Վենետիկի 54-րդ միջազգային բիենալեին Հայաստանն այս տարի կներկայանա արվեստագետներ Գրիգոր Խաչատրյանի, Մհեր Ազատյանի եւ Աստղիկ Մելքոնյանի աշխատանքներով։
Հունիսի 4-ից մինչեւ նոյեմբերի 24-ը Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքում՝ Պալացո Զենեբիոյում, կգործի հայկական տաղավարը։ Վենետիկի բիենալեն կրում է «ILLUMInations» խորագիրը, որը թարգմանվելով՝ որպես «լուսավորում», միեւնույն ժամանակ իր կառուցվածքում ընդգծում է «nations»՝ «ազգություններ» բառը։ Ըստ կուրատոր Նազարեթ Կարոյանի՝ բիենալեի հայ համադրողների խումբը (որի կազմում են նաեւ Ռուբեն Արեւշատյանը, Վարդան Ազատյանն ու Արմինե Անտիկյանը) տարբեր սերնդի արվեստագետների գործերի ընտրությունը կատարել է՝ հաշվի առնելով նրանց ներքին դրամատուրգիան։ «Հայաստանը 1995 թվականից է մասնակցում բիենալեին, եւ մասնակցում է շատ լավ արվեստագետներով, սակայն ստացվեց այնպես, որ բիենալեն այդ արվեստագետների համար չդարձավ տրամպլին՝ ավելի լայն միջազգային ասպարեզ դուրս գալու համար։ Հույս ունենք, որ այս տարին բեկումնային կլինի։ Վենետիկի բիենալեն ոչ թե շուկայի, այլ նախեւառաջ արվեստագետների հարթակ է։ Եվ մենք Վենետիկ ենք գնում աշխարհի հետ խոսելու նպատակով։ Մեր կոնցեպտի հիմքում ունիվերսալության հետ առնչվելու փորձերն են։ Արվեստագետներն ապրելով բեկման, խզման, հետսովետական ժամանակներում՝ փորձել են իրենց անհատական փորձը արտիստական լեզվով ներկայացնել ու անդրադառնալ արդիությունների ճգնաժամին»,- ասաց նա բիենալեի նախագծի շնորհանդեսի ժամանակ։ Ռ.Արեւշատյանը նկատեց, որ ունիվերսալի ու եզակիի կոնֆլիկտն այսօր աշխարհի ամենաակտուալ դիսկուրսներից մեկն է։
Հայ արվեստագետների լուսանկարչական եւ տեքստային պատկերները (վիզուալ եւ վիդեո ինստալյացիաները) միավորվել են «Ձեռնարկներ» խորագրի ներքո, որի գաղափարը գլոբալ աշխարհին ինտեգրվելու փորձն ու ոչ մի դեպքում չփոխվելու ներքին պահանջն է։ Կոլեկտիվ կյանքն ու անհատական փորձն իր լուսանկարներում ուսումնասիրում է Մհեր Ազատյանը, ում աշխատանքներում մարդը կյանքը շարունակելու ուժը գտնում է աննշան բաներում՝ շրջապատի փոքր վերադասավորումներում, կարգավորումներում։ Աստղիկ Մելքոնյանը ձեռնարկել է գծապատկեր-ուղեցույցերի ստեղծումը, որոնց վրա (իբրեւ դիագրամաներ) ներկայացնում է առօրյա մարդկային խնդիրները՝ ամսական աշխատավարձի տնօրինումը, բնակարանի տարածքի արդյունավետ օգտագործումը։ Նա կարծես քարտեզագրում է բոլոր հայաստանցիներին ծանոթ մտահոգությունները՝ վերածելով դրանք արվեստի լեզվի։ Իսկ Գրիգոր Խաչատրյանը, ով դեռ 1970-ականներին է սկսել կոնցեպտուալ ֆորմատներ կիրառել, ստեղծել է «Պաշտոնական հանդիպումներ» շարքը, որտեղ խաղարկում է իշխանական ատրիբուտները՝ բարձրախոսը, զինվորական համազգեստը, մրցանակների շնորհումը։ Իշխանությունը տարածվում է մեդիակերպար ստեղծելու ու օգտագործելու միջոցով, եւ պատահական չէ, որ նրա աշխատանքներում մեծ տեղ ունեն ԶԼՄ-ները, որտեղ Գ.Խաչատրյանը ծածուկ հայտնագործություններ է անում։ Նա հայտնի է նաեւ որպես «Պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնի» հիմնադիր, եւ հենց այդ կեղծ հաստատության ստեղծումով էլ՝ փորձում է ակնարկել իր հանդիսատեսին պոպուլիստական մոդելների մասին։
Անտեսանելին դարձնել տեսանելի
Գրիգոր Խաչատրյանն այն արվեստագետներից է, ով միշտ փորձում է «որսալ» մեր կյանքում պարբերաբար հայտնվող կեղծիքները։ Եվ դա անում է կամ չափազանց թափանցիկ կերպով, կամ էլ՝ առավելագույնս քողարկված։ Մեզ հետ զրույցում նա ընտրեց ամենապարզ ֆորման։
– Երբ մարդը սկսում է խոսել, ուրեմն նա ասելու բան ունի։ Հակառակ դեպքում՝ չի խոսի։ Համենայնդեպս, արվեստագետին պետք է այդ տեսակետից նայել։ Արվեստագետն իր տանը նստած, ապուշի (կամ խելացիի) պես աշխատում է, քանի որ այս կյանքում ինչ-որ բան գրավել է նրա ուշադրությունն, ու նա ուզում է ներկայացնել դա։ Արվեստն իր համար ռեպլիկ, ակնարկ անելու հնարավորություն է։ Հետագայում նրա ասածը կարող է դիտողի ուշադրությանն արժանանալ կամ էլ չարժանանալ։ Երբեմն պատահում է, որ արվեստագետի ակնարկը շատ մարդկանց ուշադրությունն է գրավում, եւ նա տարբեր բիենալեների է մասնակցում։ Սա է ողջ շղթան։ Եվ այս շղթայի մեջ է ծնվում դիսկուրսը։ Եթե արվեստագետի ռեպլիկի մասին սկսում են խոսել, քննարկել, տեղի է ունենում դիսկուրսը։
– Իսկ այդ շղթան մեզ մոտ ամո՞ւր է։
– Արվեստագետը խոսում է իր պատկերով, ֆորմայով, ձայնով, տեքստով, սակայն նա «կապավոր» չէ։ Կապող օղակներից մեկն արվեստի քննադատներն են, որոնք կապում են արվեստագետին հասարակության հետ։ Չէ՞ որ, երբ արվեստագետը սկսում է մտածել, աշխատել, նա մտասեւեռվում ու «խփնվում» է։ Դրա արդյունքում էլ՝ կորցնում է կոնտակտը հասարակության հետ։ Այդ դեպքում պետք են մարդիկ, ովքեր կարող են նրա արածը (լավ բաները) մատուցել, ավելի հասկանալի դարձնել, նոր շեշտադրումներ ավելացնել։ Ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ, որ նկարիչը համաձայն լինի համադրողի կամ քննադատի շեշտադրումների հետ։ Նա կարող է ընդհանրապես չհասկանալ, թե ինքը ի՞նչ է արել։ Վերջիվերջո, քաղաքակրթությունը միշտ գնում է ուսումնասիրելու այն մարդկանց, որոնք անհասկանալի գործով են զբաղվում։ Օրինակ՝ բոլորից կտրված ստեղծագործում են։
– Բայց Դուք երբեք բոլորից կտրված չեք եղել, ընդհակառակը՝ իրադրությունների «միջուկում» եք գտնվել։
– Իմ կարծիքով՝ արվեստագետի առաջնային գործը ենթագիտակցության հետ կապ հաստատելն է։ Ես, օրինակ, անընդհատ փորձում եմ գտնել այդ կապը։ Եվ վստահ եմ, որ մենք բոլորս էլ մեզ անլիարժեք ենք զգում, որովհետեւ կորցրել ենք կապը ենթագիտակցության հետ։ Այդ կապի վերականգնումն ամենակարեւորն է յուրաքանչյուրիս կյանքում։ Եվ միայն արվեստի մարդն է կարողանում այդ անտեսանելի, ենթագիտակցական ոլորտից ինչ-որ շերտեր ու ակնարկներ գտնել եւ դրանք տեսանելի դարձնել։ Գրողը, երաժիշտը, նկարիչը հենց դա են անում. անտեսանելին դարձնում են տեսանելի, լսելի, շոշափելի։ Իմիջիայլոց, նույնը անում են բոլոր մարդիկ, նույնիսկ նրանք, որոնք արվեստագետ չեն։ Բոլորս էլ փորփրում ենք ենթագիտակցական դաշտը։
– Ցուցահանդեսները միակ ձեւաչափն են՝ այդ ակնարկները ներկայացնելու համար։
– Նման հարթակներ պետք է դառնային հրատարակչությունները։ Մենք չունենք մշակութային հանդեսներ, չունենք նորմալ հեռուստատեսային ծրագրեր, որոնք կարող էին այդ բոլոր հարցերի շուրջ խոսել։ Ողջ աշխարհում ընդունված է, որ արվեստագետներին («գժերին») պետք է ուշադրություն դարձնել, փորձել հասկանալ նրանց, իսկ մեզ մոտ դա չի արվում։ Եվ այդ պատճառով էլ ցուցահանդեսները կամ գրքերի շնորհանդեսները միշտ մնում են նեղ շրջանակների մարդկանց համար։ Հաղորդակցություն տեղի չի ունենում։ Պատմությունն ապացուցում է, որ բոլոր ժամանակներում էլ քաղաքակրթությունն առաջ են տանում հենց արվեստի մարդիկ։ Եվ եթե ոչ այսօր, ապա անպայման՝ վաղը։ Այսօր արվեստագետը կարող է խենթ համարվել, իսկ վաղը դառնալ նմանակման կամ հպարտության աղբյուր։ Նաեւ ազգային սիմվոլ։ Արվեստագետին ժամանակ պետք է տրվի՝ սիմվոլ դառնալու համար։