Մեծ աղմուկ ոչնչից

05/02/2011 Ոսկան ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Մարտի 26-ին Եվրո-2012 ընտրական մրցաշարի շրջանակներում Երեւանում կայանալիք Հայաստան-Ռուսաստան խաղից առաջ կրքերը սկսում են թեժանալ: Օրեր առաջ հայկական մամուլում արծարծվեց մի թեմա, որը շատ մեծ տարածում ունի հատկապես սպորտային մամուլում. այն է՝ ռուսները պատրաստվում են գնել այդ խաղի արդյունքը: Անհայտ ծագումով այս լուրի արձագանքները չուշացան, Ռուսաստանում այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը շտապեց հայտարարել, որ նման լուրը ապուշի ցնորք կարելի է համարել, ոչ ավելին: Իսկ Հայաստանի ֆեդերացիայի նախագահն անձամբ որոշեց պատասխանել լուրերին մամուլի ասուլիսի միջոցով: Ավելորդ եմ համարում մեջբերել Ռուբեն Հայրապետյանի արտահայտած բոլոր մտքերը, քանզի մարդը հրավիրել էր կոնկրետ խնդրի շուրջ զրուցելու: Նրա խոսքերի հետ կարելի էր չհամաձայնել, վիճել, չընդունել, սակայն մի բան անվերապահորեն ճշմարիտ էր. մեր ազգային հավաքականը իր պատմության 19 տարիներին առաջին անգամ կարողացել է հույս արթնացնել մարզասերների մեջ, եւ, միանգամայն իրական հնարավորություններ է պահպանում Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ անցնելու: «Հաղթողի հոգեբանությամբ տղաներ ունենք, որ վերջին 20 տարիներին չի եղել»,- նշեց նա՝ հավելելով, որ աղմուկի առարկա խաղի համար ինքն անձամբ երկրի նախագահի հանձնարարությունն ունի. ամեն ինչ անել հաղթելու համար: Հետո Հայրապետյանը խնդրեց, հորդորեց, պահանջեց, որ գրելիս կոռեկտ լինեն, հավաքականի տղաների հոգեբանական հավասարակշռությունը չխախտեն, քանի որ… Քանի որ իսկապես բացառիկ, եզակի շանս ունենք, հաջորդին կարող ենք սպասել եւս 35-40 տարի: Ինչպես «Արարատ-73»-ից հետո էինք սպասում համարյա հույսներս կորցրած: Նույնիսկ փորձեց կոպտել, բայց ինչ ակնկալես ասուլիսից, որը հրավիրված է մեկ, շատ հստակ ձեւակերպված խնդրի շուրջ, բայց որում Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվում են, օրինակ, Գագիկ Ծառուկյանի` վերջերս արտահայտած մտքերի մասին կարծիքով:

Իսկ ընդհանրապես, կարծում եմ, ամեն ինչ պարզ է, նույնիսկ պարզունակ: Թեման ավելի քան համեղ է եւ պատեհ, խաղի մասին սկանդալային հրապարակումները մարտի 26-ի մոտենալու հետ շատանալու են: Վստահ եմ, ռուսական մամուլում՝ նույնպես: Իսկ հաշվարկը հետեւյալն է, մարտի 27-ին նույն այդ սկանդալը ուռճացնողներն արդեն կատարվածին տալու են հետեւյալ երեք պարզ բացատրություններից մեկը. ա) մեր հավաքականի հաղթելու դեպքում. «Եթե այն օրերին աղմուկ չանեինք՝ հաստատ կծախեին, կեցցեն մեր ֆուտբոլիստները, որ գործարքի չգնացին», բ) մեր հավաքականի պարտության դեպքում. «Բա մենք դեռ երբ էինք ասում` ծախել են խաղը», եւ գ)ոչ-ոքիի դեպքում. «Լեզու չեն գտել, ու հարցը բաց է մնում մինչեւ Մոսկվայում կայանալիք խաղը»: Չէ՞ որ բոլորն են հասկանում, որ ֆուտբոլը խաղ է, եւ դրանում հնարավոր է ամեն ինչ: Վերը նշված տարբերակների շրջանակում:

Միտումնավոր չեմ շարադրում ասուլիսում հնչած բոլոր մտքերը, դրանք կարող եք գտնել այլ լրատվամիջոցներում: Իսկ սկանդալներն անցողիկ են, եղել են, կան, կլինեն: Մնայունը հավաքականի շահն է: