Երգչուհի Արմինե Նահապետյանի այս գարունն աչքի կընկնի «Էն գարնան» ձայնասկավառակի թողարկմամբ: Հատկանշականն այն է, որ ձայնասկավառակը բաղկացած է լինելու ժողովրդական եւ գուսանական երգերից: Թե ինչո՞վ է պայմանավորված երգացանկի նման ընտրությունը, եւ ինչպե՞ս այն կընդունվի հանրության կողմից. այս հարցին Արմինկան պատասխանեց. «Դեռ մանկուց մեր տանը հնչել են ժողովրդական եւ գուսանական երգեր: Բացի այդ, մայրս հրաշալի ձայն ուներ եւ ընտանեկան խնջույքների ժամանակ մեզ համար գուսանական երգեր էր կատարում: Որդուս` Ալեքսի ծնունդով ես հասունացա, զգացի, որ ուրիշ աչքերով եմ նայում աշխարհին: Գուսանական երգերի ձայնագրման մտահղացումն ի հայտ եկավ Ալեքսի լույս աշխարհ գալով: Ինչ վերաբերում է հանրության կարծիքին, ապա ասեմ, որ չգիտեմ, կընդունի՞ արդյոք երիտասարդությունն իմ նոր երգացանկը: Սակայն վստահ եմ, որ հասուն սերունդը կգնահատի իմ աշխատանքը»: Արմինկան նշեց նաեւ, որ ֆինանսական ճգնաժամի հետ որեւէ առնչություն չունի գուսանական երգերի ընտրությունը։ «Չկարծեք, թե չեմ ցանկացել գումարով նոր երգեր պատվիրել ձայնասկավառակիս համար եւ այդ պատճառով էլ ժողովրդական եւ գուսանական երգերից բաղկացած CD-ի եմ ձայնագրել: Եթե նկատել եք, քանակի վրա երբեք չեմ աշխատել: Ձգտել եմ միայն որակով աշխատանք ներկայացնել եւ միշտ մեծ գումարներ եմ ծախսել` որակյալ երգ եւ տեսահոլովակ ստանալու համար»,- նշեց Արմինկան: Մինչ «Էն գարնանի» շնորհանդեսը, տեղի կունենա տեսահոլովակի պրեմիերան: «CD-ում ընդգրկված 7 երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի: Առայժմ ռեժիսորներից մի քանիսի հետ սցենարական էսքիզներ ենք մշակում: Ըստ այդմ էլ կորոշվի տեսահոլովակի ռեժիսորը»,- ասաց Արմինկան: