CITRUS SINENSIS RISSO. նարնջենի քաղցր
Այս տեսակը տարածված է Միջերկրական ծովի մերձարեւադարձային գոտիներում, Աջարիայում։ Հին Հունաստանում նարնջենու սպիտակ ծաղիկները Դիանա աստվածուհու խորհրդանիշն էին համարում։ Մահմեդականների հարսնացուները կրում էին նարնջենու ծաղիկները՝ որպես պտղաբերության խորհրդանիշ։ Արեւելքում նարնջենու ծաղիկը սիրո խորհրդանիշն է։
Նարնջենու պտուղը պարունակում է ոչ մեծ քանակությամբ բետա-կարոտին, վիտամիններ E, B1, B2, B6, B8, B9 բիոտին (H), նիացին (PP), պանտոտենաթթու (B5)։
Հարուստ է ասկորբինաթթվով: 100 գրամ նարինջը գրեթե բավարարում է օրգանիզմի C վիտամինի պահանջը։ Շնորհիվ ինոզիտի (B8)՝ նարնջի հյութը կանոնավորում է ճարպերի փոխանակությունը, իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, կարգավորում է մարսողությունը, ունի նիհարեցնող հատկություն։ Պարունակում է կիտրոնաթթու, պեկտինային նյութեր, ֆիտոնցիդներ, ներկանյութեր, մինչեւ 10 % շաքարանյութ։ Կալցիումի, ֆոսֆորի եւ կալիումի պարունակության շնորհիվ նարնջահյութն օգտակար է օստեոպարոզի եւ հոդացավերի դեպքում։ Նարնջահյութը նպաստում է դիմադրողականության բարձրացմանը, պայքարում է հոգնածության դեմ, ամրացնում է արյունատար անոթների պատերը, խորհուրդ է տրվում հիպերտոնիայի դեպքում։ Ըստ իտալացի գիտնականների` կարմիր պտղամիս ունեցող նարինջը կանխարգելում է գիրությունը եւ ուռուցքների առաջացման հավանականությունը։ Նարինջը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա հատկապես երեխաների մոտ ցանի տեսքով՝ ձեռքերի եւ այտերի վրա։ Այդ դեպքում երեխային պետք է խմեցնել 2-3 ճաշի գդալ նռան հյութ։ Բուժումը տեւում է 20-28 օր։ Չափաբաժինը նախատեսված է 4-6 տարեկան երեխաների համար։ Կարելի է նաեւ երեխային տալ էխինացեայի հաբեր։ Խորհրդակցեք մանկաբույժի հետ։
Ասկորբինաթթու պարունակող մրգերն ուտելիս կարող է ատամների սրթսրթոց առաջանալ. ուտելուց հետո բերանը ողողել գոլ ջրով։ Բացի այդ, ասկորբինաթթուն բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, որի պատճառով հակացուցված է բարձր թթվայնությամբ գաստրիտի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի դեպքում։ Նարնջի եթերային յուղերը վերականգնում են մաշկի առաձգականությունը, պաշտպանում անքնությունից, հանգստացնում են նյարդային համակարգը։ Եթերային յուղի օգտագործումից առաջ անհրաժեշտ է մի քանի կաթիլ խառնել կես թեյի գդալ բուսայուղի հետ, քսել դաստակի շուրջը։ Եթե 12 ժամվա ընթացքում չեն առաջանում ալերգիկ երեւույթներ, ապա հակացուցում չկա։ Պետք է զգուշորեն օգտագործել նարնջի եթերային յուղը սրտի իշեմիկ հիվանդության, թրոմբոֆլեբիտի, ընկնավորության եւ շաքարային դիաբետի դեպքում։
Բուժիչ հատկություններ ունի նաեւ նարնջի կեղեւը, սակայն կարեւոր է իմանալ, որ պտուղների երկարատեւ պահպանման համար դրանք պատվում են մոմով եւ կոնսերվանտներով։ Այդ պատճառով պետք է հեռացնել կեղեւի արտաքին շերտը, իսկ ներքին շերտն օգտագործել։
Թարմ կամ չորացրած կեղեւը, որը պարունակում է պեկտիններ, պետք է լավ ծամել եւ կուլ տալ սնունդ ընդունելուց 1 ժամ առաջ։ Նարնջի կեղեւը կարգավորում է խոլեստերինի մակարդակը օրգանիզմում եւ ճնշում է աղիքային մանրէների եւ որդերի կենսունակությունը։ Բացի այդ, կեղեւի արտաքին շերտի տակ կան բնական շաքարներ, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը եւ ամրացնում հիշողությունը։
Կեղեւի մեջ կան մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ, որոնք մաքրում են օդը մանրէներից։
Ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում խմել 100-ական գրամ թարմ նարնջահյութ` օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ։
Տղամարդկանց սեռական պոտենցիան բարձրացնելու համար խորհուրդ է տրվում օրական 2-3 նարինջ ուտել. սա ապացուցել են ամերիկյան փորձագետները։
Զարթխումից ազատվելու համար. խմեք հյութաքամիչով անցկացրած թարմ նարնջի հյութը՝ խառնած հում ձվի դեղնուցի հետ։ Ի դեպ, նարնջի հյութը չեզոքացնում է նիտրատների ազդեցությունը, թույլ չի տալիս, որ դրանք վերածվեն կոնցեռոգեն նյութերի։
Բրոնխիտի դեպքում 10-ական գրամ մատուտակի (քաղցրարմատ) արմատները եւ նարնջի կեղեւը 7 օր թրմել 100 մլ օղու մեջ, ավելացնել 100 գրամ մեղր։ Խմել 20 մլ, սնունդ ընդունելուց 1 ժամ անց։ Օգտագործել 1 ամիս։
Ճնշումը նվազեցնող միջոց. 1 նարինջն ու 1 կիտրոնն աղալ, խառնել 1ճ/գ մեղր եւ ուտել։
Նարնջի օշարակ. կեղեւից մաքրած 1 նարնջի հյութը քամել, դնել սառնարանի մեջ։ Նարնջի քուսպին ավելացնել 1 լ գոլ ջուր, դնել թույլ կրակի վրա եւ եփել 10 րոպե։ Հովանալուց հետո քամել։ Ստացված թուրմին ավելացնել քառորդ բաժակ շաքար, խառնելով լուծել։ Ստացված օշարակը խառնել մեկ նարնջից ստացված սառը հյութի հետ։ Խմել սնունդ ընդունելուց 30-40 րոպե առաջ, օրը 3-4 անգամ՝ 100 մլ։ Օգտագործել 2 շաբաթ։ Լրացնում է վիտամինների պակասը։
Նարնջի լիկյոր – 250 գրամ նարնջի չորացրած կեղեւների վրա լցնել 1 լ օղի, համեմունքներից՝ 4-5 հատիկ մեխակ, 1 թեյի գդալ դարչին։ Խառնուրդը պահել արեւի տակ կամ տաք տեղում՝ 2 շաբաթ ժամկետով։ Քամել եւ 1 լիտր հեղուկին ավելացնել նախօրոք (0,75 կգ շաքարից եւ 1,5 բաժակ ջրից) պատրաստված օշարակ։ Պատրաստված լիկյորը լցնել շշերի մեջ եւ խցանել։ Պահել եւս 8-10 օր, հետո օգտագործել։
Թարմ նարնջահյութի եւ ձիթապտղի խառնուրդը (1։1 չափաբաժնով) փափկեցնող ներգործություն է թողնում արմունկների եւ ծնկների վրա։
Երիտասարդացնող դիմակ պարանոցի համար. կես նարնջի հյութը խառնել 2 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռի հետ եւ քսել պարանոցի մաշկին։ 15-20 րոպե հետո լվանալ գոլ ջրով։