Ընդդեմ մանկապղծության

03/02/2011

Մասնագետները կոչ են անում խստացնել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար օրենքով նախատեսված պատժամիջոցները: Այս թեման հատկապես արդիական է դարձել վերջին օրերին, երբ մամուլում հրապարակումներ եղան «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի, մինչեւ 2010 թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծությամբ զբաղվելու մասին: «Ցանկացած հայ մարդ պետք է հասկանա` հանկարծ փորձեց երեխային 5 մետրից ավելի մոտենա այլ նպատակով, դա իր համար ունենալու է անդառնալի հետեւանք: Պետության քաղաքականությունը դա պետք է լինի»,- երեկ ասուլիսում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի ավագ դատախազ Արթուր Ղամբարյանը: Նա մասնավորապես վկայակոչել է Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածը, որով 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: 2009թ. տվյալներով` 18 նման դատական ակտերից միայն 3-ի դեպքում է որպես պատիժ նշանակվել ազատազրկումը, մնացած դեպքերում սահմանվել է տուգանք: Սա, ըստ Ղամբարյանի, անթույլատրելի է: «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որով առաջարկվում է հանել տուգանքի ձեւով պատժատեսակը եւ խստացնել ազատազրկման առավելագույն պատժաչափը մինչեւ 6 տարի: «Եթե ունենան այդ մտավախությունը, որ պատիժը տուգանքով չի սահմանափակվի, իրենք էլ կմտածեն գործողությունն անելուց առաջ»,- նույն ասուլիսում ասել է People in Need չեխական կազմակերպության «Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում» ծրագրի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը: Վերջինս անդրադարձել է Սերոբ Տեր-Պողոսյանին մանկապղծության մեջ մեղադրող հրապարակումներին: «Հայ ընտանիքը տղա երեխա է ունենում, պահում, մեծացնում է, սակայն հայտնվում է ինչ-որ Սերոբ Տեր-Պողոսյան եւ պղծում նրան,- վրդովված հայտարարել է Տ. Բեժանյանը` նշելով, որ Սերոբ Տեր-Պողոսյանի այդ արարքի մասին ինքը վաղուց էր լսել, սակայն բավարար փաստեր չկային։- «Շատ լավ է, որ մամուլն այդ փաստերը ներկայացրեց»: Տ. Բեժանյանը նաեւ նշել է, որ իրեն հասած տեղեկություններով՝ ամբողջ Ախթալան, նաեւ ոստիկանները տեղյակ են եղել Սերոբ Տեր-Պողոսյանի արարքի մասին: «Անգամ իմացել են, թե որ երեխաներին է նա պղծել, որքան գումար է նրանց տվել»,- ասել է Բեժանյանը: Ըստ նրա՝ այս հանցագործության մեղավորը պետք է պատժվի օրենքի ամբողջ ուժով, որպեսզի հայ հասարակության մեջ նման արատավոր երեւույթներ չարմատանան: Ոլորտի փորձագետները վստահ են, որ դատավորներին չպետք է այլընտրանքի` տուգանք նշանակելու հնարավորություն թողնել: ՀՀ դատական դեպարտամենտի տվյալներով, 2000-2010թթ. ընթացքում ընդհանուր իրավասության դատարաններում քննված գործերի վիճակագրության համաձայն՝ սեռական բնույթի հանցագործություններից տուժել է շուրջ 100 անչափահաս: Հաշվի առնելով այս հանցագործությունների գաղտնի բնույթը, սա միայն այսբերգի երեւացող մասն է. ասում են փորձագետները: «Եթե մենք ջայլամի քաղաքականության պես գլուխներս թաքցնենք, որ իբրեւ թե ամեն ինչ նորմալ է մեր հասարակությունում, մի քանի տարի հետո դրա հետեւանքները կլինեն բավականին ծանր»,- ասել է Ա. Ղամբարյանը: Զարմանալին, սակայն, այն է, որ ի տարբերություն շատերի` իր խորհրդականի նման կենսակերպի մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացել է միայն վերջերս` մինչեւ 2010 թ. դեկտեմբերի 31-ը: «Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար»,- գրել էր Տ. Սարգսյանն իր բլոգում: