Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչները վստահեցնում են, որ տարեցտարի աճող գործազրկության եւ աղքատության պատճառով բնակչությունը փախչում է մարզից: Ըստ նրանց տվյալների` միայն Ուջանից 2010թ. ընթացքում արտագաղթել է 40 ընտանիք եւ բնակություն է հաստատել Ֆրանսիայում: «Էլ չենք ասում, թե հնարավորության դեպքում մարդիկ ոնց են փախնում Ռուսաստան»,- ասում են նրանք` վստահեցնելով, որ Ֆրանսիա մեկնած 40 ընտանիքների տվյալները կարող ենք արձանագրել անգամ դպրոցի սաների հաշվարկներով: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը մեր հարցին, թե արդյոք այս թիվն արտացոլո՞ւմ է իրական պատկերը, չկարողացավ պատասխանել` պատճառաբանելով, որ նման տվյալների հաշվարկ իրենք չեն կատարում։ «Մենք միայն ուղեւորահոսքերի տվյալներն ենք արձանագրում»,- ասաց նա, այնուամենայնիվ կիսելով այն կարծիքը, որ գյուղի համար բավական մեծ թիվ է 40 ընտանիքի արտագաղթը: