«Առաջին հազար խոշոր հարկատուների տեսակարար կշիռը երկրի բյուջեում նվազել է 0,7 տոկոսով, այսինքն` գնալով բյուջեն լցնում է հասարակ ժողովուրդը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով նախօրեին ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակին: Ըստ նրա` խոշոր ընկերությունները գնալով խոշորանում են ու հակառակ դրա` պակասեցնում իրենց ներդրումը երկրի բյուջեում: Ըստ Բագրատյանի` 0,7%-ը 1 տարվա համար քիչ չէ, լուրջ կառուցվածքային տեղաշարժ է՝ հօգուտ խոշոր բիզնեսի, որից տուժում է կրկին ժողովուրդը: Խոսելով բարձր գնաճի մասին (2010թ. հունվարի համեմատ` 2011թ. հունվարին սպառողական զամբյուղի գնաճը կազմել է 10.6%), Բագրատյանն ասել է. «Բարձր գնաճը պետությանը ձեռք է տալիս, չնայած սահմանադրությունն արգելում է նման ձեւով բյուջեն կատարել»: Իսկ հայտարարությունները, թե գնաճը պայմանավորված է համաշխարհային գներով, Հ. Բագրատյանը համարում է հեքիաթ: «Պետությունն ի վիճակի չէ եւ չի ուզում մտածել տնտեսության զարգացման մասին»,- ասել է նախկին վարչապետը` ավելացնելով, որ այս տարի եւս բյուջեն կատարելու միակ տարբերակը լինելու է բարձր գնաճը: