Վերջին շրջանում հասարակական լայն քննարկման առարկա է դարձել անձնագրերի փոփոխության հարցը, ըստ որի՝ սոցիալական խնդիրներ ունեցող երկրի համար դա «ավելորդ», «անհարկի» փոփոխություն է: Այս տարվա սեպտեմբերի 1-ից կիրառության մեջ կդրվեն նոր անձնագրերը, որոնք շատերի համար դեռեւս անհասկանալի են իրենց ձեւակերպումներով ու գործառույթներով: Այս համատեքստում էլ զրուցեցինք ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանի հետ:
– Սեպտեմբերից ներդրվող այդ նոր անձնագրերի մասին ասում են նաեւ՝ բազմաֆունկցիոնալ անձնագրեր: Ի՞նչ է դա նշանակում:
– Խոսքը ոչ թե բազմաֆունկցիոնալ անձնագրի, այլ նույնականացման քարտի, կենսաչափական տվյալներով ID քարտի մասին է: Կենսաչափական տվյալներով անձնագիրը պարունակելու է քաղաքացու անկետային տվյալները՝ անուն-ազգանուն, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վայր, լուսանկար, ինչպես նաեւ՝ 2 ցուցամատերի մատնահետքերը: Ներքին օգտագործման նույնականացման քարտը կրկին պարունակելու է քաղաքացու անկետային տվյալները, սակայն մատնահետքերի փոխարեն՝ կլինի քաղաքացու էլեկտրոնային ստորագրությունը: Ընդ որում՝ էլեկտրոնային ստորագրությամբ գործառույթներ կարող են իրականացնել էլեկտրոնային տիրույթում, ինչպես, օրինակ, հարկային մարմիններին ուղղված հաշվետվություն եւ այլ գործառույթներ: Հետագայում հնարավոր է` Կառավարության որոշմամբ նույնականացման քարտն ընդլայնի իր գործառույթները՝ պարունակելով վարորդական իրավունքի, առողջապահական ոլորտի մասին տեղեկատվություն եւ այլն: Տվյալ պարագայում բազմաֆունկցիոնալ է նույնականացման քարտը:
– Այսինքն՝ քաղաքացին՝ բացի անձնագրից, նաեւ նույնականացման քա՞րտ է ունենալու:
– Քաղաքացին ունենալու է Հայաստանի տարածքում ներքին օգտագործման համար նույնականացման քարտ, որը լինում է չիպով, իսկ արտերկիր մեկնելու համար ունենալու է կենսաչափական տվյալներով անձնագիր: Դա նույն անձնագիրն է, պարզապես այն չիպում ունենալու է քաղաքացու կենսաչափական տվյալները, լուսանկարը եւ 2 ցուցամատերի մատնահետքերը:
– Փաստորեն, ՀՀ քաղաքացին ստանալու է, առանձին, այսպես ասած՝ տուրիստակա՞ն անձնագիր:
– Նման ձեւակերպումը տեղին չէ: Ինչպես արդեն նշեցի, ՀՀ տարածքում ներքին օգտագործման համար կիրառվելու է նույնականացման քարտ, իսկ արտերկիր մեկնելու համար՝ անձնագիր:
– Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ այդ փոփոխությունների նպատակը կամ անձը հաստատող 2 փաստաթղթերի «անհրաժեշտությունը»:
– Նպատակը երկրում անվտանգության ապահովումն է, անձնագրի պաշտպանվածության բարձրացումը, փաստաթղթի եւ քաղաքացու նույնականացման հեշտացումը, ինչպես նաեւ՝ մեծանում է «անցանկալի» մարդկանց հայտնաբերման հավանականությունը: Դա նաեւ ՄԱԿ-ի եւ Եվրամիության պահանջն է:
– Իսկ դրա համար ՀՀ Ոստիկանությունը դրամաշնորհ ստացե՞լ է:
– Ոչ:
– ՀՀ քաղաքացին որքա՞ն գումար պետք է վճարի իր ինքնությունը վկայող փաստաթղթերի համար:
– ՀՀ Տուրքի մասին օրենքով գումարի չափը դեռ որոշված չէ, բայց նախատեսվում է, որ նույնականացման քարտը, որ պարտադիր է 16-ից բարձր տարիքի ՀՀ քաղաքացիների համար, կունենա բազային տուրքի չափը, այսինքն՝ 1000 դրամ: Անձնագրի գումարի չափը դեռ որոշված չէ, սակայն անձնագրի ինքնարժեքից կախված՝ կլինի ավելի թանկ:
– Խոսակցություններ կան, որ նոր անձնագիրը կարժենա մոտ 60 եվրո:
– Անձնագրի համար նախատեսվող պետական տուրքի չափը հնարավոր կլինի նախատեսել անձնագրի բլանկի ինքնարժեքը եւ ձեւակերպման ծախսերը պարզելուց հետո:
– Իսկ այլ երկրների մուտքի արտոնագրերը նո՞ւյնպես դրվելու են նույն անձնագրում:
– Արտերկիր մուտք գործելու արտոնագրերը եւս փակցվում են այդ անձնագրում: Այդ անձնագիրը տրվում է 5 տարի ժամկետով: Ուղղակի այս անձնագրերն ավելի ապահով ու պաշտպանված կլինեն, ինչի շնորհիվ հնարավոր է՝ միջպետական պայմանագրերով ավելանա այն երկրների ցանկը, ուր ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել առանց մուտքի արտոնագրի: Ինչպես այսօր Հայաստանը ԱՊՀ երկրներ, բացառությամբ Թուրքմենստանի, մուտք է գործում առանց մուտքի արտոնագրի:
– Ստացվում է, որ դա նույն անձնագիրն է, ուղղակի այս նորն առավել թանկ հաճույք է:
– Ոչ: Կենսաչափական կողմնորոշիչներով անձնագրերը առավել պաշտպանված են կեղծումներից, ամրապնդում են կենսաչափական տվյալներ կրող անձի եւ նրա վերաբերյալ փաստաթղթային տվյալների համապատասխանության աստիճանը, հնարավորություն են տալիս պարզեցնելու եւ ավտոմատացնելու անձի նույնականացման գործընթացը: Եթե քաղաքացին հնարավորություն ունի գնալ արտերկիր, ուրեմն՝ նա նաեւ հնարավորություն կունենա այդ անձնագիրը ձեռք բերել: Ներկայումս բոլոր անձնագրերը մինչեւ իրենց վավերականության ժամկետն ուժի մեջ են: Այսինքն՝ եթե քաղաքացին 2010թ. ստացել է անձնագիր, ապա նա կարող է մինչ 2020թ. չփոխել այն: Նոր համակարգ ներդնելուց հետո ՀՀ ցանկացած քաղաքացի ցանկացած պահի կարող է փոխել անձնագիրը՝ ստանալով նույնականացման քարտ եւ կենսաչափական տվյալներով անձնագիր: Նույնականացման քարտը նախատեսված է՝ 10, անձնագիրը՝ 5 տարի ժամկետով:
– Իսկ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի ներդրման աշխատանքների ձեռքբերման համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած 8 միջազգային կազմակերպություններից ո՞ր կազմակերպությունն ընտրվեց եւ ի՞նչ հիմունքներով:
– Մրցույթը հայտարարվել էր 2 ձեւաչափով: Առաջին ձեւաչափով նախատեսված էր, որ գումարն անմիջապես ստանալու են համակարգը ներդնելուց, փորձարկելուց հետո: Երկրորդ ձեւաչափի դեպքում վճարումը կատարվում է տարաժամկետ տեւողությամբ՝ 5 եւ ավելի տարիների ընթացքում: 1-ին ձեւաչափով մրցույթը շահել է լեհական PWPW (Polska Wytwornia papierov Wartosciowych) կազմակերպությունը, իսկ 2-րդ ձեւաչափով շահել է ֆրանսիական Oberthur կազմակերպությունը:
– Ըստ որոշ քաղաքագետների՝ անձնագրերի փոփոխությունը պայմանավորված է զուտ քաղաքական շարժառիթներով, ավելի հստակ՝ նախագահական ընտրություններին ընդառաջ:
– Եկեք անձնագրերի փոփոխությունը չկապենք ընտրությունների հետ: Նախ նշեցի կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող նույնականացման քարտերի եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման նպատակները: Այն է.
1. ամրապնդվում է կոնկրետ կենսաչափական տվյալները կրող անձի եւ նրա վերաբերյալ փաստաթղթային տվյալների համապատասխանության աստիճանը,
2. նվազեցնում է անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը,
3. հնարավորություն է տրվում պարզեցնել եւ ավտոմատացնել անձի նույնականացման գործընթացը,
4. մեծանում է «անցանկալի» անձանց հայտնաբերման հավանականությունը:
Միաժամանակ կարող եմ նշել, որ համապետական ընտրությունների` ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի եւ Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրացուցակների հետ կապված խնդիրներ չեն եղել: ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ իրենց ընտրական իրավունքը վերականգնելու համար դատարան է դիմել 25 քաղաքացի, իսկ Երեւան քաղաքի ավագանու ընտրացուցակներում ընդգրկված է եղել 774 հազարից ավելի քաղաքացի, եւ ընտրական իրավունքը վերականգնելու համար դատարան դիմող չի եղել:
Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը ներկայացրել էր 2545 քաղաքացիների տվյալներ, ովքեր իրենց ցուցակներում սխալ էին ընդգրկված: Համապատասխան ստուգումներից պարզ դարձավ, որ ընտրացուցակներում անճշտություններ չկան: Տվյալ դեպքում անձնագրերի փոխոխությունը պետք չէ կապել քաղաքական երեւույթների հետ: Դա այսօրվա արդիական պահանջն է, որպեսզի քաղաքացին լինի ավելի պաշտպանված: