Արդեն մի քանի օր է` համացանցում հայ դասական մատենագրության թվանշային գրադարան է գործում: Երկարատեւ աշխատանքի արդյունք հանդիսացող «digilib.am» կայքն իր վիրտուալ գրադարանում է հավաքագրել ու արագ որոնելի է դարձրել հայկական գրական ժառանգության ահռելի մի հատված:
Այս գրադարանի ստեղծման աշխատանքները սկսվել են դեռ 10 տարի առաջ, երբ Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախկին ղեկավար Հարություն Արմենյանը փորձեց համախմբել Հայաստանի ու Սփյուռքի ֆինանսական ու մարդկային ռեսուրսները` գրական ժառանգությունը նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների առաջարկած գործիքների միջոցով ներկայացնելու համար: Կայքի շնորհանդեսի ժամանակ Հ. Արմենյանը նշեց, որ թվանշային համակարգերը թույլ են տալիս չմիջնորդավորված կերպով հաղորդակցվել սեփական մշակութային ժառանգության հետ` այդ գործը դարձնելով մատչելի ու ամբողջական:
Գրադարանը բաղկացած է երեք խոշոր բաժիններից` հայ դասական մատենագրություն (5-17 դարեր), արեւմտահայ եւ սփյուռքի գրականություն եւ հայագիտական ուսումնասիրություններ: Կարելի է որոնել գիրքը, հրատարակչությունը, թեմաներն ու հոդվածները: Հայ մատենագրության թվանշային գրադարանի ստեղծողները մեծ ծավալի գործ են կատարել` արտասահմանում գտնվող հայ կրթօջախներից (Վենետիկից, Վիեննայից, ԱՄՆ-ից) հավաքագրելով ու թվանշայնացնելով հայկական գրավոր ներկայության հետքերը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը կայքի հեղինակներին «ժամանակակից ճգնավորներ» անվանեց, որոնք տարիներ շարունակ մեկուսանալով աշխարհից` նվիրումով իրենց գործն են կատարել ու նման ամբողջական շտեմարան են ստեղծել: Գրադարանում տեղ են գտել մոտ 2 հազար գրական նմուշներ, եւ այդ ցանկն անընդհատ ընդլայնվելու միտում ունի: Ըստ թվանշային գրադարանի գիտական ղեկավար, ազգագրագետ Մերուժան Կարապետյանի` իրենց հերթին են սպասում գիտական մամուլն ու հայալեզու թերթերը, որոնք նույնպես գրական ժառանգության մի մասն են:
Իրականում «digilib»-ը բազմաթիվ իմաստներ պարունակող վիրտուալ կառույց է, որը կրթական, մշակութային, գիտական կարեւորություն ունեցող դաշտ է բացում։ Հետաքրքրող նյութերը կարելի է արագորեն որոնել, ճանաչել, օգտագործել։ Իհարկե, այս գրադարանն, առաջին հերթին, գիտական շրջանակներին, մասնագիտացված ինստիտուտներին, ուսանողներին ու հայագետներին է անհրաժեշտ, քանի որ հայ պատմիչներից դեպի նորագույն գրականություն կարելի է անցում անել համակարգչի «մկնիկի» ընդամենը մեկ հպումով: Այլեւս չես կարող ասել, որ գիրքը չես գտել, քանի որ գրքի որոնումն ու անհրաժեշտ հղումը քո փոխարեն արդեն կանի ծրագիրը: Արդեն հասանելի են նաեւ այն գրքերը, որոնք հուշարձանի կարգավիճակ ստանալով` գրեթե դուրս են մնացել գործածությունից` պահվելով տարբեր երկրների թանգարաններում: Սակայն այս կայքը նաեւ հանրային նշանակություն ունեցող երեւույթ է, քանի որ թույլ է տալիս (իհարկե, ցանկության դեպքում) գործածող-որոնող դառնալ: Վերջիվերջո, մեզ՝ 21-րդ դարում ապրողներիս համար` անհրաժեշտ է վստահ լինել, որ մեր ազգային ժառանգությունը հնարավոր է տարբեր «բանալիներով» բացել: Եվ այդ «բանալիներից» ամենակարեւորը էլեկտրոնայինն է:
«Էլեկտրոնային բովանդակություն» կազմակերպության նախագահ Գարեգին Չուքասզյանը նշում է, որ մենք հիմա նոր քաղաքակրթության արարման ականատեսն ենք, եւ վիրտուալ աշխարհը հենց դրա մասին է փաստում։ Կամ պետք է ընդառաջ գնալ առաջարկին, կամ զիջել դիրքերը: Ըստ նրա` վիրտուալ աշխարհում բոլորովին նշանակություն չունի պետությունների ֆինանսներն ու մեծությունը, կարեւորը էլեկտրոնային օվկիանոսի ափերին կայաններ կառուցելու գիտակցումն է:
Հայ մատենագրության վիրտուալ գրադարանը հայկական լեզվի ու գրավոր ժառանգության հզոր պլատֆորմ է, ինչպես ասում է Գ. Չուքասզյանը` դա մի թռիչքուղի է, որի կառուցումով հնարավորություն ենք ստանում վիրտուալ տարածքում մեր սեփական ներկայությունը փաստել. «Առհասարակ ես կարծում եմ, որ «գրադարան» բառի գործածումը խանգարում է «digilib»-ի կարեւորությունը ընկալելու համար։ Նույնիսկ «կայք» բառն է սխալ։ Ավելի շուտ դա թռիչքադաշտ է, որը ունենալու դեպքում ցանկացած ուղղություններով թռիչքներ կարելի է կատարել։ Չարենցի խոսքերը հիշատակելով, կարելի ասել, որ գրքերի աշխարհն անեզր տիեզերք է։ Ընդ որում` այդ համեմատությունն արդեն ոչ թե փոխաբերական, այլ իրական նշանակություն է ձեռք բերում, քանի որ այդ աշխարհի միջով իրոք կարելի է թռչել։ Եռաչափ թռիչքը (ցանկացած աներեւակայելի երթուղիներով) արդեն վաղուց իրականություն է դարձել։ Դա մի պրոցես է, որը ունի սկիզբ, սակայն չունի վերջ: Այս կայքէջի ստեղծմամբ մենք ապացուցեցինք, որ հզորագույն ներուժ ունենք»։
Էլեկտրոնային բովանդակությունը ստեղծում են նաեւ user-ները
Վիրտուալ աշխարհը շատ կարեւոր հատկություն ունի` այն անսահման է: Հղումների ու որոնումների ճկուն համակարգի, անընդհատ ճյուղավորվելու, շեղվելու, շփման հարթությունը վայրկենական փոփոխելու հատկության շնորհիվ, թվանիշերի վերածված ինֆորմացիան կարող է ցանկացած ֆորմա ստանալ: Եվ եթե ամուր բովանդակային բազա է ստեղծվում, ապա պետք է հաշվարկել նաեւ այդ բազայի մոտ կայանելու հարմարավետությունն ու կայանողների ցանկությունները: Եվ պատահական չէ, որ digilib.am-ի կառուցողները կարեւորել են նաեւ գրադարանի ցանցային ֆորման: «Հայ մատենագրության գրադարանի» տեխնիկական ղեկավար Հովհաննես Կիզօղյանը հույս ունի, որ digilib.am-ը ոչ միայն սովորական բովանդակային կայք կլինի, այլեւ՝ սոցիալական ցանցի ֆորմա կստանա։ «Արդեն 4-5 տարի է, ինչ աշխարհը գիտե, որ ինֆորմացիան տարածելու լավագույն միջոցը հենց սոցիալական ցանցերն են։ Մենք ականատեսն ենք մի պրոցեսի, երբ ամենից շատ պահանջարկ ունեն հենց սոցիալական ցանցերը՝ «Facebook»-ը, «Twitter»-ը։ Բայց այդ ցանցերում գիտական կամ հետազոտական նյութ չկա, դրանք ավելի շուտ հետաքրքրությունների կայքեր են։ Մարդիկ լուսանկարներ են տեղադրում, տարբեր մտքեր են գրում, հետո մեկնաբանում դրանք։ Այդ կայքերը չունեն այն ավարտուն բովանդակությունը, որը կա սակավ այցելուներ ունեցող էլեկտրոնային գրադարաններում, եւ որոնք իրենց կառուցվածքի պատճառով՝ ցանցային բնույթ չեն ստանում։ Իսկ մեր գաղափարը հենց այդ երկու տիպի կայքերի միաձուլումն է։ Մենք արդեն ստեղծել ենք բովանդակություն, այսինքն՝ այն «թռիչքուղին», որը պետք է օգտագործել ու հասցեատերերին ինֆորմացիա փոխանցել։ Եվ շատ ենք ուզում, որ հայերի հաղորդակցությունը տեղի ունենա մեր կայքի միջոցով։ Համենայնդեպս, հենց այդ նպատակը հաշվի առնելով էլ կառուցել ենք մեր կայքը։ Էլեկտրոնային բովանդակությունը (կամ էլ, մեր լեզվով ասած՝«web2»-ը) ոչ միայն մասնագետները, այլեւ հենց գործածողներն են ստեղծում»,- ասում է նա։
Թվանշային տեխնոլոգիաների մասնագետները եւս մեկ կետի վրա են ուշադրություն հրավիրում. «digilib.am»-ը հայրենական դիսլոկացիա ունի, եւ չի կարող օտար պետությունների որոշումով` խմբագրվել կամ էլ պարզապես փակվել: Համացանցում «լոկալ» ու «գլոբալ» հասկացություններն այլեւս իրար չեն հակադրվում, քանի որ ցանկացած լոկալ ցանց (դպրոցի, ինստիտուտի, որեւէ խմբի ընդերքում ստեղծված) միշտ էլ ընդլայնվելու հատկություն է ունենում: Եվ դրա վառ օրինակը «Facebook»-ն է, որը սկիզբ առնելով Հարվարդի համալսարանի դասասենյակներում, հետագայում հզորագույն ցանցի վերածվեց: Եվ digilib.am-ը նույնպես նման հանրային ցանցի ձեւավորում է նախատեսել, որն անվանել է «ժողովատեղ»:
Հ. Կիզօղյանը նշում է, որ վաղուց արդեն եկել է ժամանակը՝ փոխելու գրքի մասին մեր պատկերացումները: Մագաղաթ-թուղթ-ֆայլ շղթայի վերափոխումը որքան արագ, այնքան էլ` անկասելի մի պրոցես է, որն ամեն ագամ օգտագործելով ժամանակակից գործիքները` գրքի աշխարհում հեղափոխություն է կատարում:
Առաջին հեղափոխությունը տեղի ունեցավ տպագրության գյուտի հայտնագործման հետ, իսկ հիմա մենք ականատեսն ենք թվանշային գրքի ֆորմատի կատարած հեղափոխությանը: Օրինակ, արդեն մի քանի տարի է, ինչ ֆիզիկական գրքի տեսքով չեն տպագրվում բառարաններն ու հանրագիտարանները, իսկ էլեկտրոնային գրքի շուկան արդեն իր ծավալով գերազանցել է թղթե գրքերի շուկան:
Գրքի, նաեւ գրադարանի մասին պատկերացումներն արդեն լիովին փոխվել են: Ընդ որում` լավ կլիներ, որ դա հասկանար մեր կառավարությունը, եւ հատկապես Մշակույթի նախարարությունը, որը պարբերաբար գրքի տոներ է հայտարարում` առանց գիտակցելու, որ էլեկտրոնային բովանդակությամբ հանրությանը հագեցնելը պետք է որպես առաջնահերթ քայլ դիտարկել (եւ գիրքը պետք է ոչ թե տոն, այլ ամենօրյա օգտագործման գործիք լինի):
Աշխարհի հետ հաղորդակցվելու գիրք-գործիք պետք է լինի այն վայրերում, որտեղ մարդն է: Իսկ մարդն, ինչպես հայտնի է, այսօր իր ժամանակի մեծ մասն անցկացնում է ինտերնետում: Դա հատկապես վերաբերում է երիտասարդ (անգամ մանուկ) սերնդին, ում համար թվանշային աշխարհն ավելի հարազատ ու հասկանալի է, քան «մահամերձ» գրադարաններից փոշոտ ու խունացած գրքերի հատորներ վերցնելու ու կյանքից դժգոհ գրադարանավարուհիների հետ շփվելու ավանդույթը: Եվ եթե երիտասարդը ինտերնետ է մուտք գործում, ապա նա պետք է կարդալու բան գտնի: Մարդու եւ գրքի հանդիպումը կարող է եւ պլանավորված, եւ պատահական լինել: Լավ կլինի պլանավորել: Համենայնդեպս, digilib.am-ը նման հանդիպման վայր արդեն ստեղծել է: