Գյումրիում կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններն անցել են ծայրաստիճան լարված մթնոլորտում: Բայց, հակառակ սպասումների, այստեղ քվեարկության օրվա ողջ ընթացքում այդպես էլ որեւէ լուրջ միջադեպ չի գրանցվել, թեեւ ի սկզբանե ուժային կառույցները լուրջ միջոցառումներ էին ձեռնարկել:
Մեր տվյալներով, ընտրությունների նախորդ օրը Գյումրի էր բերվել հատուկ նշանակության ստորաբաժանման` կարմիր բերետավորների մի խումբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանց թիվը տատանվում էր 200-500-ի միջեւ: Ընդ որում, լրացուցիչ ուժեր ոչ թե տեղական կառույցներն էին խնդրել, այլ, հաշվի առնելով Գյումրիում տիրող նախընտրական վիճակը, կարմիր բերետավորներին ուղարկել էին Երեւանից: Նախնական տվյալներով, ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայն հավաքել է գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Նրա օգտին քվեարկել է 23.350 մարդ: Նրա հիմնական մրցակից ՀՀԿ անդամ Մարտին Սուքիասյանի օգտին քվեարկել է 17.011 մարդ, իսկ երրորդ թեկնածուն՝ Մարզպետունի Մարգարյանն էլ ստացել է 4445 քվե: Գյումրիում գրանցվել է մասնակցության բավական ցածր մակարդակ: Այստեղ ընտրացուցակում ընդգրկված 119.137 ընտրողներից իրենց քաղաքացիական պարտքը կատարել է 39,5 տոկոսը: Ինչպես մյուս քաղաքներում, Գյումրիում եւս իրար դեմ էին պայքարում իշխանական թեւերը: Այստեղ նույնպես կոալիցիան բաժանվել էր 2 թեւի: «ՕԵԿ»-ը պաշտպանում էր Վ. Ղուկասյանի թեկնածությունը, իսկ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ոչ պաշտոնապես` նաեւ ընդդիմությունը սատարում էին Մ. Սուքիասյանին: Չնայած նման աջակցությանը, նկատենք, որ այս ընտրությունների ժամանակ եւս կիրառվեցին ընտրակեղծիքի բոլոր այն մեխանիզմները, որոնք գործի էին դրվել նախագահական ու ԱԺ ընտրությունների ընթացքում: Ընտրությունների օրը վաղ առավոտից կաթվածահար վիճակում էր հայտնվել քաղաքային տրանսպորտը: Այստեղ ուղեւորափոխադրում իրականացնող երթուղային միկրոավտոբուսների հատուկենտ կարելի էր հանդիպել, քանի որ դրանք գծից հանվել եւ տարվել էին ծառայելու Վ. Ղուկասյանին ու ավագանու անդամության այն թեկնածուներին, ովքեր վայելում են նրա հովանավորությունը: Ինչ վերաբերում է ընտրակաշառք բաժանելուն, ապա 2 թեկնածուների նախընտրական շտաբները միմյանց հավասարապես մեղադրում են ընտրողների ձայները գնելու մեջ: Մ. Սուքիասյանի նախընտրական շտաբը երեկ մինչեւ ժամը 14.00-ն ԸԸՀ-ում բողոքարկել է ընտրությունների արդյունքները: Ինչպես մատնանշում են թիվ 34 ԸԸՀ ուղարկած դիմում-բողոքում` «Վ. Ղուկասյանի ենթակայությամբ աշխատող հարյուրավոր երթուղային գազել մակնիշի ավտոմեքենաներն ընտրողներին բերում էին ընտրատարածքներ՝ նախապես վճարելով 3000-5000 դրամ»: Սակայն Սուքիասյանի շտաբի պետ Միքայել Վարդանյանի կարծիքով՝ հիմնական պրոբլեմը եղել է ընտրացուցակների հետ: «…Խառնաշփոթ են ստեղծել ողջ գործընթացի մեջ: Գործող կարգի համաձայն՝ ընտրացուցակների վերջնական տարբերակը, համաձայն որի` պետք է կայանային ՏԻՄ ընտրությունները, պետք է տեղամասերին հանձնեին ընտրություններից 72 ժամ առաջ: Բայց ընտրություններին նախորդող գիշերը կամ ընտրությունների առավոտյան ոստիկանությունից նոր ընտրացուցակներ են հանձնել հանձնաժողովներին»,- ասաց նա։ Իսկ ԸԸՀ ուղարկած իրենց դիմումի մեջ այս առնչությամբ գրում են, որ մարդիկ, ովքեր ընդգրկված են եղել տվյալ տեղամասի ընտրացուցակում, ընտրության օրը` գալով տեղամաս, նոր ցուցակում իրենց անունը չեն գտել ու ստիպված են եղել դատական քաշքշուկի մեջ ընկնել: Դատավորները ընտրողներին ուղարկել են բնակության մասին տեղեկանք բերելու, իսկ տեղեկանքներ տրվել են Գյումրիի «Կինո Հոկտեմբերից», որտեղ տեղակայված է եղել Վ. Ղուկասյանի նախընտրական շտաբը, քանի որ տեղեկանքներ տվողը` Գյումրիի փոխքաղաքապետ Մովսես Ջուհարյանը գտնվելիս է եղել այդտեղ:
Ըստ Մ. Վարդանյանի՝ ընտրացուցակներն այնպես են կազմել, որ արդյունքում` Գարեգին Նժդեհի 4բ շենքն ընդգրկված է եղել եւ Տեքստիլ թաղամասի թիվ 30 դպրոցում տեղակայված 34/66 տեղամասի ցուցակներում, եւ Երկաթգծի բանավան թաղամասի թիվ 9 գրադարանում տեղակայված 34/47 տեղամասում: Ընդ որում, նման անճշտություններ կան ուրիշ տեղամասերում եւս: «Ժամը 17-ի սահմաններում ընտրությանը մասնակցած անձանց մոտավոր թիվը կազմում էր 26 հազար: ժամը 20-ին արդեն այդ թիվը հանկարծ դարձավ 46 հազար: Սա սառը ցնցուղ է բոլորի համար. ընդամենը 1-2 ժամվա ընթացքում ընտրության մասնակիցների նման կտրուկ աճը զարմանալի էր»,- ասում է Մ. Վարդանյանը: Ըստ Մ. Վարդանյանի՝ իրենք երբեւէ չէին սպասում այսպիսի արդյունքներ: Փաստորեն, ստացվել է այնպես, որ ընտրակեղծիք կատարում են նաեւ իշխանական կուսակցության ներկայացուցչի դեմ: «Մեր Գյումրի քաղաքում իշխանական, դիմադիր, ընդդիմադիր դաշտը հստակ չէր բաղդադտված: Այս ընթացքում խոսքը գնում էր երկու լագերների մասին: Մի լագերում հավաքված էր քաղաքի հիմնական՝ մտավորականությունը, աշխատավորությունը (ի նկատի ունի իրենց.-Ա.Գ.) եւ մյուս հատվածում` այն մասը, որոնց մասին բազմիցս խոսել ենք, այսինքն` այն մարդիկ, ովքեր իրենց իշխանական լծակներն օգտագործեցին իրենց նպատակներին հասնելու համար»,- պատկերավոր ներկայացրեց Մ. Վարդանյանը: Հիմա Մ. Սուքիասյանը խոստանում է ընտրությունների արդյունքները բողոքարկել նաեւ դատարանում:
Ի դեպ, Վ. Ղուկասյանը նախօրեին հրաժարվեց պատասխանել մեր հարցերին եւ քաղաքավարի մեզ դուրս հրավիրեց իր շտաբից: Ինչ վերաբերում է երրորդ թեկնածուին` Մարզպետունի Մարգարյանին, ապա վերջինս գտնում է, որ ընտրությունները նորմալ են անցել: «Եթե թեկնածուին 24 հազար ձայն են տալիս, ապա նշանակում է, որ նա լեգիտիմ է»,- հայտարարեց Մ. Մարգարյանը: Թեեւ նաեւ հավելեց, որ «ինչ արել են, արել են ոչ թե ընտրատեղամասում, այլ դրսում: Իսկ քանի դեռ գողի ձեռքը չես բռնել, չես կարող ապացուցել, որ գող է»,- ասաց նա` ինչ-որ տեղ հիմնավորելով ձեւավորված այն կարծիքը, թե ինքը քաղաքապետի թեկնածու առաջադրվել էր Վ. Ղուկասյանի հրահրմամբ` որպեսզի Մ. Սուքիասյանից ձայներ փախցնի:
Հ.Գ. Քարոզարշավի օրերին Վ. Ղուկասյանը հայտարարել էր, թե Մ. Սուքիասյանին հաղթելու է առնվազն 5000 ձայնի առավելությամբ: Փաստորեն, ըստ նախնական արդյունքների, ստացվել է, որ նրանց ձայների տարբերությունը մոտավորապես այդքան է: