Ժամանակակից հրեշտակները կրում են կարճ կիսատաբատ, փիրսինգ եւ մեծ, շատ մեծ թեւեր, որոնք բեմից իջնելուն պես պոկվում են եւ դրվում դարակում: Գայանե Մարտիրոսյանին, ով բազմիցս ելույթ է ունեցել հայկական էստրադայի երգիչ-երգչուհիների հետ, շատերը ճանաչում են Angel բեմական անվամբ: Ինչպե՞ս Գայանեն վերածվեց Angel-ի. այս հարցին 18-ամյա երգչուհին պատասխանեց, որ բեմական անվան ընտրությունը կապված է իր սիրելի «Angel-A» ֆիլմի հետ: Ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի դուստրը` Angel-ը, կատակով նշում է, որ «կոշկակարն` առանց կոշիկի» արտահայտությունն իր մասին է, քանի որ մայրն, արդեն մի քանի տարի է, խոսք է տալիս դստեր համար տեսահոլովակ նկարահանել: Այս տարի վերջապես կիրականանա Angel-ի երազանքը, եւ մայրը կկատարի իր վաղեմի խոստումը: Արդեն իսկ ընտրված է նկարահանման վայրը, կոստյումը, որի կարեւոր բաղկացուցիչ մասը հրեշտակի հսկայական թեւերն են: «Empyray» ռոք խմբի երգահան Գիսանե Պալյանի կողմից գրված «Միայն թե ապրես» ռոք բալլադի հիման վրա նկարահանվող տեսահոլովակը պատմելու է մի հրեշտակի մասին, ով անկարող է փոխել դաժան կյանքի բնականոն ընթացքը: Որքա՞ն արժե այսօր մի երգի պատվերը. մեր այս հարցին Angel-ը խուսափեց կոնկրետ պատասխանել. «Սովորաբար` 500 եւ ավելի դոլար: Եվ դա միայն երաժշտության գինն է: Էլ չեմ ասում երգի բառերի եւ ձայնագրման համար անհրաժեշտ գումարի մասին»: