Հոպարների կողմից

05/02/2011

Երեկ կայացած նիստում ՀՀ արդարադատության նախարարության` Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման հանձնաժողովն ամփոփել է անցած տարվա դեկտեմբերի 27-ին կայացած քննության արդյունքները: Ինչպես նշված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, քննական 30 աշխատանքներից ստուգվել է 17-ը: Նախապես որոշված կարգի համաձայն՝ չեն ստուգվել այն 13 աշխատանքները, որոնցում լուծված չեն եղել առաջադրված 3 եւ ավելի խնդիրներ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ստուգված 17 աշխատանքներից դրական միավոր են ստացել 4-ը: Նախարարությունը, սակայն, չի հրապարակել դրական միավորներ, այսինքն` ըստ էության, նոտարական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած անձանց անունները: Թերեւս այն պատճառով, որ որեւէ «պատահական» մասնակից հաղթող չի ճանաչվել: Լավատեղյակ աղբյուրների համաձայն, դրական միավորներ են ստացել վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր աղջիկը` Տաթեւիկ Սարգսյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր աղջիկը` Դիաննա Բեգլարյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եղբոր աղջիկը` Անուշ Ղուշչյանը, եւ ջավախահայության շրջանում հայտնի, ՀՀ իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մոսկվաբնակ Նորիկ Թեւանյանի հարսը` Սյուզաննա Նազիմյանը: Նշենք, որ մինչեւ որակավորման քննությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը մամուլը գրել էր, որ նշված չորս թեկնածուներն ի սկզբանե որոշված են եղել, եւ Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը չի կարողացել մերժել նրանց ազդեցիկ հորեղբայրների եւ այլ ազգականների միջնորդությունները: