Ֆրանսիական Լեւալուա-Պերրեի (Օ-դե-Սեն) քաղաքի քաղաքապետ, պատգամավոր Պատրիկ Բալկանին անհեթեթություն է որակել Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանի կողմից քաղաքի կառավարման հասցեին արված քննադատությունները: Այդ մասին գրել է «Le Figaro» թերթը: Պատրիկ Դեւեջյանը փետրվարի 4-ին հայտարարել էր, թե «Լեւալուա քաղաքը Ֆրանսիայի խոշորագույն պարտապաններից է, եւ տարածաշրջանային հաշվիչ պալատում մարտական պատրաստականությամբ են սպասում»: «Պատրիկ Դեւեջյանի տհաճ կամ գրեթե տհաճ խոսքերը որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում: Ես չեմ ցանկանում վիճել անցյալի մարդու հետ: Ըստ էության, Պատրիկ Դեւեջյանն անհեթեթություն է ասել: Բավական է միայն նայել, թե որքան արդիականացվել է Լեւալուա քաղաքը, երբ մենք այն ընդունեցինք կոմունիստներից: Մենք երբեք որեւէ մեկի հետ վճարների հարցով խնդիրներ չենք ունեցել, Պատրիկ Դեւեջյանի խոսքերը պարզապես անհեթեթություն են»,- ասել է Բալկանին: Նշենք, որ Դեւեջյանի եւ Նիկոլա Սարկոզիի մտերիմները համարվող Բալկանի ամուսինների վեճը հայտնի է բոլորին: Փետրվարի 3-ին Իզաբել Բալկանին, ով գլխավոր խորհրդի փոխնախագահն է, հասկացրել է, թե կարող է Պատրիկ Դեւեջյանին հաղթել մարտին կայանալիք ընտրություններում: