Արդեն մի քանի օր է՝ երեւանյան առեւտրի կետերում ալյուրի մեկ կիլոգրամը վաճառվում է նախկինից 35-50 դրամ բարձր գնով: Եթե նախկինում ալյուրի 1կգ-ն արժեր 210-250 դրամ, ապա այս օրերին այն դարձել է 280-300 դրամ:
Ստեղծված իրավիճակը Հայաստան ցորեն ներկրողները բացատրում են համաշխարհային բորսաներում արձանագրվող գնաճով: Ընդ որում՝ անընդհատ շեշտում են այն, թե ցորենի գինը հասել է անցած 13 ամիսների առավելագույն գնին: Ինչպես, օրինակ, Չիկագոյի ապրանքային բորսայում ցորենի գինը 1 շաբաթվա ընթացքում բարձրացել է 8,3%-ով: Ընդ որում, նախորդ տարվա հունիսին Չիկագոյի ապրանքային բորսայում մեկ բուշել ցորենը (27,2կգ) արժեր 4,4դոլար, իսկ դրանից 2 ամիս անց կրկնակի թանկացավ՝ հասնելով 8,12 դոլարի: Հայաստանի որոշ մասնագետներ էլ միջազգային շուկայի գնային նման աճը պայմանավորում են ցորեն արտահանող հիմնական երկրների՝ Ռուսաստանի, Կանադայի, Ավստրալիայի եւ Ղազախստանի անբարենպաստ եղանակային պայմանների հետեւանքով հացահատիկի բերքի նվազմամբ: Հացահատիկ ներկրող հայաստանյան խոշոր ընկերություններից՝ «Մանանա գրեյն» ընկերության նախագահ Գուրգեն Նիկողոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրենք ցորեն ներկրում են թանկ գներով, եւ, հետեւաբար, դա ազդել է ալյուրի գնի վրա: Գ. Նիկողոսյանի փոխանցմամբ՝ ցորենի գինը բարձրացրել են մատակարարները: Ներկայումս վրացական Փոթի նավահանգստից ցորենի 1 տոննան կարելի է ձեռք բերել 415 դոլարով՝ նախորդ տարվա հունիսի 200 դոլարի փոխարեն: Բացի այդ, թանկացել են նաեւ ռուսական սահմանից մինչեւ Փոթի նավահանգիստ տեղափոխման ծախսերը: Ըստ Գ. Նիկողոսյանի՝ եթե, օրինակ, նախկինում 1 պարկ ալյուրն արժեր 7500 դրամ, ապա այսօր արժե 11.253 դրամ: Այս օրերին Հայաստանը հացահատիկ ներկրում է հիմնականում Ղազախստանից: Ուկրաինայից եւ Ռուսաստանից բավական դժվարացել է հացահատիկի ներկրումը: Հիշեցնենք, որ ՌԴ Կառավարությունը մինչ 2010թ. դեկտեմբերի 31-ն արգելել էր երկրից հացահատիկի արտահանումը: Դա պայմանավորված էր Ռուսաստանում ամառային հրդեհներով, որոնք ոչնչացրեցին ավելի քան 1մլն հա ցանքատարածություն: Ինչեւէ, ալյուրի գնի բարձրացման հետեւանքներն արդեն նկատվել են հացաբուլկեղենի արտադրության ոլորտում: Երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում շրջելով՝ պարզեցինք, որ հացաբուլկեղենի գնի բարձրացումը ոչ բոլոր վաճառակետերում է նկատվել: Ընդ որում՝ բավական հակասական պատկեր ստացվեց: Եթե սուպերմարկետներում հացաբուլկեղենի գները որեւէ փոփոխություն չէին կրել, եւ աշխատակիցները հավաստիացնում էին, որ իրենց մոտ հացի գնի թանկացումներ չկան, ապա իրավիճակն այլ է երեւանյան փոքր խանութներում ու կրպակներում: Որոշ կրպակներում բուլկեղենի գներն արդեն բարձրացրել են 10-20 դրամով: Խաչապուրու վաճառքի կետի աշխատակիցը նշեց, թե օրեր առաջ խաչապուրու գինը 50-ով թանկացել է: «Երբ մենք հարցնում ենք, թե՝ ինչի՞ եք թանկ տալիս մեզ, ասում են՝ ալյուրը թանկ ենք առնում: Պատասխանը դա ա: Հիմա դա անվանում են բիզնես, բայց առաջ դա կոչվում էր սպեկուլյացիա: Եթե ես հիմա խաչապուրին առնում եմ 125 դրամով, մի 25 դրամ էլ ես պիտի ավելացնեմ, չէ՞: Ոնց առել եմ, տենց վաճառեմ, էդ էլ ճիշտ չի»,- նշեց երեւանյան վաճառակետերից մեկի վաճառողը: Վերջինս խաչապուրու 1 հատը վաճառում է 200դրամով: «Մի քանի օրից հացը թանկանալու ա, դուք կտեսնեք, թե ինչ գների են հասցնելու»,- ասաց հաց վաճառողներից մեկը: Ներկայումս 320 գրամ կշիռ ունեցող հացի միջին գինը 120 դրամ է: «Ուրարտու Ադելինա» հացարտադրող ընկերության աշխատակիցը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, թե իրենք հացի գինը դեռեւս չեն բարձրացրել, եւ ամեն ինչ կանեն՝ հացը չթանկացնելու համար: Չնայած հացարտադրողների այդ հավաստիացումներին, հացի վաճառքի կետերում այդ տարբերակը համարեցին անիրական: Առեւտրականների կարծիքով՝ կամ հացի գինն են բարձրացնելու, կամ կշիռն են նվազեցնելու: Իսկ կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը կարծում է, որ ալյուրի գնի բարձրացմամբ հացի որակն ավելի կվատանա: Ըստ նրա՝ ավելորդ աժիոտաժից խուսափելու համար հացարտադրողներն ուղղակի կնվազեցնեն հացի կշիռը: Այդպիսով՝ ավելի շատ հավելանյութեր կօգտագործվեն հացի փքուն տեսքն ապահովելու համար: «Մի ամիս հացի կշիռը կիջեցնեն: Դրան զուգահեռ՝ կավելացնեն քիմիական նյութերը, որպեսզի հացի տեսքը մնա նույնը: Եթե 1 հացի թխման համար պայմանականորեն օգտագործում են 400 գրամ ալյուր, ապա հիմա 30-40 գրամ կքչացնեն, փոխարենը հավելանյութերով ապահովելով կշիռը: Վիզուալ տեսակետից հացը նույնը կմնա»,- ընդգծեց Ա. Սելիմյանը՝ անդրադառնալով հացի որակական խնդիրներին: Նրա հավաստմամբ, այսօր Հայաստանը չի ներկրում տարեկան ցորեն, մինչդեռ հայաստանյան խանութներում կարող ենք տեսնել տարեկան ալյուրից պատրաստված հաց: Ի դեպ, նշենք, որ երեւանյան խանութներում իսկապես վաճառվում է նման մակագրությամբ հացատեսակ, որն արժե 180 դրամ: «Հացի ոլորտում վեահսկողություն ընդհանրապես գոյություն չունի: Երկիրն անցել է բացարձակ անգրագետ մարդկանց ձեռքը: Ինչ տեսչություն բացում են, մի քանի ամսվա ընթացքում դառնում է սեփական դուքան: Սպառողների միությունն էլ է դուքան: Այս փնթի երկրում սպառողների 3 միություն ունենք: Այսօր ոչ սեւ, ոչ էլ գորշ հաց չի արտադրվում: Սպիտակ ալյուրը ներկելով՝ ստանում են նման հացատեսակներ»,- նշեց Ա. Սելիմյանը` ավելացնելով, որ այսօր վաճառվող հացը վնասակար է մարդկանց առողջության համար: Ա. Սելիմյանի փոխանցմամբ՝ հացը պարունակում է գենախախտ սոյա, որն առաջացնում է հիվանդությունների մի ամբողջ փունջ: Կենսատեխնոլոգի հավաստմամբ՝ այսօր ոչ միայն հացի, այլեւ լավաշի որակն են վատացրել: «Մեր շուկայում կան լավաշի տեսակներ, որոնք գովազդներում կոչում են դիետիկ: Սա է ամենավտանգավորը: Ոմանք լավաշի պիտակների վրա գրում են՝ առանց խմորիչի լավաշ: Հիվանդներից շատերն էլ նախընտրում են դա՝ կարծելով, թե անվտանգ է: Մինչդեռ առանց խմորիչի լավաշ՝ նշանակում է՝ վաճառել եփած օսլա (կրախմալ): Իսկ դա սովետական տարիներին, եթե կհիշեք, ալյուրով պատրաստված սոսինձն էր, որը պատերին էին քսում պաստառներ ամրացնելու համար: Նույն այդ լավաշները կարելի է տաք ջրում բացել: Դա նույն սոսինձն է: Ստացվում է այնպես, որ երկարացված ժապավեններ են արտադրում»,- ասաց Ա. Սելիմյանը: Ըստ նրա՝ վերջին տարիներին Հայաստանում շաքարախտով հիվանդների թիվը 30%-ով աճել է, ինչը, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է նաեւ այսօրվա հացի որակով: