ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխել ԱԺ կանոնակարգը, եւ online ռեժիմով հեռարձակել Ազգային ժողովի նիստերը` ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքում (www.parliament.am): Դրանով, ըստ «Ժառանգության», կամբողջացվեն ԱԺ գործունեության սկզբունքները, որոնք հիմնվում են քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման, հավաքական լուծման եւ հրապարակայնության վրա: «Օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՀՀ ԱԺ գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, ինչպես նաեւ` հրապարակայնության ապահովմամբ»,- նշված է «Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ: «Ժառանգության» այս նախաձեռնությունն իհարկե ողջունելի է, սակայն կարող է նաեւ լուրջ մտահոգության տեղիք տալ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մասսայականություն կվայելի www.parliament.am կայքը ինտերնետի անչափահաս այցելուների շրջանում, եթե առանց խմբագրման հեռարձակվեն նաեւ պատգամավորների հայհոյախառն լեզվակռիվները, որոնք տեղի են ունենում ԱԺ նիստերի դահլիճում: