Ինչո՞ւ են հիշել Սամվել Բաբայանին

05/02/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Չնայած շատերին թվում էր, թե Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունից հետո ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ անցած շաբաթ սկիզբ առած հակամարտությունը կավարտվի, սակայն այս կուսակցությունների ներկայացուցիչների հեռակա բանավեճը դեռ շարունակվում է:

Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանն ասել էր, թե «Ռոբերտ Քոչարյանը եթե ցանկանար, կլիներ ՀՀԿ նախագահ կամ պատվավոր նախագահ» արտահայտությամբ ոչ ՀՀԿ-ին, ոչ էլ նախագահ Սերժ Սարգսյանին վիրավորելու ցանկություն չի ունեցել: Այդուհանդերձ, այդ հայտարարությունից հետո էլ, նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը չի հերքել, որ «ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ լարվածություն եւ տարաձայնություններ կան»: Նրա պարզաբանմամբ, դրա պատճառն այն է, որ Գ.Ծառուկյանն ու ԲՀԿ-ն առայժմ չեն հստակեցրել` արդյոք առաջիկա նախագահական ընտրություններում սատարելո՞ւ են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ հանդես են գալու սեփական թեկնածուով: Զոհրաբյանը նաեւ ավելացրել է, թե ՀՀԿ-ն, անշուշտ, կուզենար, որ ԲՀԿ-ն սատարեր Ս.Սարգսյանին ու այդ մասին հայտարարեր, այնպես, ինչպես դա արեց կոալիցիոն մյուս` «Օրինաց Երկիր» կուսակցությունը: Սա, ըստ էության, արդեն շատ կոնկրետ պահանջ է, որին պետք է պատասխան տրվի առաջիկայում: Երեկվանից Սերժ Սարգսյանը գտնվում է Մյունհենում, որտեղ մասնակցում է անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային 47-րդ համաժողովին: Նա Հայաստան կվերադառնա փետրվարի 6-ին, ու բացառված չէ, որ հաջորդ շաբաթ տարբեր ՀՀԿ-ականների կողմից հնչող պահանջները կրկին շրջանառության մեջ դրվեն: Հատկապես, երբ հաջորդ շաբաթվանից սկսվում է Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի պահանջներն ու պայմանները մեր թերթին տված հարցազրույցում, առանց անուններ տալու, սակայն որոշակիորեն արտահայտեց նաեւ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: «Խնդիրն այն է, որ երբ այդ գործընկերոջը դու ես հրավիրել գործընկերային հարաբերությունների, եւ նա հստակ ասում է իր դիրքորոշումները, մնացածն արդեն քո լուծելու խնդիրն է դառնում: Նրա առաջարկները կամ դիրքորոշումները տեղավորվո՞ւմ են գործընկերային քո պատկերացումների մեջ: Եթե այո` շատ ավելի լավ, այն պետք է շարունակվի, եթե ոչ՝ ապա այդ հարցում էլ պետք է հստակեցում լինի»,- ասել էր Ս.Նիկոյանը:

Ըստ էության, Ս.Նիկոյանը ԲՀԿ-ին հիշեցրել էր, որ 2007-ին ՀՀԿ-ն թեեւ կարող էր ինքնուրույն կառավարություն ձեւավորել, սակայն ԲՀԿ-ին հրավիրել է կոալիցիա կազմել եւ իր հետ միասին կիսել իշխանությունը: Ու հիմա, երբ այդ կոալիցիոն գործընկերը հայտարարում է արդեն հաջորդ խորհրդարանական ընտրություններում 50+1 տոկոս ձայներ հավաքելու կամ ակնարկում է նախագահի սեփական թեկնածու ունենալու մասին, ՀՀԿ-ն էլ ցանկանում է հստակեցնել դիրքորոշումը` իր տեղը գրավելու հավակնություններ ունեցող կոալիցիոն գործընկերոջ նկատմամբ: Այնպես որ, բացառված չէ, որ հերթական անգամ ՀՀԿ-ն կոալիցիայից դուրս գալու կամ նախագահի թեկնածուի անունը տալու պահանջ ներկայացնի ԲՀԿ-ին: 2011-ի սկսվելուն պես իրադարձություններն այնպես զարգացան, որ անցած տարեվերջին այս երկու կուսակցությունների ձեռք բերած ժամանակավոր թայմաուտը երկար չտեւեց: Մեր տեղեկություններով, այնուամենայնիվ, Ս.Սարգսյանը մտադիր է ԲՀԿ-ից պահանջել մոտ ապագայում ճշտել դիրքորոշումը եւ տալ եւս մեկ հնարավորություն՝ առաջիկայում հայտարարելու, թե 2013-ին, այնուամենայնիվ, ում թեկնածությունն են պաշտպանելու: 2012-ին էլ կայանալու են խորհրդարանական ընտրություններ, եւ մինչ այդ պետք է ոչ միայն յուրայինների ու հակառակորդների, այլ նաեւ «հաճախորդների» ցանկը հստակեցվի: Երեկ փորձեցինք ԲՀԿ-ից ճշտել, թե ինչպես են մեկնաբանում իրենց կոալիցիոն գործընկերների դեռեւս ոչ ուղղակի պահանջները: ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավորները խուսափում են այս թեմային առնչվող զրույցներից: Միայն Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը համաձայնեց այս թեմայի շուրջ կարծիք հայտնել, սակայն սահմանափակվեց միայն հիշեցնելով ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Գ.Ծառուկյանի հայտարարությունը, թե «որեւէ խնդիր չկա, եւ իրենք շարունակում են իրենց կոալիցիոն պարտականությունները»:

Ի դեպ, վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու նրա` արդեն լուծարված «Դաշինք» կուսակցության որոշ անդամներ նույնպես անդամակցեն ԲՀԿ-ին: Այս տեղեկությունները կարծես մի քանի օր դրվեցին շրջանառության մեջ, սակայն այդ թեմայով խոսակցությունները դադարեցրին: Ինքը` Գ.Ծառուկյանը, ՀԵԿ համագումարի ժամանակ փորձեց այս թեման փակել` հայտարարելով, թե մամուլը սխալվում է եւ Սամվել Բաբայանին Վահան Բաբայանի տեղն է դնում: «Պարոն Բաբայանն իր «Դաշինք» կուսակցությունը վաղուց փակել է, սառեցրել: Եվ իր կուսակցության անդամներն այսօր տարբեր կուսակցություններում են: Ս.Բաբայանն այսօր զբաղվում է բիզնեսի գործերով»,- ասել էր Գ.Ծառուկյանը:

Սամվել Բաբայանը խուսափում է մեկնաբանել իր մասին շրջանառվող տեղեկությունները: Թեեւ Գ.Ծառուկյանի` վերը նշված պատասխանից դժվար չէ ենթադրել, որ նրա համար այնքան էլ ցանկալի չէ ԲՀԿ-ին Ս.Բաբայանի անդամակցության հեռանկարը: Այդ մասին են վկայում նաեւ այն տեղեկությունները, որ իրականում այդ Ս. Բաբայանի` ԲՀԿ-ին անդամագրվելու հնարավորության մասին լուրերը շրջանառության մեջ են դրվել իշխանությունների կողմից` որպես Գագիկ Ծառուկյանին ուղղված սպառնալիք: Ըստ մեր աղբյուրների, իշխանությունները նախապես ծրագրել են Ս.Բաբայանին ԲՀԿ «գործուղելու» միջոցով այդ կուսակցությունը բաժանել երկու թեւերի կամ առանցքների` այդպիսով թուլացնելով Գ.Ծառուկյանի ազդեցությունը կուսակցությունում: Այս սցենարի հեղինակների հաշվարկով, Ս.Բաբայանը ԲՀԿ-ում կարող է նվազեցնել Գ.Ծառուկյանի ազդեցությունը, ուստի անհրաժեշտության դեպքում հնարավոր է նրա միջոցով թուլացնել ԲՀԿ-ն: Ընտրություններից առաջ Ս.Բաբայանի միջոցով ԲՀԿ-ին իշխանությունները կարող էին (կամ դեռ կարող են) նաեւ ընդդիմադիր ուժի կեցվածք հաղորդել: Ս.Բաբայանն այդ առումով որոշակիորեն հարմար գործիչ է. ԼՂ նախկին հրամանատարը երբեմն քննադատում է գործող իշխանություններին: Իսկ նրան կառավարելը հեշտ է, քանի որ բանտից ազատվելուց հետո Ս. Բաբայանը Հայաստանում բավական եկամտաբեր բիզնես ունի: