59-ամյա Հեղինեն մարմինը թափահարելով՝ գլխի ուժեղ հարվածներով, իրեն ծեփում է անկողնուն: Մոտ 5 րոպե նույն տեսարանն է, գլխով հարվածում է մահճակալին: Մարմնի ծանրությունից մահճակալը դմբդմբում է: Աչքերի բիբերը չեն երեւում: Բոլորս շվարած քարացել ենք այդ տեսարանից, մինչեւ անգամ 6-ամյա Մարիամն ու 3-ամյա Գագիկը, ովքեր, թեեւ ամեն օր ականատես են լինում այս իրավիճակին, բայց միեւնույն է` ամեն օր նորովի սթրես են տանում: Թերեւս դա է պատճառը, որ Գագիկը մինչ օրս չի կարողանում խոսել: Մոտենում է Հեղինեի աղջիկը` Պայծառը, ով ամբողջ ուժով ընկնում է մոր վրա ու ձեռքերով նրա գլուխը սեղմում է բարձին: Հեղինեն անօգնական հեւալով՝ վայրկյաններ անց «փալասի» պես անուժ անշարժանում է… Ապշած հարցնում եմ` «Ի՞նչ կատարվեց»: Պայծառը տեսնելով ապշահար հայացքս` ասում է. «Մի՛ վախեցեք, բան չկա, ներվային սպազմ ա: Համարյա ամեն օր լինում ա: Հենց նեղվում, լաց ա լինում, էսպես գլուխը սկսում ա թափահարել, խփել բարձին, ու մի քիչ հետո հանգստանում ա»: Գագիկի այլայլված հայացքն անբացատրելի է: Հարցնում եմ` «Ինչո՞ւ ես էդքան ջղային»: Անձայն հեռանում է հյուրասենյակից: 40-ամյա Պայծառն իր ուսերի վրա է կրում ողջ ընտանիքի հոգսը: Անցյալ տարի Հեղինեի ոտքի թրոմբը պայթել է, սակայն շաքարային դիաբետ հիվանդության պատճառով մասնագետները ոտքը հեռացնելու կամ բուժելու հնարավորություն չեն տեսնում: Հեղինեի ոտքն արդեն բառացիորեն` որդնել է, բաց վերքի մեջ միջատներ են շարժվում. «Ամառը սոսկալի ա, որդերը ոտքից դուրս են գալիս, ու չգիտեմ ինչ անեմ, երեխեքիս համար էլ ա վտանգավոր: Հազար ու մի կտորներով պինդ կապել եմ, որ գոնե դրանք չտարածվեն տան մեջ: Ամեն օր մշակում, ախտահանում եմ, բայց սա սարսափելի, աննկարագրելի ու անմարդկային բան ա: Չեմ ցանկանա, որ ձեր աչքով տեսնեք»,- ասում է Հեղինեն, ով ամեն անգամ մոր ոտքի բաց վերքը մաքրելիս ուժասպառ է լինում ու երկար ժամանակ «ուշքի» չի գալիս: Պայծառն ասում է` «Բժիշկներն ասում են` երկարատեւ բուժում ա պետք, իսկ հիվանդանոցում երկար պառկեցնել չեմ կարող, հավատացե՛ք, որ ուժերիցս վեր ա: Պետպատվերով բուժման համար մենակ իրենք թողնում են, որ պառկի, բայց դեղորայքը լրիվ, ասում են` ինքդ առ բեր: Երկու փոքր երեխաներս էլ իմ խնամքին են: Ախր դուք չեք պատկերացնի իմ վիճակը»: Պայծառը հիվանդ մոր եւ 2 անչափահաս երեխաների հետ ապրում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու 78/16 բնակարանում, որը 20.000 դրամով է վարձակալել: Մոր բուժման համար տարիներ առաջ վաճառել է բնակարանն ու հայտնվել անօթեւան կարգավիճակում: «Ամուսինս մեզ լքել-հեռացել ա, ռուսաստաններում կորած ա, չգիտեմ էլ` որտե՞ղ, տեղեկություն չունեմ»,- ասում է նա: Ընտանիքը գոյատեւում է 25.000 դրամ ընտանեկան նպաստով եւ ցմահ, 1-ին կարգի հաշմանդամ Հեղինեի 16.200 դրամ հաշմանդամության թոշակով: Վերջին անգամ Պայծառը մորը ծանր վիճակում մայիս ամսին է տեղափոխել Աշտարակի հիվանդանոց: Ասում է` պետպատվերով բուժման ենթակա այս կնոջն անգամ չեն ցանկացել ընդունել. «Կռվով, վիճաբանությունով եմ ընդունել. շաքարի բաժնից ասում են` «թրոմբ ունի, չենք կարա ընդունենք, ուրիշ բաժին տար»: Թրոմբի բաժին եմ տանում, ասում են` «էպիլեպսիա ունի` ուրիշ բաժին տար»: Էս վիճակում էս կնոջն էնքան քարշ տվեցին, մի ահավոր վերաբերմունք… Գիտեն, որ անփող պիտի բուժեն, դրա համար էլ` բոլորն իրար վրա են գցում: Աշտարակի հիվանդանոցն ասում ա` տար Երեւան, իսկ Երեւանից ուղարկում են էստեղ: Ստիպված` էս ծանր հիվանդին հետ եմ բերում տուն»: Պայծառը վստահեցնում է, որ անվճար տրամադրում են միայն շաքարային դիաբետի մեկ անուն դեղամիջոցը, մինչդեռ էպիլեպսիայով հիվանդների համար նախատեսված անվճար դեղորայքն Աշտարակում գոյություն չունի: Հեղինեն տարիների ընթացքում հիվանդությունների մի ողջ փունջ է ձեռք բերել, բայց ամենասարսափելին գլխի ու ոտքի ցավերին դիմանալն է: Հարցնում եմ` «կարո՞ղ եք խոսել»: Գլխով հավանության նշան է տալիս. «Ցավազրկող տվեք ինձ, աղջիկ ջան, մեռնում եմ էս ցավից, աղաչում եմ` ինձ մի հատիկ ցավազրկող տվեք, էլ չեմ դիմանում էս ցավերին»: Երեխայի պես բարձրաձայն սնգրտալով հեկեկում է, ու բոլորս տագնապի մեջ ենք, որ հանկարծ նորից ներվային սպազմից Հեղինեն չսկսի գլուխը հարվածել այս ու այն կողմ: «Չգիտեմ՝ արեւն ինչ բան ա: Արեւ եմ ուզում, արեւ… Տասը տարուց ավելի արեւ չեմ տեսել, շատ եմ կարոտել արեւին: 10 տարի ա` էս տեղում նստած եմ, էլ չեմ կարում տեսնեմ, թե ոնց են ոտքիս մեջ բլոճները վխտում: Օգնի՛ ինձ, խնդրում եմ` աղջիկ, օգնի ինձ»: Հեղինեի անօգնական վիճակն ինձ սպանում է: Պայծառն ինքն իրեն չի կարողանում ներել, որովհետեւ ժամանակ առ ժամանակ երեխաներին չի կերակրում, որ մոր համար ցավազրկող դեղորայք գնի: Ժամանակ առ ժամանակ էլ մայրը ցավերից գալարվում է, որովհետեւ ունեցած գումարով Պայծառը երեխաների օրվա կերակուրն է հայթայթում: Ասում է` «Դուք իմ հոգեվիճակը չեք պատկերացնի: Ամսական մոտ 150 դոլարի դեղորայք ա պետք` թե ոտքը մշակելու համար, թե ցավազրկող: Անելանելի վիճակ ա, 20.000 էլ տան վարձ եմ տալիս: Հարեւաններս շատ լավ մարդիկ են, ամեն օր մեկը մի ափսե տաք ճաշ, մի կտոր հաց ա բերում… նույնիսկ ամաչում եմ, մենք էսպես չենք ապրել»: Նման աննկարագրելի ծանր հիվանդին տան պայմաններում խնամելը նույնիսկ վտանգավոր է մանկահասակ երեխաների համար: Պայծառը հարեւանների օգնությամբ է կարողանում տեղաշարժել մորը։ «Մի անգամ ընկավ, չկարողացա ծանրությունը պահել»,- ասում է նա:
Պայծառը հասկանում է, որ սայլակի օգնությամբ կարող է մոր ու արեւի հանդիպումը կազմակերպել, բայց նաեւ հասկանում է, որ իմաստ չունի որեւէ պետական կառույցի խնդրել սայլակ տրամադրելու հարցով: Պայծառն այնքան վիրավորված է բուժաշխատողներից, որ անիմաստ է համարում նրանցից որեւէ բան խնդրելը. «Մի անգամ տարա, կանգնեցին իմ ու իրա երեսին ասացին` յա՛, էս հիվանդը հըլը սաղ ա՞»,-հուզված պատմեց նա: