«Լուվր» թանգարանը Փարիզի Պուասսի արվարձանում գտնվող բանտում ցուցադրություն է կազմակերպել: Հայտնի նկարիչների գործերի վերատպություններից բաղկացած ցուցահանդեսը կրում է «Պատերից այն կողմ» խորագիրն ու հատուկ ընդգծված կրոնական բնույթ ունի: Բանտի բակում, հատուկ լուսավորության պայմաններում, կախվել են Կարավաջոյի, Մուրիլյոյի, Ժերիկոյի եւ այլ նկարիչների կտավները:
Պուասսի բանտը նախկինում մենաստան է եղել, որտեղ այժմ ծանր հանցագործություններ կատարած մի քանի հարյուր բանտարկյալներ են պահվում: Ուշագրավն այն է, որ բանտարկյալները փաստորեն այս ցուցահանդեսի կուրատորներ են հանդիսացել (իրենք են ընտրել աշխատանքներն ու կատալոգի համար ներածական տեքստեր գրել): Բանտում քանդակագործական ու գեղանկարչական խմբակներ են գործում: Ֆրանսիայի Արդարադատության նախարարությունը` վստահ լինելով, որ արվեստը մեծ ներգործություն ունի մարդկանց վրա, որոշել է բոլոր բանտերում շրջիկ ցուցահանդեսների կազմակերպման ավանդույթ ստեղծել: