Հարսանիքը` փետրվարի 11-ին

03/02/2011

Արդեն տեղեկացրել էինք հաղորդավարուհի եւ երգչուհի Անի Ամիրյանի եւ պարող, դերասան Ստեփան Ղամբարյանի նշանադրության մասին: Անիի facebooke-ի էջում կարելի է հանդիպել հարսանեկան զգեստների բազմաթիվ լուսանկարների, որոնք աչքի են ընկնում իրենց պարզությամբ եւ դասական մոտեցմամբ: Ապագա հարսի հետ մեր զրույցում պարզ դարձավ, որ Անին հարսի զգեստը պատվիրելիս նախապատվությունն իրոք տվել է պարզ եւ դասական մոտեցմանը: «Չի լինի տորթ հիշեցնող օղակով զգեստ եւ անասելի բարձրության կոշիկներ: Ամեն ինչ լինելու է շատ զուսպ եւ պարզ` սկսած զգեստից, վերջացրած հյուրերի քանակով: Մեր կողքին այդ օրը լինելու են միայն ընտանիքի անդամներն ու ընտանիքին մոտ կանգնած հարազատ մարդիկ: Հյուրերի թիվը 100-ից չի անցնելու»,- ասում է Անին: Հարսանիքը տեղի կունենա փետրվարի 11-ին: Պսակադրության արարողությունը տեղի կունենա Սուրբ Զորավոր եկեղեցում, որտեղ Անին կներկայանա հոր` Արայիկ Ամիրյանի ուղեկցությամբ: Անիի մտահղացմամբ հարսն ու փեսան կհանդիպեն իրար ոչ թե աղջկա տանն, այլ անմիջապես եկեղեցում, որտեղ հայրը դստերը կհանձնի փեսային` Ստեփանին: Պսակադրությունից հետո Անի եւ Ստեփան ամուսնական զույգը` հրավիրված հյուրերի հետ, կուղեւորվեն «Հարսնաքար» ռեստորան, որտեղ եւ կնշեն իրենց կյանքի ամենակարեւոր իրադարձությունը: Մեզ հետ զրույցում Անին նաեւ նշեց, որ ամուսնությունից հետո Անի Ամիրյանը դառնալու է Անի Ղամբարյան: