Ջրաչափերը` մոնոպոլացման գործիք

05/02/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս շաբաթվա սկզբին Կառավարությունում 20 ձկնաբուծական տնտեսություն վարողների հետ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել էր Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային, ինքնաշատրվանող հորերից ջրային ռեսուրսների հաշվառման, արդյունավետ կառավարման եւ պահպանության մասին: Դրանից առաջ՝ այս տարվա հունվարի 21-ի Կառավարության նիստում Տ. Սարգսյանը հայտարարել էր, թե ձկների արտահանումը կարելի է ավելացնել, եթե մշակվեն հիգիենայի կանոններ: Ավելին՝ Կառավարության կողմից նույնիսկ որոշ պահանջներ հաստատվեցին, օրինակ, ձուկն արտահանելուց առաջ պետք է լվացվի խմելու կամ մաքուր ջրով: Այդ պահանջները, սակայն, ՀՀ առողջապահության նախարարությունում չընդունվեցին: Մերժելու պատճառն էլ այն էր, որ տառացիորեն կրկնվում էր Եվրոպական պառլամենտի եւ Եվրոպական խորհրդի 2004թ. ապրիլին ընդունած կանոնակարգը: Սակայն Տ. Սարգսյանի մտահոգությունը երկրի ջրային ռեսուրսների պահպանությամբ «անսասան» է. նա ձկնաբույծներին առաջարկել-հորդորել-պարտադրել է ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափեր տեղադրել: Դա, բնականաբար, առաջացրել է այս ոլորտում գործող գործարարների դժգոհությունը: «Չգիտես ինչու, մեզ պարտադրում են մեծ ջրաչափեր տեղադրել խողովակի ամբողջ տրամագծով»,- մեզ հետ զրույցում նշեց ձկնաբուծական տնտեսություն վարող գործարար Արկադի Գեւորգյանը: Ըստ վերջինիս՝ ջրաչափերի տեղադրումը տեխնիկապես շատ բարդ է: «Մենք պետք է տնտեսությունը ջրազրկենք, հետո տեղադրենք, կամ էլ պետք է ամբողջ ձուկը վաճառենք, իսկ եթե ջրազրկենք, նշանակում է՝ ձկները կսատկեն: Երկրորդ խնդիրն էլ այն է, որ միացնելուց հետո ջրի ծավալները հաստատ պակասելու են: Իսկ մեր տնտեսությունները հաշվարկված են որոշակի ծավալների համար, հիմա եթե այդ ծավալները պակասեն, հետագայում խնդիրներ կունենանք, մեր հզորությունները կպակասեն: Երրորդ խնդիրն այն է, որ եթե ջրաչափն անմիջապես տեղադրվի խողովակի վրա, ապա ընդերքից եկող ավազն ու քարը կվնասի, կփչանա, եւ մենք նույն խնդիրը կունենանք կապված ջրազրկման հետ, էլ չեմ ասում, որ պիտի նորից ծախսեր անենք, որպեսզի այդ փոփոխությունները կատարենք»,- նշում է ձկնաբուծական տնտեսության ղեկավարը: Վերջինիս փոխանցմամբ՝ ջրաչափի միջին գինը սկսում է 1000 եվրոյից (խոսքը 200մմ տրամագիծ ունեցող ջրաչափի մասին է): Հարցին, թե որպես տնտեսվարող՝ իր համար թա՞նկ է գումարի այդ չափը, Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Ինձ համար թանկ է, ես 18 ջրաչափ պետք է տեղադրեմ: Իսկ 18.000 եվրոն քի՞չ գումար է»: Մեր աղբյուրների համաձայն՝ «Արազեն» ընկերության գլխավոր տնօրեն Արա Սանթրոսյանին է հանձնարարված, այսպես ասած՝ «զբաղվել» ձկնաբույծներին ջրաչափեր տրամադրելու գործով: Երբ հետաքրքրվեցինք ջրաչափերի գներով, Ա. Սանթրոսյանը, չգիտես ինչու, ներկայացրեց իտալական արտադրության ջրաչափերը: Սա՝ այն դեպքում, երբ նրա ընկերությունը համագործակցում է գերմանացիների հետ: Ըստ նրա՝ 200մմ տրամագծով ջրաչափը (մեխանիկական, նախատեսված ոռոգման ջրի համար) արժե 350.000դր, 50մմ-անոցը՝ 115.000դրամ: Ինչեւէ, Ա. Սանթրոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց նաեւ, որ վարչապետի կողմից առաջարկվող ջրաչափի տրամաչափը 200մմ-անոց է, եւ իր ղեկավարած ընկերությունը պարզապես զբաղվում է ջրաչափերի առք ու վաճառքով: Ի դեպ, հիշեցնենք, որ ի պատասխան ձկնաբույծների մտավախություններին, թե ջրաչափերի տեղադրումը ենթադրում է ռիսկայնություն, վարչապետը հրապարակայնորեն խոստացավ ջրաչափի փորձնական տեղադրում կատարել: Հենց այդ նպատակով էլ երեկ շատ ձկնաբույծներ հավաքվել էին Արարատի մարզի Սիփանիկ գյուղում: Ջրաչափերի տեղադրման, երկրի ջրային ռեսուրսների պահպանության մասին զրուցեցինք նաեւ հիդրոտեխնիկ-ինժեներների հետ: Հիդրոտեխնիկ-ինժեներ Ալբերտ Մարգարյանն առաջարկեց ջրաչափը տեղադրել ոչ թե ձկնաբուծարանը սնուցող, այլ ավելի փոքր տրամագծով խողովակի վրա, որի տրամաչափը կլինի 50մմ: Ըստ մասնագետի, այդ դեպքում 2 կարգով կնվազեն ծախսերը: Իսկ «սնուցող» խողովակի վրա ջրաչափ տեղադրելով՝ պակասում է ջրի թողունակությունը, ինչի հետեւանքով ձկների մոտ թթվածնային քաղց կարող է առաջանալ: «Հորերը պետք է ունենան իրենց անձնագրերը, որ այս հորից այսքան քանակությամբ ջուր չի կարելի վերցնել: Տարվա ընթացքում հորերի թողունակությունը պակասում է: Այդ հարցը պետք է մասնագետների ուշադրության կենտրոնում լինի»,- նշեց նա:

Հայաստանում ձկնաբուծությամբ զբաղվող գործարարներից շատերը մտավախություն ունեն, որ այս նախաձեռնության իրական նպատակը բոլորովին այլ է: Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն՝ օլիգարխներից մի քանիսը ռուսական ընկերությունների հետ ձուկ արտահանելու խոշոր պայմանագրեր են կնքել, եւ Տ. Սարգսյանի սույն նախաձեռնության նպատակն այս ոլորտը եւս մենաշնորհային դարձնելն է: