Մեր իշխանությունների գործունեությունն ամենեւին համահունչ չէ ոչ իրավիճակի, ոչ ժամանակի հետ: Հայտնի կատակին համահունչ` «Բա հո առողջ տրամաբանությունը թողած՝ փաստերի հե՞տ չեն հաշվի նստելու»: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ամենաթեժ պահին, օրինակ, ոգեկոչվեց ՀԴՄ ծրագիրը: Ոչ մի փաստարկ հաշվի չառնվեց: Ոչ այն, որ «Վասն հանապազօրյա բյուջեի» ներդրվող ՀԴՄ-ները աշխատատեղեր կկրճատեն: Ոչ էլ այն, որ այդ ձեռնարկը տնտեսական ճգնաժամի պարագային գնաճի պատճառ կդառնա: Այս ու այլ տարաժամ բարեփոխումների արդյունքում 2010թ. աննախադեպ գնաճ արձանագրվեց: Երկնիշ (10,6 տոկոսանոց) գնաճն արդեն պաշտոնապես կատարված փաստ Է: Ընդ որում, գնաճի մեջ ամենամեծ մասնաբաժին ունեն պարենային ապրանքները` 17 տոկոսից ավելին: Սպառման ապրանքների պարագային գնաճն ավելի համեստ է` մոտ 13,5 տոկոս: Պաշտոնական վիճակագրությունը 2010թ. թվերը հրապարակել է՝ դրանք համեմատելով 2005-ի ցուցանիշների հետ: Անցած հինգ տարիների ընթացքում պարենային ապրանքների գներն աճել են մոտ 52 տոկոսով: Սպառման ապրանքների գները` 42 տոկոսից ավելի: Ամենամեղմ բնորոշմամբ, կյանքը Հայաստանում առնվազն կիսով չափ թանկացել է: Բնակչության եկամուտները` տրանսֆերները, աշխատավարձերը, թոշակ-նպաստները աճի այս մրցավազքից լրջորեն ետ են մնում: Գնաճն, իհարկե, միանգամից ու մեկ օրում չեղավ: Ողջ տարվա ընթացքում պաշտոնական վիճակագրությունը աճ էր արձանագրում: Հետեւաբար կարելի էր ենթադրել, որ իշխանություններն այն մեղմելու ծրագրեր կմտածեն ու կիրականացնեն: Հատկապես, որ 2010թ. բյուջեում գնաճի երկու-երեք անգամ ավելի ցուցանիշ էին պլանավորել: Պլանավորել, ոչ թե կանխագուշակել: Կանխագուշակումներն, ի տարբերություն բյուջեի պլանավորման, չեն ամրագրվում՝ որպես ՀՀ օրենք: Մինչդեռ բյուջեն ՀՀ օրենք Է: Եվ ինչպես բոլոր մյուս օրենքների դեպքում` կատարումը պարտադիր է: Իսկ խախտումը կարող է քրեական պատասխանատվություն պարտադրել: Բայց մեր իշխանությունները նման մտավախություն չունեն: 2011թ. Երեւանի քաղաքապետարանը անողոք պայքար սկսեց փողոցային առեւտրի դեմ: Այս քայլն էլ, իհարկե, ներկայացվեց՝ որպես բարի կամքի դրսեւորում: Հերթական բարեփոխումն իրականացնելիս՝ իշխանությունները հաշվի չառան, որ փողոցային առեւտուրն իր մասշտաբներով հասարակական երեւույթ է: Եվ այն առումով, որ աշխատատեղ ու ապրուստի միջոց է ապահովում բնակչության նկատելի զանգվածի համար: Իսկ փողոցային առեւտրի հաճախորդը բնակչության ամենախոցելի խումբն է: Այսինքն` նրանք, ովքեր խնայում են շուկա հասնել-վերադառնալու ճանապարհածախսը: Հետո ո՞վ չգիտի, որ փողոցում նույն ապրանքն ավելի էժան է, քան շուկաներում ու խանութներում: Նոր քաղաքապետի պարագային էլ բերված փաստարկները հին էին: Էլի խոսվեց փողոցային առեւտրի անթույլատրելի սանիտարահիգիենիկ պայմանների, քաղաքի տեսքի, ստվերային տնտեսության դեմ պայքարի ու նման բաների մասին: Բա հո անկեղծ-անկեղծ չէի՞ն ասելու, որ երեւույթի հասարակական մասշտաբները հաշվի չեն առնում՝ ի շահ խոշոր խանութպան մոնոպոլիստների: Որ այդ բարեփոխման բուն նպատակը սպառողին խանութ ուղղորդելն է: Առանց այլընտրանքի: Տնտեսության մոնոպոլիստական բնույթն է այդպիսին: Մեր օլիգարխներն իրենց հոգեբանությամբ 19-րդ դարի խանութպաններ են: Միկիտանի` մանր պանդոկապանի հոգեբանությամբ: Իտալական մաֆիոզներից հայտնի արտահայտությամբ` «Մեր վերաբերմունքի մեջ անձնական ոչինչ չկա, դա պարզապես բիզնես է»: Հենց տնտեսական ճգնաժամի ընթացքում է մեր կառավարությունն իրագործում իր բարեփոխումները, որոնք իրենց մասշտաբներով հասարակական են: Խոսքը եւ ավտոմեքենաների պարտադիր պետական ապահովագրության, եւ ժամանակավոր անաշխատունակության դեպքում վճարումների կրճատման, հղիության նպաստների հաշվարկման մեթոդիկայի փոփոխության մասին է: Այս «մեթոդիկայի» բուն նպատակը հղիության դեպքում վճարվող նպաստների կրճատումն է: Բնականաբար: 2011-ը նշանավորվեց նաեւ Չինաստանից ու Թուրքիայից ներկրվող ապրանքների թանկացման փորձով: Իշխանություններն, իհարկե, հայտարարեցին, որ այս` հերթական, թանկացման հեղինակներն իրենք չեն, այլ բեռնափոխադրող ընկերությունները: Նույնիսկ խոստացան պարզել խնդիրը: Բայց դա, հավանաբար, այն պատճառով, որ տեսան, թե որքան ժողովուրդ մասնակցեց Տիգրան Կարապետյանի կազմակերպած հանրահավաքին: Իշխանություններին այս հանրահավաքը զարմացրեց ոչ միայն մարդաշատությամբ: Արմատական ընդդիմությունն ավելի մարդաշատ հանրահավաքներ է կազմակերպում: Անհանգստացնողը մասնակիցների սոցիալական շերտն է: Այս անգամ հավաքվել էին ոչ թե նրանք, ովքեր քաղաքական փոփոխությունների կողմնակիցներ էին: Թող ներվի բոլշեւիկյան բառապաշարի կիրառումը, հավաքվել էին «ով ճորտ է, մերկ է եւ ստրուկ»: Այսինքն` հասարակական այն շերտը, որը սոցիալական բունտերի ու հեղափոխությունների շարժիչ ուժն է: Նույն բոլշեւիկյան բառապաշարով` «ավանգարդը»: Եվ այս ամենը կատարվում է այն պահին, երբ աշխարհը «քաղում է» համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները: Խոսքը աղքատ երկրներում ընթացող սոցիալական բունտերի եւ հեղափոխությունների մասին է: Այս իմաստով եմ կրկնում, որ մեր իշխանությունների գործունեությունն ամենեւին համահունչ չէ ոչ իրավիճակի, ոչ ժամանակի հետ: Քաղաքական գործիչներից մեկը ժողովրդի ծանր սոցիալական վիճակը նկարագրող իր ելույթները միշտ ավարտում էր «Ես չեմ վախեցնում, ես վախենում եմ» արտահայտությամբ: