես է։ Եվ պրոբլեմը նրանում է, որ շատերն ազնվորեն են կարծում, որ արվեստը չպիտի խնդրահարույց լինի։ Նրանց պատկերացմամբ՝ արվեստը պիտի գեղեցիկ, ճոխ, ներկայացուցչական ու ազգային ինքնությունը պահպանող լինի։ Նաեւ որքան կարող է հեռու մնա ռեալ խնդիրներից։ Նման կոնստրուկտով ուղղորդվելով՝ մենք չենք կարողանում արվեստը ճիշտ ներկայացնել։ Արվեստը տեղական, կոնկրետ խնդիրների հետ կապված լինելով՝ միշտ ձգտում է ունիվերսալության։ Եվ հենց դա է արվեստի առանձնահատկությունը։