Մինչ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Հյուսիսային Աֆրիկային` մեկ Թունիսի հեղափոխության, մեկ Եգիպտոսի նախահեղափոխական իրավիճակի վրա, Ղազախստանում միանգամայն անսպասելի եւ գրեթե անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում: Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարումը նախագահական լիազորությունները մինչեւ 2020թ. երկարացնելու մասին հանրաքվե անցկացնելու քայլից եւ այս գարնանը նախագահական վաղաժամ ընտրություններ կազմակերպելու նրա որոշումը Վաշինգտոնում եւ Բրյուսելում այնպիսի բուռն հրճվանք առաջացրին (չնայած այն բանին, որ քաղաքական այդ կենտրոնների ուշադրությունը բեւեռված է Հյուսիսային Աֆրիկային), որ արժե ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել այն ամենին, ինչ կատարվում է Ղազախստանում:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ղազախստանի քաղաքացիների նախաձեռնող խումբը հայտարարեց Նազարբաեւի լիազորությունները մինչեւ 2020թ. երկարացնելու անհրաժեշտության մասին, ինչի համար սկսեցին հասարակական կարծիքը նախապատրաստել տվյալ հարցի շուրջ հանրաքվե անցկացնելուն: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ կայուն երկրում առանց նախագահ Նազարբաեւի գիտության ոչինչ տեղի չի ունենում: Այսինքն` այդ նախաձեռնության մասին Նազարբաեւը նախօրոք տեղյակ էր, համենայն դեպս` մինչեւ այն պահը, երբ դա իր արտացոլումը գտավ մամուլում: Ինքը` Նազարբաեւը, վետո դրեց հանրաքվեի վրա: Նախաձեռնությունն իր վրա վերցրեց խորհրդարանը եւ ձայների անհրաժեշտ քանակով հաղթահարեց նախագահական արգելքը: Այդ ժամանակ Արեւմուտքն ակնարկեց, որ նման հանրաքվեի անցկացումն անցանկալի է: Եվ Նազարբաեւը հարցում ուղղեց Սահմանադրական ժողովին, որը հարցն ուսումնասիրելուց հետո վճիռ կայացրեց. մերժել պատգամավորների որոշումը, քանի որ այն բավականաչափ գրագետ չէ: Մի նրբություն. Սահմանադրական Ժողովը չաջակցեց Նազարբաեւին, այլ ընդամենը մերժեց պատգամավորներին` նախագահական վետոն հաղթահարելու գործում: Այսպիսով, նախաձեռնող խումբը հնարավորություն ունի կրկնելու սցենարը` շտկելով «պատգամավորների գործողությունները»: Ճիշտ այդ ժամանակ վրա հասան Վաշինգտոնի եւ Բրյուսելի «ծափահարությունները», եւ դրանց ազդեցության տակ Նազարբաեւը հանկարծ հայտարարեց այս տարվա գարնանն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ի՞նչ նպատակ է նա հետապնդում այդ քայլով, երբ մինչեւ «օրացուցային» ընտրությունները դեռ 2 տարի կա. նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2012թ. դեկտեմբերին:
Ժամանակին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդդիմության հետ ունեցած հակամարտությունը հաղթահարեց հենց արտահերթ ընտրություններ հայտարարելու շնորհիվ: Սակայն Վրաստանում իրավիճակը միանգամայն այլ էր. հակամարտության մեջ նախաձեռնությունը ընդդիմության ձեռքում էր, իսկ իշխանությունների դիրքերն օրեցօր թուլանում էին, դրան գումարած նաեւ այն, որ իր որոշմամբ Սահակաշվիլին նախագահական մրցապայքարից դուրս մղեց թերեւս այդ պահին իր ամենավտանգավոր մրցակցին` պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին: Վերջինս չկարողացավ մասնակցել ընտրություններին, քանի որ համաձայն Սահմանադրության` նա չէր համապատասխանում պահանջվող տարիքային ցենզին:
Սակայն Ղազախստանում նման բան ամենեւին չկա. ընդդիմությունը թույլ է եւ քաղաքական դաշտում բոլորովին չի երեւում: Հաշվի առնելով Արեւմուտքի արդեն նշված արձագանքը` կարելի է ենթադրել հետեւյալ սցենարը. հնարավոր է` Ղազախստանի առաջնորդին է հասել որոշակի տեղեկատվություն («Վիկիլիկսից» կամ այլ աղբյուրներից), որ Արեւմուտքը նրան փոխարինող է գտել: Ընդ որում՝ ոչ հեղափոխական փոխարինող, այսինքն` փոխարինող նախագահական հաջորդ` սահմանադրությամբ նախատեսված ընտրությունների համար, քանի որ որեւէ ազդակ չկա, որ Նազարբաեւն այսօր ինչ-որ մեկին ձեռնտու չէ: Ի պատասխան դրա` Աստանայից հնչեց նախագահի լիազորությունները մինչեւ 2020թ. երկարացնելու մասին սցենարը: Սկզբում Նազարբաեւի հրաժարվելը կարելի էր գնահատել իբրեւ ժողովրդավարության կանոններին հետեւելու արդյունք. գրեթե նման մի խաղ նա խաղաց, երբ հասարակությունը նրան «Ելբասի» («ազգի առաջնորդ») տիտղոս էր շնորհում, իսկ դրանից հետո, ստանալով Արեւմուտքի երաշխիքները, Նազարբաեւն իրականում «ծավալեց» լիազորությունները երկարացնելու կամպանիան, սակայն միաժամանակ նշանակեց «արագ ընտրություններ»` չսպասելով, որ «հիպոթետիկ հակառակորդը» ուժեղանա մինչեւ 2012թ. վերջը: Այս գարնանը կայանալիք ընտրություններին Նազարբաեւը հաղթանակ կտանի, կապահովի իր նախագահությունը մինչեւ 2016թ., իսկ դրանից հետո կերեւա…: Այլ տրամաբանական պատկեր չի ուրվագծվում: Այս հարցերի շուրջ է «168 ԺԱՄ»-ի զրույցը Ղազախստանի Ռիսկերի գնահատման խմբի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Դոսիմ Սատպաեւի հետ:
– Իհարկե, այդ ամենը բացառված չէ։ Այդուհանդերձ, նախորդ տարի, երբ ընդունվեց Ելբասի` Ազգի առաջնորդի մասին օրենքը, ես արդեն ասում էի, որ դա նախագահի համար լավ հիմք է, եթե նա ցանկանում է ձեռնամուխ լինել իշխանությունը փոխանցելու գործին: Որովհետեւ Ազգի առաջնորդի մասին օրենքն ըստ էության Նուրսուլթան Նազարբաեւին ազատում է նախագահական պաշտոնից խիստ կախված լինելուց: Եթե նա այնուամենայնիվ որոշեր երկարացնել իր լիազորությունների ժամկետը, ապա մենք ոչ մի փոփոխություն չէինք տեսնի, եւ հանրաքվեն, որ լուրջ ծախսեր կպահանջեր, կնույնացնեինք նախագահական մրցապայքարի սկզբի հետ:
– Գուցե Նուրսուլթան Նազարբաեւի ներկայիս գործողությունների հետեւում որոշակի խորամանկությո՞ւն է թաքնված, ասենք` այս ընտրություններում իր հաջորդին «փորձարկելը»:
– Միանգամայն հնարավոր է: Հիմա շատ հարմար պահ է նախագահի մերձավոր շրջապատից որեւէ մեկին մասնակիորեն ներկայացնելու համար: Դա շատերի համար անսպասելի քայլ կլիներ: Առավել եւս, որ արդեն ժամանակն է, որ նախագահը որեւէ կերպ ակնարկի, թե ով կարող է լինել իր հնարավոր փոխարինողը: Սակայն այստեղ մի բացասական կողմ կա. եթե ժամանակից շուտ ցույց տա իր հնարավոր փոխարինողին, կարող է վտանգ առաջանալ, որ վերնախավի մի մասը դուրս կգա նրա դեմ եւ կուլիսային պայքարում կփորձի նրան վարկաբեկել: Այսպիսով, յուրօրինակ ֆալստարտը կարող է հանգեցնել նոր կոնֆլիկտների Ղազախստանի քաղաքական էլիտայի շարքերում:
– Եթե ընտրությունները կայանային համաձայն սահմանադրության` 2012թ., կարո՞ղ էր արդյոք խաղին խառնվել եւս մեկ խաղացող` չհաշված պայմանական փոխարինողին, եւ խանգարել Նազարբաեւին` հաղթելու այդ ընտրություններում:
– Ղազախստանի ներսում դա քիչ հավանական է: Չկա հզոր ընդդիմություն: Որոշակի վտանգ կա արտաքին խաղացողների կողմից: Մասնավորապես, դա Նազարբաեւի նախկին փեսան է` Ռոխատ Ալիեւը, կամ փախստական օլիգարխ Մուխտար Աբլյազովը, ովքեր կարող են Նուրսուլթան Աբիշեւիչին վարկաբեկելու նպատակով տեղեկատվական քարոզարշավ սկսել:
– Որքա՞նով է մեծ հավանականությունը, որ Ղազախստանում կարող են լուրջ հուզումներ տեղի ունենալ:
– Ղազախստանցիների մեծամասնությունն ապրում է «միայն թե պատերազմ չլինի» սկզբունքով: Շատերը, նորմալ այլընտրանք չտեսնելով, հանդես են գալիս նախագահ Նազարբաեւի լիազորությունների երկարաձգման օգտին: Սակայն մեզ համար այսօր կարեւոր է ոչ թե հանրաքվեի կամ ընտրությունների անցկացումը, քանի որ դրանք կարճաժամկետ հարցեր են, անգամ եթե խոսքը վերաբերում է 10-20 տարիներին. պատմության համար սա շատ քիչ ժամկետ է: Մեզ ավելի շատ հուզում է այն հարցը, թե ինչ է լինելու Նազարբաեւից հետո: Անկախ այն բանից, թե մինչեւ երբ նա կլինի իշխանության ղեկին: Այս հարցը Ղազախստանի համար դառնում է ամենակարեւորը: Այնինչ այս հարցից փորձում են շեղել մանր-մունր քաղաքական խաղերով, որոնք հարցին պատասխան չեն տալիս: Այս համատեքստում հանրաքվեն կամ ընտրություններն ընդամենը գործիք են, որոնք որոշակի կերպով ընդամենը երկարացնում են նախագահի` իշխանության ղեկին գտնվելը: Սրանք տակտիկական, սակայն ոչ ռազմավարական հարցեր են:
– Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ղազախստանցիները վախենում են նրանից, ինչ կարող է սկսվել Նազարբաեւից հետո: Կարելի՞ է ասել, որ այդ երկիրը հիմնված է մեկ մարդու վրա:
– Այո, այդպես է: Առավել եւս, որ բնակչության մի մասը ԶԼՄ-ների կողմից «մշակվել է» Ղրղըզստանի օրինակով: Այժմ Հյուսիսային Աֆրիկայում` Թունիսում, Եգիպտոսում տեղի ունեցող բռնությունների ակտիվ «քարոզչություն» է գնում: Հեռուստատեսությամբ հիմնականում դիակապտություններ են ցուցադրում: Նազարբաեւի` գործող նախագահի օրոք Եգիպտոսի տարբերակը քիչ հավանական է: Սակայն նրա հեռանալուց հետո թե՛ Թունիսի, թե՛ Եգիպտոսի սցենարները միանգամայն հնարավոր կդառնան: Առավել եւս, որ, ես վստահ եմ, էլիտայի մի մասը ինքը կսադրի իրադարձությունների զարգացման հենց այդ տարբերակը` օգտագործելով ամբոխին իբրեւ իր քաղաքական հակառակորդների վրա ճնշումներ գործադրելու միջոց: Այսօր էլ Ղազախստանում գոյություն ունեն բողոքական տրամադրություններ: Սակայն միասնականություն չկա: Առաջ են քաշվում երկրի հետագա զարգացման ինչ-ինչ մոդելներ, այդուհանդերձ, դրանց հեղինակները շատ լավ հասկանում են, որ գործող նախագահի հեռացումը կարող է հանգեցնել այդ մոդելների լիակատար փլուզմանը: Այդ պատճառով կարեւոր է, թե ինչ կկատարվի հետնազարբաեւյան շրջանում:
– Կա՞ն արդյոք որոշակի քաղաքական գործիչներ, ովքեր նախագահ դառնալու հավակնություններ ունեն:
– Ամենայն հավանականությամբ նման մարդիկ կան հենց նախագահի ընտանիքում: Կա արդեն հիշատակված Ռոխատ Ալիեւը, էլի ինչ-որ մարդիկ, ովքեր նույնպես այժմ գտնվում են արտասահմանում: Չի կարելի բացառել նրանց վերադարձը Ղազախստան: Ա՛յ այդ ժամանակ մեր երկրում «ուրախ» կլինի: