«Մոսկվայում անցկացվող ամենամյա «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխությունն այս տարի կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ»,- մեզ հետ զրույցում հայտնեց «Տաշիր մեդիա» ընկերության ներկայացուցիչ, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը: Այն տեղի կունենա ապրիլի 3-ին: Հայտնի է, որ «Տաշիր» մրցանակաբաշխության հիմնադիրն ու հովանավորը ռուսաստանյան հայտնի գործարար, «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանն է: «Այս տարի մրցանակաբաշխությունն աչքի կընկնի իր կազմակերպվածությամբ, անակնկալներով եւ հրավիրված մեգա աստղերով: Իրենց ելույթներով հանդես կգան Տոտո Կուտունյոն, Լարա Ֆաբիանը եւ «Ջիփսի քինգս» խումբը: Առաջին անգամ մրցանակաբաշխությանը ելույթ կունենա «Comedy club»-ը: Մեծարվելու են շոու-բիզնեսի, արվեստի, սպորտի եւ այլ բնագավառների լավագույն ներկայացուցիչները»,- ասաց Մ.Սաղաթելյանը: Նաեւ նշեց, որ կազմակերպվելու է «Տարվա հայտնություն» նոմինացիան, որտեղ ընդգրկված երգիչներից միայն երեքը sms քվեարկությամբ կանցնեն հաջորդ փուլ, իսկ հաղթողը կընտրվի հենց մրցանակաբաշխության օրը: Փետրվարի 15-ից մեկնարկող sms քվեարկությանը կարող են մասնակցել ԱՊՀ բոլոր երկրների բնակիչները:
Հատկանշական է, որ «Տաշիրից» 2 շաբաթ անց Մոսկվայում տեղի կունենա մեկ այլ երաժշտական մրցանակաբաշխություն` այս անգամ նախաձեռնված «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխության նախկին կազմակերպիչ «Արմենիա փրոդաքշընի» կողմից: Այն կկրի «Արմենիա» անվանումը եւ տեղի կունենա ապրիլի 16-ին: Այս մասին մեզ հայտնել էր «Արմենիա փրոդաքշըն» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, երգիչ Սամվել Գրիգորյանը: