Ցանկացած պետական տոն մեզանում ցուցադրական միջոցառման է վերածվում: Բոլորիս արդեն հայտնի սցենար է` տոնական օրերին, որպես կանոն, պետական կարգավիճակ ունեցող հաստատություններում ոչ աշխատանքային օր է հայտարարվում, իսկ հեռուստաալիքները պահոցներից հինավուրց տեսագրություններ են հանում եւ ցուցադրում: Լավագույն դեպքում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայկական էստրադայի ծեծված ու անտաղանդ «աստղերի» մասնակցությամբ որեւէ համերգի ուղիղ հեռարձակում է ցուցադրվում հեռուստադիտողին: Ինչեւէ, այս ամենին մտովի գուցե չանդրադառնայի, եթե հունվարի 28-ին` Բանակի տոնի օրը համերգի հրավիրատոմս չստանայի: Համերգը տեղի էր ունենալու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան համերգասրահում: Առանց ծանոթանալու համերգի, այսպես ասած, բովանդակությանը, համոզված էի, որ հերթական «տոնական» միջոցառումն է լինելու: Մինչդեռ պարզվեց հակառակը: Դասական երաժշտության բացառիկ երեկո էր: Ու հատկապես անակնկալ էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ հանդես եկող 18-ամյա դաշնակահար Արտյոմ Աբրահամյանի կատարումը: Վերջինս կատարում էր Պրոկոֆեւի ստեղծագործություններից Դաշնամուրի կոնցերտ թիվ 1-ը: Համերգից հետո փորձեցի զրուցել Արտյոմի հետ: Իրեն հատուկ անմիջականությամբ էր նա պատասխանում հարցերին: Ասում է՝ համարյա 18 տարեկան է, 6 տարեկանից սկսել է դաշնամուր պարապել, բայց երաժշտության ասպարեզում հաստատվելու մասին մտածել է միայն 14 տարեկանում: «Մինչ այդ չէի մտածում պարապելու մասին: Ուրիշ ուղիով էի ուզում գնալ»,- նկատեց այժմ արդեն Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանող Արտյոմ Աբրահամյանը: «Այսօր մարդկանց հիմնականում ուրիշ բաներ են հետաքրքրում: Դասական երաժշտությունը, հատկապես երիտասարդներին, չի ձգում, որովհետեւ կարծում են, թե դա ապագա չունի: Երաժիշտը չի կարող իր գործունեությամբ նորմալ ընտանիք պահել, եթե, իհարկե, ուրիշ երկրում չի ապրում: Հայաստանում հնարավոր չէ: Դա իմ կարծիքն է»,- նկատեց Արտյոմը: Ըստ նրա՝ Հայաստանում իր տարիքի լսարանը սահմանափակվում է միայն երաժշտական կրթություն ստացող աշակերտներով կամ ուսանողներով: Իսկ դա երիտասարդ դաշնակահարի կարծիքով՝ պայմանավորված է դասական երաժշտության դժվար ընկալմամբ: «Դասական երաժշտությունն ավելի բարդ է, բոլորին մատչելի չէ այնքան, որքան փոփ երաժշտությունը կամ էստրադան: Պարզապես, մեր այսօրվա հասարակության մեջ քիչ են դասական երաժշտությամբ հաճույք ստացող մարդիկ: Իսկ նրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր որեւէ կերպ առնչվում են դրա հետ,- նշեց Արտյոմը, ով իր առաջին մեծ ելույթի մասին համեստաբար ավելացրեց,- Դեռ շատ աշխատանք պետք է տարվի»: «Արտյոմը մեծ հեռանկարներ ունի»,- համերգի ավարտին նկատեց Արտյոմի ուսուցիչ Վիլլի Սարգսյանը:
Չափազանց կարեւոր է, թե ինչպիսի ընտանիքում, ինչպիսի միջավայրում է մեծանում մարդը: Արտյոմը ասվածի վառ օրինակն է. համերգից հետո նրա ուսուցիչները եւ հանդիսականներից շատերը խոսում էին Արտյոմի պատրաստվածության, ինտելեկտուալ պաշարի, նրա մարդկային եւ պրոֆեսիոնալ արժանիքների մասին: Արտյոմ Աբրահամյանը մեծացել է երաժշտական միջավայրում, նա երաժշտությամբ է ապրում մանկությունից սկսած: Արտյոմի մայրը ճանաչված դաշնակահարուհի, կոնսերվատորիայի դոցենտ Աննա Մանդալյանն է, ով իր ստեղծագործական գործունեության ընթացքում մասնակցել է ավելի քան 12 օպերային բեմադրությունների, 1988-ից աշխատում է ԵՊԿ կոնցերտմայստերական նախապատրաստության ամբիոնում: Ա. Մանդալյանը որպես նվագակցող՝ բազմաթիվ ելույթներ է ունեցել եվրոպական մի շարք հեղինակավոր բեմերում, մասնակցել է բազմաթիվ մրցույթների եւ փառատոների` Իսպանիայում, Ռուսաստանում, Հունաստանում, Նորվեգիայում եւ այլուր: Հանդիսանում է հայկական, արեւմտաեվրոպական եւ ամերիկյան մի շարք կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողը: Իսկ Արտյոմի հայրը «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն է, ով, բացի այն, որ հայ ժուռնալիստիկայում իր ուրույն ձեռագիրն ու տեղն ունի, կրթությամբ երաժշտագետ է եւ ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան, արվեստագիտության թեկնածու է: