Վերջին օրերին հաստատվեցին Սյունիքի մարզի Սիսիանի Մուցք կամ Բարձրավան գյուղում խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածման մասին կասկածները: Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ Սյունիքի մարզում խոզերի աֆրիկյան ժանտախտ հայտնաբերվել է միայն մեկ գյուղում: Հարցին, թե հիվանդության հետագա վտանգները կանխելու համար ի՞նչ միջոցառումներ են իրականացվում, Է. Թոխսանցը պատասխանեց. «Ոչ պատվաստման, ոչ կանխարգելիչ, ոչ բուժիչ, ոչ մի նման միջոց գոյություն չունի: Պայքարի միայն մեկ միջոց կա՝ խոզերը փակի տակ պահել, հաճախակի ախտահանել, շարժը կասեցնել, մեկը մյուսի տուն չգնալ: Էդ բոլորն էլ անում ենք»: Ի դեպ, հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հավերի շրջանում հիվանդությունը տարածում էր գտել Շաղատ, Նորավան, Դարբաս, Մուցք, Վաղատին գյուղերում: Այդ ամիսներին Շաղատում ոչնչացվել էր շուրջ 3000, Վաղատինում՝ դեկտեմբեր ամսին՝ 618, Մուցքում՝ 2800 հավ: