«ԵԱՀԿ-ի լիտվական նախագահությունը 2011 թվականին ձգտելու է զգալի առաջընթացի հասնել ձգձգվող հակամարտությունների լուծման գործում»,- այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը երեկ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: «Մենք աշխատելու ենք Մերձդնեստրի հարցով 5+2 ձեւաչափով պաշտոնական բանակցությունների վերսկսման շուրջ` հենվելով անցած տարի ձեռք բերված դրական դինամիկայի վրա: Մենք սատարում ենք միջազգային քննարկումները Ժնեւում, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ դրա կողմերի միջեւ վստահության հաստատմանը նպաստելուն: Այդ համատեքստում, մենք սատարում ենք Ռուսաստանի ջանքերը` ուղղված բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթացի հասնելուն»,- ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ասել է Աժուբալիսը: