Մինչ աշխարհի բազմաթիվ երկրներ տարհանում են Եգիպտոսում գտնվող իրենց քաղաքացիներին, ՀՀ իշխանությունները սահմանափակվում են ընդամենը զգուշավորության կոչեր անելով: Երեկ էլ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հորդորել է օգտվել կանոնավոր չվերթերից, քանի որ Կահիրեի օդանավակայանը արդեն սովորական ռեժիմով աշխատում է: Ներկայումս Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ եւ Հուրգադա հանգստավայրերում են գտնվում ՀՀ 164 քաղաքացիներ (նրանք ՀՀ կվերադառնան այսօր երեկոյան չարտերային չվերթով, Եգիպտոս մեկնող «Թեզ տուր» գործակալության օդանավով), եւս 65 ՀՀ քաղաքացի, որոնց մի մասը երկքաղաքացիություն ունեցող անձինք են, հաշվառվել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում: Իսկ նախօրեին 1 հայ ընտանիք ժամանել է Երեւան: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, եւս շուրջ 40 հայ ՀՀ վերադառնալու ցանկություն է հայտնել եւ ցուցակագրվել Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում, բայց քանի որ հայերին Եգիպտոսից տարհանելու որոշում չկա, դեսպանությունը ցանկացողներին խորհուրդ է տվել վերադառնալ սեփական միջոցներով: «Հայերը ցույցերից հեռու են, եւ իրենց տներում դեռեւս ապահով են»,- երեկ երեկոյան մեր թղթակցի հետ զրույցում ասել է Կահիրեի հայազգի բնակիչ Արաքսի Թումայանցը: Ըստ նրա, կողոպտվել են հայկական մի շարք խանութներ, որոշ վայրերում էլ արդեն սննդամթերքի պակաս է նկատվում: Երեկոյան ժամերին հայ տղամարդիկ եւ երիտասարդ տղաները դուրս են գալիս փողոց՝ պաշտպանելով իրենց տները կողոպտիչներից: Հայերից շատերն արդեն հեռացել են երկրից. ոմանք եկել են Հայաստան, ոմանք էլ մեկնել են ԱՄՆ: Ա. Թումայանցը նշել է նաեւ, որ Կահիրեի հայերի մեծ մասը բնակվում է քաղաքի Թահրիր հրապարակից 9 կմ հեռավորության վրա գտնվող թաղամասում: Այստեղ է գտնվում Եգիպտոսի հայկական 2 վարժարաններից մեկը, իսկ մյուսը՝ Գալստյան վարժարանը, Թահրիր հրապարակի մոտ է: «Այն, ինչ կատարվում է այս օրերին, տեղի է ունենում Գալստյան վարժարանի դիմաց»,- ասել է Ա. Թումայանցը: Հիշեցնենք, որ Եգիպտոսում 8000-8500-անոց հայ համայնք կա: Կահիրեի մեկ այլ բնակիչ՝ Հարություն Պալյանը, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ դրությունը համեմատաբար ավելի խաղաղ է, քան բախումների առաջին օրերին: Իսկ Կահիրեի ամերիկյան համալսարանի դասախոս Անժելա Հարությունյանի փոխանցմամբ էլ, հայերին առայժմ որեւէ վտանգ չի սպառնում: Մաադի կոչվող թաղամասը, որտեղ հայերը մեծ թիվ են կազմում, այս օրերին գտնվում է երկրի զինված ուժերի հսկողության տակ՝ շրջապատված լինելով հրասայլերով: Երեկ ժամը 19:00-ի դրությամբ եգիպտական լրատվամիջոցների տվյալներով՝ Կահիրեում բախումների հետեւանքով վիրավորվել է 4-5000 մարդ, 60-70 մարդ զոհվել է: Նշենք, որ Եգիպտոսի ընդդիմությունը փետրվարի 4-ը հայտարարել է որպես «Մուբարաքի վերջին օր»: