«Տաշիր Գրուպը»՝ 3-րդ հորիզոնականում

03/02/2011

Ռուսական «Forbes» ամսագիրն իր փետրվարյան համարում հրապարակել է Ռուսաստանի անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերի 30 հոգանոց ցուցակը: «Անշարժ գույքի արքաները» խորագրով վարկանիշային աղյուսակում ներկայացված են ֆիզիկական անձինք կամ ֆիզիկական անձանց խմբեր, որոնք տիրապետում են խոշոր առեւտրային անշարժ գույքի: Այս ցուցակի երրորդ տեղում է «Տաշիր» խմբի հիմնադիր ու սեփականատեր, հայազգի Սամվել Կարապետյանը, ով անշարժ գույքը վարձակալմամբ տրամադրելու դիմաց 2010թ. ստացել է 410 մլն դոլար եկամուտ: Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրն է: Կարապետյան եղբայրները 2010թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել են 2 մլն դոլար: Բացի այդ, նրանց նախաձեռնությամբ Ստեփանակերտում նորագույն բուժսարքավորումներով գերզինված հիվանդանոց է կառուցվում, որի բացումը տեղի կունենա այս տարի:

Ռուսաստանի անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերի 30 հոգանոց ցուցակում ներառված են միայն ԱՊՀ-ի քաղաքացիները, օտարերկրյա ընկերությունները հաշվի չեն առնվել: Ցուցակում յուրաքանչյուր ներկայացուցչի հորիզոնականը որոշվել է` հաշվի առնելով այն վարձավճարները, որը նա ստացել կամ դեռեւս ստանում է 2010թ. իր տիրապետության տակ եղած անշարժ գույքը վարձակալության հանձնելով: Այլ բիզնեսներից, այդ թվում` անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտները հաշվի չեն առնվում: Առեւտրային կենտրոններից եկամուտը հաշվարկվում է վարձակալության տրվող մակերեսներով: Այն տարածքները, որտեղ առեւտուր է իրականացնում տվյալ տարածքի տերը, նույնպես չեն հաշվարկվում: Հիմնվելով վարկանիշի արդյունքների վրա, «Forbes Russia»-ն եզրակացնում է, որ ՌԴ անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերից յոթի եկամուտները 2010թ. ավելացել են, սակայն ոչ թե` ի հաշիվ վարձավճարների ավելացման, այլ նոր օբյեկտների գնման կամ կառուցման: Դրանց թվում է Սամվել Կարապետյանը, ով ճգնաժամի ընթացքում ընդարձակել է բիզնեսը՝ գնելով սնանկացող ընկերությունների անշարժ գույքը: Այս նախագծերում Կարապետյանի ներդրումների ընդհանուր մեծությունը, ըստ «Forbes Russia»-ի, գերազանցել է 2 մլրդ դոլարը: Ընդ որում, նա անշարժ գույք ունի ոչ միայն Մոսկվայում, ինչպես ցուցակի` իրենից առաջ գտնվող երկու մասնակիցները, այլեւ Յարոսլավլում, Բելգրադում, Իվանովոյում, Կալուգայում, Սոչիում եւ Յալթայում: «Forbes»-ի նախորդ տարվա նույն ցուցակում Սամվել Կարապետյանի «Տաշիրի» եկամուտները վարձավճարներից կազմել էր 230 մլն: Այսինքն՝ 1 տարվա ընթացքում նա գրեթե կրկնապատկել է իր եկամուտներն այս գործունեությունից: 2010թ. անշարժ գույքի վարձակալությունից Կարապետյանից շատ են վաստակել միայն երկու գործարարներ` ադրբեջանցի Արաս Աղալարովը` Ադրբեջանի ներկայիս նախագահի խնամին, ով ներկայացնում է «Կրոկուս» ընկերությունների խումբը` 550 մլն դոլար, եւ «Կիեւսկայա պլոսչադ» խումբը ներկայացնող Զարախ Իլիեւը եւ Գոդ Նիսանովը` 520 մլն դոլար եկամուտ:

Ի դեպ, ռուսական «Կոմերսանտի» վերլուծաբանները նշում էին, որ «Տաշիր» խումբն այն եզակի մասնավոր ընկերություններից է, որը ճգնաժամային պայմաններում մեծ ներդրումներ է կատարում Մոսկվայի շինարարության ոլորտում: 2009-2010թթ. մի քանի ամիսների ընթացքում Սամվել Կարապետյանը մոտ 600 միլիոն դոլար էր ներդրել Մոսկվայի տարբեր շինարարական նախագծերում: Կարապետյանների «Տաշիր» խումբը 2009-2010թթ. ընթացքում իրականացրել է ներդրումային մի շարք նախագծեր, որոնցից վեցը հայտնվել են ՌԴ «Ճգնաժամային տարվա 61 նոր նախագծեր» վարկանիշային ցուցակում:

Ներդրումային ծրագրի արդյունքում «Տաշիր» ընկերության մանրածախ առեւտրի սրահների ընդհանուր թիվը Մոսկվայում 22-ից ավելի է` ներառյալ նաեւ «Սինեմա Սթար» 6 կինոթատրոնները, «Նաշ դոմ» 4 հիպերմարկետները, «Kids Garden 2» խանութները, «Վինոգրադ» գինու 2 խանութները, «Մոդնի Ալյանս», «Ranger» եւ «Wild West» հագուստի խանութների ցանցը: Ընկերության ենթակայության տակ գործում են նաեւ արագ սննդի 119 ռեստորաններ:

Ռուսական «Forbes» ամսագրի ՌԴ անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերի ցուցակում «Տաշիրն» առաջին անգամ հայտնվել է 2006թ.` զբաղեցնելով 24-րդ տեղը` անշարժ գույքը վարձակալմամբ տրամադրելու դիմաց ստանալով 29 մլն դոլար եկամուտ, 2007թ.` «Տաշիրն» արդեն 12-րդ տեղում էր` 67 մլն եկամուտով: 2008թ.-ին «Forbes»-ի ցուցակում Կարապետյան եղբայրների «Տաշիր» խումբը 11-րդ տեղում էր` 101 մլն դոլար եկամուտով, իսկ 2009-ին` 8-րդ տեղում` 40.000քմ գրասենյակային եւ 238.000քմ առեւտրային տարածքների անշարժ գույքը վարձակալմամբ տրամադրելու դիմաց ստանալով 130 մլն դոլար եկամուտ: