Վախեցնո՞ւմ են

05/02/2011

Երբ վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսեց համալրվել տարբեր մանր կուսակցություններով, քաղաքական դաշտում խոսակցություններ շրջանառվեցին, որ ԲՀԿ-ին են անդամագրվելու նաեւ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու նրա լուծարված «Դաշինք» կուսակցության նախկին անդամները: Լավատեղյակ աղբյուրների համաձայն, իրականում այդ տեղեկությունները շրջանառության մեջ են դրվել իշխանությունների կողմից` որպես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված սպառնալիք: Որոշ տեղեկությունների համաձայն, իշխանությունները նախապես ծրագրել են Ս.Բաբայանին ԲՀԿ «գործուղելու» միջոցով այդ կուսակցությունը բաժանել երկու թեւերի կամ առանցքների` այդպիսով թուլացնելով Գ.Ծառուկյանի ազդեցությունը կուսակցությունում: Նախկին «Դաշինք» կուսակցության անդամ, Ս. Բաբայանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը համարվող Գնել Ղլեչյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե Բաբայանն առայժմ սառեցրել է իր քաղաքական գործունեությունը: