Սպառողները՝ խոշոր հարկատուների ցուցակում

03/02/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Թեեւ Հայաստանում բոլորը խիստ վերապահումներով են մոտենում պաշտոնական ցուցանիշներին, վիճակագրական տվյալները միշտ մանրամասն լուսաբանվում են եւ ներկայացվում հանրության ուշադրությանը։ Եվ եթե մակրոտնտեսական ցուցանիշները բնակչության գերակշիռ մասին ամենեւին չեն հետաքրքրում, ապա խոշոր հարկատուների ցուցակը մի փոքր այլ կերպ է ընկալվում։

Մարդիկ որոշակի հետաքրքրություն ցուցաբերում են պարբերաբար հրապարակվող խոշորների ցուցակների նկատմամբ թե՛ այն պատճառով, որ այն անվանական է եւ թույլ է տալիս գոնե որոշ չափով ծանոթանալ մեր օլիգարխների եկամուտներին, թե՛ նաեւ այն պատճառով, որ այն որոշ իմաստով պարունակում է «մրցութային» տարրեր։ Այսինքն՝ հետաքրքիր է տեսնել, թե այսինչ կամ այնինչ օլիգարխին պատկանող ընկերությունը ո՛ր հորիզոնականից որն է տեղափոխվում՝ տեղը զիջելով մեկ այլ օլիգարխի, կամ հակառակը՝ գրավելով նրա տեղը։ Ցանկության դեպքում հարկատուների ցուցակը կարելի է ուսումնասիրել ոչ պակաս ոգեւորությամբ, քան ՖԻԴԵ-ի կողմից հրապարակվող շախմատիստների վարկանիշը՝ Հայաստանի գրոսմայստերներով հանդերձ։

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն էլ պարտաճանաչ կերպով բավարարում է այդ հետաքրքրությունը։ Օրերս հրապարակվեց 2010թ. ֆինանսական տարում 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Սենսացիոն բաներ այնտեղ, իհարկե, չես գտնի։ Սակայն հետաքրքիր մտորումների տեղ ցանկն իրոք տալիս է։

Նախ՝ սկսենք նրանից, որ 2010թ. խոշորագույն հարկատուն կրկին «ՀայՌուսգազարդն» է։ Ճիշտ է, 2010թ. այն վճարել է ավելի քիչ հարկ, քան 2009 ճգնաժամային տարում (16.5 միլիարդ դրամ՝ 18.4 միլիարդի փոխարեն), սակայն պահպանել է առաջին հորիզոնականը։ Հատկանշական է նաեւ այն, որ երկրորդ հարկատուն՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը» նույնպես պակասեցրել է հարկերը։ Ընկերությունը 2010թ. պետբյուջե է վճարել 15.9 միլիարդ դրամ, մինչդեռ ճգնաժամային տարում այդ ցուցանիշը 16.1 միլիարդ էր։ Այդուհանդերձ, եթե նկատի ունենանք, որ խոշոր հարկատուների ցանկում տեղ են զբաղեցնում նաեւ պատգամավորին պատկանող այլ ընկերություններ (օրինակ՝ «Նատալի Ֆարմը» կամ «Լուսաստղ Շուգրը»), ստացվում է, որ հանրապետության խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ Սամվել Ալեքսանյանը։

Այժմ անդրադառնանք, այսպես ասած, ավելի մակրոտնտեսական ցուցանիշների։ 1000 խոշոր հարկատուները միասին նախորդ տարվա ընթացքում պետբյուջե են վճարել 432.8 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր, ինչը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի մոտ 73%-ը։ Նախորդ տարվա համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելացել են 12.8%-ով։ Նկատենք, որ ընդհանուր հարկային մուտքերը 2010թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ աճել են 13.7%-ով։ Այսինքն՝ կարելի է ասել, որ հարկային մուտքերի ավելացման բեռն ավելի շատ զգացել են միջին ու մանր գործարարները։ Այս տարբերությունն ավելի ակնհայտ է դառնում, երբ դիտարկում ենք գերխոշոր բիզնեսը՝ խոշոր հարկատուների ցանկի առաջին 15 տեղերը զբաղեցնող ընկերությունները (տես աղյուսակը)։

Այս ընկերությունների վճարած հարկերը 2010թ. նախորդ տարվա համեմատ աճել են ընդամենը 10.6%-ով։

Սակայն կա եւս մի հանգամանք, որը պակաս մտահոգիչ չէ։ Խոսքը վերաբերում է ուղղակի եւ անուղղակի հարկերի հարաբերակցությանը։ Ինչպես երեւում է աղյուսակից, 15 գերխոշոր ընկերություններից 7-ը նվազեցրել են անուղղակի հարկերը անգամ ճգնաժամային տարվա համեմատ։ Օրինակ, «ԱրմենՏելը» կամ «Ֆլեշը» չնայած ավելի շատ հարկեր են մուծել, սակայն դա տեղի է ունեցել հիմնականում անուղղակի հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ) աճի հաշվին։ Իսկ դա նշանակում է, որ հարկերի բեռն ընկել է տվյալ ընկերությունների արտադրանքը սպառողների ուսերին։ Այս տեսանկյունից աչքի է զարնում հատկապես Ղ-Տելեկոմը («Վիվա Սել» ապրանքանիշ). ճգնաժամային տարում ընկերությունը վճարել էր 7.3 մլրդ դրամի ուղղակի հարկեր, իսկ 2010-ին՝ ընդամենը 1.8 միլիարդ։ Փոխարենը, որքան էլ զարմանալի լինի, ուղղակի հարկերի տեսակարար կշռի ամենամեծ թռիչքն ունեցել է «Ալեքս Գրիգը»։ Եթե 2009թ. ընկերությունը պետբյուջե էր վճարել ընդամենը 46 միլիոն դրամի ուղղակի հարկեր, որը կազմում էր նրա ընդհանուր հարկերի 0.3%-ը, ապա 2010թ. ուղղակի հարկերը հասել են շուրջ 650 միլիոնի (4.1%)։ Ուղղակի հարկերի տեսակարար կշիռը խիստ ցածր է հատկապես վառելիքի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների մոտ։ Իսկ լավագույն հարաբերակցությունը գերխոշորների մեջ ունի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որի վճարած հարկերի շուրջ 60%-ը բաժին է ընկնում ուղղակի հարկերին։ Նշենք նաեւ, որ ընդհանուր հարկային մուտքերի (ոչ միայն խոշորների) տեսանկյունից պատկերը նույնն է։ Չնայած հարկային մուտքերի 13.7% աճին, ուղղակի հարկերը բացարձակ թվով նվազել են. 2009թ. պետբյուջե է մուտքագրվել 91.9 միլիարդ դրամի ուղղակի հարկ, իսկ 2010թ.՝ 91 միլիարդ։ Այնպես որ, հարկային մուտքերի աճը ոգեւորվելու այնքան էլ մեծ առիթ չի տալիս։