Կալկուլյացիայի վարպետը

03/02/2011

Մինչ հանրապետությունում խոսվում է հացի գնի հնարավոր բարձրացման մասին, Սյունիքի մարզկենտրոն Կապանում հարցը շատ կոնկրետ դրսեւորում ստացավ՝ 600գրամ կշիռ ունեցող հացը նախկին 210 դրամից դարձավ 240 դրամ: Դրան զուգահեռ՝ հայտարարվեց Կապանի դեղատներում դեղորայքի գինը 10%-ով իջեցնելու մասին: Թե ինչո՞վ էր պայմանավորված նման քայլը, փորձեցինք ճշտել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից: «Մինչեւ էրեկ չէ առաջին օրը էդ հացի գինը պահպանվել ա: Հիմա ալյուրի գինը թանկացել ա, հացի գինն էլ հետը թանկացել ա: Եթե ալյուրի գինը էժանացավ, հացի գինն էլ նույն ձեւով էժանանալու ա: Էսօր չէ, էս քանի տարի ա՝ Սյունիքում հացի գները տենց հսկողության տակ ա լինում, էլի, որովհետեւ ալրաղացներից մենք կարողանում ենք տեղեկանալ ալյուրի թանկացումն էլ, էժանացումն էլ: Հիմա էլ ալյուրի թանկացումով է պայմանավորված: Ես, ուրեմն, Ձեզ ասեմ մի բան, որ կարող եք ուսումնասիրել հանրապետության բոլոր տարածքներում հացի գները, էն, ինչ որ Սյունիքում կա, ոչ մի տեղ տենց գին չկա, որ 600 գրամ հացը Կապանում կամ Գորիսում 210 կամ 220 դրամ լինի, վերջն էլի ոչ մի տեղ էդպիսի գին չկա: Մնացած տեղերն առնվազն 40% թանկ ա: Կարող եք ուսումնասիրել, եւ հետո կխոսենք»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ս. Խաչատրյանը: Իսկ թե ինչն էր պատճառը, որ հացարտադրողները հացի գնի հարցում «բարիշեցին»՝ նախնական 270 դրամից գինը դարձնելով 240 դրամ, Ս. Խաչատրյանն այսպես մեկնաբանեց. «Ուզում էին դարձնել, բայց չեն կարող: Մենք ունենք կալկուլյացիա, հաշվարկ, թե Կապանից մինչեւ Արմաշ քանի կիլոմետր ա, ճանապարհածախսը, վառելիքը, գազը, ծախսվող հոսանքը, չգիտեմ, էս ա, էն ա, էդ կալկուլյացիային, ասենք թե, որպեսզի իրենք կարողանան աշխատավարձ, հարկային-բան տան, էդ 270-ը, որ ուզում էին դնեին, դա շատ թանկ գին կլիներ, դրա համար չթողեցինք, թողեցինք էդ 240դրամը»: Մարզի ղեկավարը հացի նման թանկացումը համարեց նորմալ երեւույթ, քանի որ, ըստ նրա, հանրապետությունում հացի գինը տարեկան 2 անգամ փոփոխվում է` հունիսին էժանանում է, հունվարին՝ թանկանում: Հաջորդ հարցին, թե մարզի ղեկավարը ինչպե՞ս կբացատրի դեղորայքի գնի 10% իջեցումը, Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Որովհետեւ ամեն ինչ թանկացել ա: Դե հիմա դեղորայքն էլ էն ա, որ մարդիկ շատ են օգտագործում, էլի: Եթե 20.000-անոց դեղը 2000 դրամ պակաս ծախի, օգտվո՞ւմ են մարդիկ, թե՞ չէ: Էս ա խնդիրը»: «Ես չեմ էլ ուզում էդ հարցիդ պատասխանել: Գոնե մի անգամ բան ունեցեք, էլի, այ մարդ: Էդ դառել ա ժողովրդական հարց»,- ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ անջատելով հեռախոսը: Ի դեպ, նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ մարզպետը նշանակվելու է նոր ձեւավորվելիք Ընդերքի նախարարության նախարար: