«Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական (ՀՀԿ) կուսակցությունների միջեւ` անցած շաբաթ օրվանից սկսված «հակամարտության» հերթական փուլը երեկ ավարտվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից արդարացում հիշեցնող հայտարարությամբ: «Վստահեցնում եմ, որ իմ հայտարարությամբ ես չեմ ցանկացել վիրավորել ոչ Հանրապետական կուսակցությանը, ոչ էլ ՀՀԿ նախագահին: Այլ ուղղակի ցանկացել եմ մեկ անգամ եւս նշել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այլ ուժերի ու անձանց հետ արհեստականորեն կապելու փորձերը անիմաստ զբաղմունք են: ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է` իր հստակ ծրագրերով եւ նպատակներով: Մենք քաղաքական դաշտում միշտ առաջնորդվել ենք կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքով, ինչը ապագայում եւս լինելու է մեր ձեռագիրը»,- երեկ հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` փաստորեն անսալով վերջին օրերին զանազան ՀՀԿ-ականների կողմից իրեն ուղղված կոռեկտության կոչերին եւ խորհուրդներին։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «Ռոբերտ Քոչարյանը եթե ցանկանար, կլիներ ՀՀԿ նախագահ կամ պատվավոր նախագահ»: Այս հայտարարությունը ՀՀԿ-անները ընդունել էին որպես վիրավորանք` եւ արդեն մի քանի օր է` պատասխանում են Գ. Ծառուկյանին`յուրաքանչյուրն իր ստեղծագործական կարողությունների չափով: Երիտասարդ եւ ոչ այնքան երիտասարդ ՀՀԿ-ականներին ԲՀԿ ներկայացուցիչների վերջին օրերին տված պատասխանները վկայում են, որ Գ. Ծառուկյանը երեկվա հայտարարությունն արել է ստիպված` ոչ թե ՀՀԿ-ականների, այլ, ամենայն հավանականությամբ, անձամբ Սերժ Սարգսյանի հետ ուղղակի առճակատումից խուսափելու այլ ելք չգտնելով: Բանն այն է, որ մինչեւ երեկ ԲՀԿ-ն ՀՀԿ-ից հնչող բոլոր հոխորտանքներին պատասխանում էր ավելի վաղ Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի կողմից արված եւ նահանջի տեղ չթողնող հետեւյալ արտահայտությամբ. «Ծառուկյանին զեկուցվում է միայն ազդեցիկ եւ հեղինակավոր մարդկանց տեսակետները»: