…Իսկ եթե դեսպա՞նն է ոտնահարում հյուրընկալության կանոնները
Մենք տեսանք, որ դիվանագիտական հարաբերությունների բնականոն վիճակի խախտման դեպքում տուժող կողմը, որպես կանոն, լինում է դեսպանը: Բացի այդ, թեպետ նա ունի անձեռնմխելիության «պատյան», նրա գլխին հաճախ «սարքում են»: Դա եղել է եւ՛ հնում, եւ՛ նոր ժամանակներում: Դեսպանի վրա, այսպես թե այնպես, կախված է դամոկլյան սուրը, եւ մազի կտրվելը երբեմն տեղի է ունենում նրանից անկախ: Մի երկու խոսք դամոկլյան սրի մասին, քանի որ այդ դարձվածքին մենք կրկին հանդիպելու ենք գրքում, եւ քանի որ դրա ծագման հիմքում ընկած է հունական քաղաքական ինտրիգը, սադրանքն ու բամբասանքը:
…Սիցիլիական Սիրակուզայի միահեծան կառավարիչը` նույն ինքը՝ տիրան Դիոնիսոս Ավագը հայտնի էր իր դաժանությամբ եւ անողոքությամբ: Իսկ պալատում, ինչպես յուրաքանչյուր շեֆի աշխատանքային ապարատում, ծաղկում էր բամբասանքը, մատնությունն ու նախանձը: Պալատականները շշնջում են Դիոնիսոսի ականջին. «բա չես ասի, քո մտերիմ Դամոկլն ասում է, թե կցանկանար ապրել տիրանի պես»: Զայրացած տիրանն այնժամ կազմակերպում է ճոխ ճաշկերույթ եւ, Դամոկլին զուգել-զարդարելով, նստեցնում է ամենապատվավոր տեղում: Խնջույքի թեժ պահին Դամոկլի հայացքը հանկարծ ընկնում է առաստաղին: Ճիշտ գլխավերեւում նա տեսնում է երկսայր մի մեծ սուր` կախված ձիու մազից: «Ի՞նչ է սա,- սարսափած հարցնում է նա,- եւ ի՞նչ կնշանակի»: «Դա կնշանակի, որ մենք` տիրաններս, մշտապես ապրում ենք հենց այսպես, կործանման եզրին, կախված մազից: Այնպես որ, մեզ մի նախանձի, ապուշ»,- թունոտ ժպիտով պատասխանում է Դիոնիսոսը:
Այժմ այն մասին, թե ինչ փորձանք կարող է գալ դեսպանի գլխին, հենց յուրայինների կողմից, եթե նա վրիպում է կամ սխալ է թույլ տալիս:
…Պարսկաստանի արքայից արքա Դարեհի դեսպանը հանձնարարականով եկավ Արեւմտյան Փոքր Ասիայում գտնվող պարսից փոխարքայի` սատրապի նստավայրը: Դեսպանի խոսքի եւ պահվածքի մեջ հնչեցին գոռոզամտության եւ սնապարծության նոտաներ, որով նա խախտեց արքունիքում սահմանված էթիկետը: Սատրապ Օյարտեսն ատեց հյուրին: Բայց այնքան խելք ունեցավ, որ ճաշի ժամանակ չմորթեց նրան: Իսկ երբ դեսպանը գոհ եւ ուրախ բռնեց տան ճամփան, մարդասպանները հասան հետեւից, սպանեցին խեղճ մարդուն եւ թաղեցին, ծառային ու ձիուն էլ հետը:
Ժողովուրդների հայր Ստալինն, ինչպես հայտնի է, շատ կարդացած մարդ էր: Նա հավանաբար ծանոթ էր այս պատմությանը եւ նույն դաժանությամբ էր վարվում այն դեսպանների հետ, որոնք իրեն դուր չէին գալիս կամ իր դեմ որեւէ խոսք էին ասում: Բուլղարիայում խորհրդային դեսպան Ֆեոդոր Ռասկոլնիկովը 1938 թ. Սոֆիայում հանդես եկավ հայտարարությամբ, որում քննադատեց Ստալինին եւ քաղաքական ապաստան խնդրելով՝ մնաց այդ երկրում: Կարդա` կնքեց մահկանացուն: Որոշ ժամանակ անց հենց Բուլղարիայում ծԽԹԺ-ն վերացրեց նրան: Այդուհանդերձ, սեփական դեսպանի սպանությունը հազվագյուտ դեպք է:
…Պատմահայր Հերոդոտն իրեն հատուկ հետաքրքիր ոճով պատմում է, թե ինչպես է դեսպանը կորցնում անձեռնմխելիության կարգավիճակն այն դեպքում, երբ ինքն է ոտնահարում օտար երկրի օրենքները, չարամտորեն վիրավորանք հասցնում իրեն հյուրընկալողի մարդկային արժանապատվությանը:
Այսպես: Արքայից արքան իր դեսպաններին «հողի ու ջրի» է ուղարկում Մակեդոնիա: Սա պարսիկների սիրած դիվանագիտական դեմարշներից մեկն էր, որը նշանակում էր՝ տվյալ պետության քաղաքական եւ տնտեսական վերջնագիր` ուլտիմատում, որի մերժումը սովորաբար բերում էր ռազմական ներխուժման, ավերածության, բռնազավթման եւ ստրկացման: Մահացու վտանգի դեմ հանդիման՝ մակեդոնացիները խոստանում են բավարարել պարսիկների պահանջը: Կառավարիչ Ամյունտասը դեսպաններին հրավիրում է մեծաշուք ընթրիքի: Հելլադայի բոլոր պետություններում հյուրընկալության օրենքն ամենահարգալից օրենքներից մեկն էր, ինչպես Կովկասում է: Հյուրը սուրբ էր համարվում եւ արժանանում մեծամեծ պատիվների: Կերուխումից հետո պարսիկները շարունակելով գինարբուքը, ասում են հետեւյալը. «Մակեդոնացի բարեկամներ, մեզ՝ պարսիկներիս մոտ կարգն այն է, որ խնջույք տալուց հետո սեղանի մոտ բերենք նաեւ մեր հարճերին եւ օրինական կանանց: Այժմ դու եւս, որ մեզ այսքան սիրալիր ընդունեցիր եւ շքեղ հյուրասիրեցիր, եւ միաժամանակ արքային խոստացար տալ «հող եւ ջուր», հետեւի՛ր մեր այդ սովորությանը»: Ամյուտասը նրանց պատասխանում է այսպես. «Ով պարսիկներ. մեր կարգն այդպես չէ, այլ տղամարդիկ խնջույքի նստում են կանանցից առանձին: Բայց քանի որ դուք մեր տերերն եք, եւ այդպես է ձեր կամքը, ապա այդ ամենը ձեզ կտրամադրվի»: Այդ ասելով՝ կառավարիչը պատվիրում է հրավիրել կանանց: Նրանք շարքով նստում են պարսիկների դիմաց: Գեղեցիկ կանանց տեսքից` գինին եւ մեկ ուրիշ հեղուկ եւս խփում է պարսիկների գլխին, նրանք տեղի վրա փորձում են բռնաբարել մակեդոնուհիներին: Ամյունտասի որդին` Ալեքսանդրը (չշփոթել Ալեքսանդր Մակեդոնացու հետ), հազիվ զսպելով իրեն, դիմում է պարսիկներին. «Ով հյուրեր, այս կանայք լիովին մատչելի են ձեզ համար, եւ դուք, ձեր ցանկությամբ, կարող եք խառնվել նրանցից մի քանիսի հետ` նույնիսկ բոլորի հետ: Ուստի, եթե ձեզ համար հաճելի է, թույլ տվեք այս կանանց գնալ լվացվելու, իսկ լվացվելուց հետո նրանց կընդունեք»: Պարսիկները համաձայնվում են, իսկ Ալեքսանդրը դուրս եկած կանանց ուղարկում է իրենց կացարան: Հետո նույնքան թվով անմորուք երիտասարդների կանացի զգեստ հագցնելով եւ դաշույններ տալով, բերում է ներս եւ ասում պարսիկներին հետեւյալը. «Ով պարսիկներ. թվում է, թե դուք շքեղ խրախճանք վայելեցիք: Այն ամենը, ինչը մենք ունեինք եւ ինչ կարող էինք ճարել, ահա ձեր առջեւ է: Մենք, առանց խնայելու, ձեզ տրամադրել ենք նաեւ մեզ համար ամենաթանկը` մեր մայրերին ու քույրերին, որպեսզի դուք հաստատ համոզվեք, թե մենք ինչպիսի պատիվներ, որոնց դուք արժանի էիք, մատուցեցինք ձեզ, եւ որպեսզի հաղորդեք ձեզ ուղարկած արքային, թե` Մակեդոնիայի հելլեն կառավարիչը ինչպիսի սիրալիրությամբ ձեզ հյուրընկալեց խնջույքով եւ անկողնով»: Այդ ասելով, Ալեքսանդրը յուրաքանչյուր պարսիկի կողքին նստեցնում է կանացի զգեստով մի մակեդոնացու: Կատարները տաքացած պարսիկները փորձում են իրագործել իրենց մտադրությունը հենց սեղանների վրա: Տանտերերն էլ հենց սեղանների վրա մորթում են բոլոր դեսպաններին: Հետո սպանում են դրսում գտնվող սպասավորներին, ձիերին եւ բոլորին միասին` կառքերով ու կահ-կարասիով հանդերձ թաղում: Որոշ ժամանակ անց Դարեհի մարդիկ ջանադիր փնտրում են դեսպաններին, բայց` ապարդյուն: Ալեքսանդրը խորամանկորեն թաքցնում է կատարվածի հետքերը: Անհետացածներին փնտրելու համար ուղարկվածների զորապետ Բուբարիսին էլ մեծ գումար կաշառք է տալիս: Այսպիսով, դեսպանների սպանդն առհավետ թաղվում է նրանց հետ:
Դեսպանը դուրս է ամեն կասկածից
Հելլենական պոլիսների միջեւ հարաբերությունների բնույթը հուշեց, որ դրանց հաջող զարգացումը պահանջում է ունենալ համապատասխան մեխանիզմներ: Այդ նպատակով ստեղծվեցին հատուկ լիազոր անձանց կամ դեսպանների խմբեր, որոնք կոչվում էին «ավագանի»: Մշտական գործող դեսպանություններն՝ իրենց հաստիքներով, նստավայրերով եւ կարգավիճակով, ինչպես ներկայումս է, բացակայում էին Հունաստանում: Դեսպանություն ասելով՝ այնտեղ նկատի էին ունենում բանբերների կամ դեսպանների պատվիրակություններ, ովքեր կատարելով իրենց առաքելությունը՝ վերադառնում էին հայրենիք: Մեր հետագա շարադրանքում մենք նույնպես դրանց կանվանենք դեսպանություններ: Միեւնույն դեսպանության կազմում կարող էին լինել մեկից ավելի դեսպաններ` բոլորն էլ օժտված նույն իրավասությամբ եւ արտոնություններով: Իսկ դրանք ավելի լայն էին, քան արդի դեսպաններինն են: Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն այսօր դեսպանընկալ երկրում համաձայնագիր կամ այլ պայմանաիրավական փաստաթուղթ ստորագրելու համար պետք է ունենա իր կառավարության հատուկ գրավոր լիազորությունը: Հելլեններն ազատված էին նման ձեւականությունից: Ժամանակակից դեսպանը որեւէ վճռական քայլ, բանավոր կամ գրավոր կարեւոր հայտարարություն անելուց առաջ պետք է դրանք համաձայնեցնի Կենտրոնի` կոնկրետ Արտգործնախարարության հետ: (Գրքում «Կենտրոն» բառը հաճախ փոխարինում է «ԱԳՆ» հապավմանը): Հին Հունաստանում դրա անհրաժեշտությունը չի եղել: Ընդհանրապես, նրա դիվանագետները շատ ավելի ազատ են եղել իրենց գործողություններում, քան մեր դիվանագետները: Ուրեմն, նրանց լոյալության նկատմամբ վստահությունն ավելի մեծ է եղել, քան հիմա մեր դեսպանների նկատմամբ է, ինչն, իր հերթին, ավելացրել է ինքնուրույն գործելու հնարավորությունը, հետեւաբար՝ նաեւ դիվանագիտական գործողությունների օպերատիվությունը: Սա խոսում է Հելլադայի դիվանագիտության դեմոկրատական բնույթի մասին: Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ այդ բնագավառի կադրային քաղաքականությանը: Այսպես, Աթենքում, Սպարտայում, Կորինֆում եւ հունական մյուս պետություններում դեսպաններին ընտրում էր Ժողովրդական ժողովը՝ («Ekklesia»)՝ միանգամայն բաց եւ թափանցիկ ընտրությունների ճանապարհով:
Իսկ ի՞նչ պահանջներ էին ներկայացվում դեսպաններին: Նրանք, որպես կանոն, պետք է ունենային բարձր կրթական մակարդակ, լայն մտահորիզոն, էրուդիցիա, տիրապետեին մի քանի օտար լեզուների եւ, անպայմանորեն` հռետորական արվեստին, ինչը շատ զարգացած էր Անտիկ աշխարհում եւ որոշիչ դեր էր խաղում երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Թեպետ Աթենքում դեմոկրատիան հարգի էր, եւ փողոցի մարդը, գոնե առերեւույթ, կարող էր մասնակցել պետության քաղաքական կյանքին, սակայն դիվանագիտությունն, այնուամենայնիվ, մնում էր ընտրյալների մենաշնորհը: Դեսպանը չէր կարող լինել ընչազուրկ: Նա պետք է պատկաներ հարուստների խավին, վայելեր հասարակության հարգանքը, ունենար տոհմական ու ազնվական ծագում եւ 50-ից երիտասարդ չլիներ: Այստեղից էլ, երեւի, Հին Հունաստանում առաջանում է դեսպանների «ավագանի» դասը: Անտիկ աշխարհում, ի տարբերություն դիվանագիտության ներկա ղեկավարների, լավ էին հասկացել, որ անգամ ֆիզիոլոգիական առումով նպատակահարմար է դեսպան նշանակել կյանք ապրած եւ փորձառություն ունեցող անձնավորության: Հունական փորձից ելնելով, ամերիկյան դիվանագիտության մեջ հաճախ է կիրառվում առանցքային երկրներում հասուն տարիքի դեսպաններ նշանակելու պրակտիկան:
Իսկ մեր հայկական արտաքին քաղաքականության գերատեսչությունը նոր արահետներ բացեց դիվանագիտության ջունգլիներում. երեսուն տարին չբոլորած եւ առաջին անգամ նախարարություն ոտք դրած անփորձ երիտասարդները որպես դեսպաններ աշխատանքի մեկնեցին Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող երկրներ: Մենք հայհոյում ենք բոլշեւիկներին, սակայն նրանք պետական պատասխանատու օղակներում հիմնականում կարգում էին հասուն եւ փորձառու կադրերի: Ինչեւէ:
Աթենքում դիվանագիտական աշխատանքի վարձատրությունը միանգամայն ցածր էր եւ կրում էր խորհրդանշական բնույթ: Այն պատվաբեր, բայց ոչ եկամտաբեր զբաղմունք էր: Դեմոկրատիայի, թափանցիկության եւ հրապարակայնության պայմաններում էր կատարվում ոչ միայն դեսպանների նշանակումը, այլ նաեւ օտար դեսպանների ընդունելության արարողությունը: Աթենք ժամանած օտարերկրյա դեսպանությանը դիմավորում էր քաղաքային իշխանության այն ներկայացուցիչը, ով պատասխանատու էր միջազգային հարաբերությունների համար: Այսօր դա կոչվում է ԱԳՆ-ի արարողակարգ: Դեսպանությունը տեղավորվում էր Աթենքից դուրս, պանդոկներում, եւ նրան հայտնվում էր Ժողովրդական ժողով այցելելու ժամանակացույցը: Գործում էր քաղաքական հաշվարկը. որքան կարեւոր երկիր էր ներկայացնում դեսպանությունը, այնքան բարձրորակ էր նրա իջեւանած պանդոկը, այնքան արագ էր նա կանգնում «Ekklisia»-ի առաջ: Եվ հակառակը: Լինում էին դեպքեր, երբ դեսպանությունն ամիսներով սպասում էր` բոմժերի ու առնետների հարեւանությամբ, եւ ձեռնունայն վերադառնում տուն: Եղել են ավելի վատ տարբերակներ. դեսպանությանը մեղադրել են լրտեսության մեջ եւ նրա անդամներին մահապատժի են ենթարկել: Ներկայանալով Ժողովրդական ժողով, դեսպանը կամ դեսպանները ներկաներին ծանոթացնում էին իրենց հավատարմագրերի բովանդակությանը: Այն գրանցված էր լինում երկտակ սալիկների վրա, որոնք հունարեն կոչվում էին՝ «դիպլոմա»: Այստեղից էլ բոլոր լեզուներում ընդունված «դիպլոմատիա» եւ «դիպլոմատ» բառերը: Իսկ հայերենում «դիվանագիտություն» եւ «դիվանագետ» արտահայտությունների հիմքում ընկած է «դիվան»` «արխիվ», «գրասենյակ» բառը: Հավատարմագրերի հանձնման արարողությանն իրավունք ուներ մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի, հարցեր տալ օտար դեսպանին, իր կարծիքը հայտնել, հանդես գալ դիտողություններով եւ առաջարկություններով:
Պաշտոնական մասից հետո դեսպաններին հրավիրում էին նրանց պատվին կազմակերպված հատուկ ճաշկերույթի` Ակրոպոլիսի մոտ գտնվող ընդունելությունների տանը, թատերական ներկայացումների, խաղերի եւ տոնակատարությունների, մատուցում էին թանկարժեք ընծաներ: Այս ամենն այսօր էլ է կատարվում բոլոր պետությունների արարողակարգերում: Իսկ երբ դեսպանությունը վերադառնում էր արտասահմանյան գործուղումից, առաջին հերթին ներկայանում էր 500 հոգիանոց խորհուրդին, որը հավաքվում էր, այսպես կոչված, Հանդիսությունների դահլիճում: Խորհուրդը Ժողովրդական ժողովին զեկուցում էր իր եզրակացությունը դեսպանի մասին, որից հետո վերջինս հանդես էր գալիս ժողովի բաց նիստում, որտեղ ամենավերջին քաղաքացուն անգամ իրավունք էր վերապահված մանրամասն «հարցաքննել» դիվանագետներին իրենց արած-չարածի եւ ծախսած փողերի մասին: Ներկա էր լինում մինչեւ 6 հազար քաղաքացի: Եթե դեսպանների գործերում ի հայտ էին գալիս լուրջ պարտազանցություններ եւ ֆինանսական խախտումներ, գործը հանձնվում էր դատարան` արեոպագ, որի անդամները երեսունից երիտասարդ չպետք է լինեին: Դատարանի վճիռը կախված էր զանցանքի ծանրությունից: Այն տատանվում էր տուգանքից մինչեւ մահապատժի միջեւ:
Ամենավառ երեւակայությունն անգամ անզոր կլինի՝ պատկերացնելու համար մեր դեսպանների հաշվետվությունն ազգային ժողովի կամ հասարակության առաջ:
Մենք արդեն նշեցինք, որ Հելլադայում դեսպաններ նշանակվում էին ֆինանսապես ապահովված, ինչպես ասում են՝ «կյանքն ապրած», «աչքը կուշտ» մարդիկ: Կադրերի նման ընտրության նպատակը կոռուպցիայի եւ ֆինանսական չարաշահումների բացառումն էր: Սակայն մարդը` Հելլադայում էլ էր մնում մարդ` իր թուլություններով հանդերձ:
…Աթենացի դեսպան Տիմագորը բանակցություններ էր վարում պարսից Արթաքսերքս II արքայի հետ (367 թ.): Արքան թանկարժեք ընծաներ նվիրեց դեսպանին, «ձեռքի հետ» էլ հավաքագրեց նրան: Իշխանությունները տեղեկացան կատարվածի մասին եւ կախեցին Տիմագորին` մեղադրելով հայրենիքի դավաճանության մեջ: Դիվանագետների` ստացվող նվերների նկատմամբ զգուշավոր վերաբերմունքը փոխանցվել է դիվանագետների հաջորդ սերունդներին: Օրինակ` ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ունի օրենք դիվանագետի ստացած նվերի վերաբերյալ. 50 դոլարից բարձր արժեք ունեցող նվերները հաշվառվում եւ հանձնվում են պետությանը:
Շարունակելի