«Ընդհատված երգ»

03/02/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ հրավիրված ասուլիսում ռեժիսոր Արիկ Մանուկյանի «Ընդհատված երգ» գեղարվեստական ֆիլմի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանն անդրադարձավ ֆիլմի դեմ սկսված ադրբեջանական լրատվամիջոցների արշավին, մասնավորապես` ադրբեջանցի դերակատարի կողմից ֆիլմի նկարահանումներից հրաժարվելու հարցին: Հիշեցնենք, որ «Ընդհատված երգ» կինոնկարի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Հիմքում Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հանգամանքների բերումով միեւնույն հորի մեջ հայտնված հայի եւ ադրբեջանցու երկխոսությունն է: Աշոտ Պողոսյանի խոսքերով՝ «Ընդհատված երգ» ֆիլմի կերպարների միջոցով վեր են հանվելու երկու ժողովուրդների խճճված հարաբերությունները: Ֆիլմի նկարահանումները սկսվել են դեկտեմբերի 10-ին` ազգությամբ հայ եւ ադրբեջանցի դերասանների մասնակցությամբ: Սակայն Ադրբեջանի կողմից ֆիլմի շուրջ բարձրացված հիստերիայի պատճառով՝ ադրբեջանցի դերասանը հունվարի կեսին հրաժարվել է նախագծին մասնակցելուց: Այժմ ընթանում են նոր դերասանի որոնման աշխատանքները: «Ակնհայտ է, որ ադրբեջանական անթաքույց հիստերիան պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆիլմը նկարահանվում է հայերի կողմից: Մենք կոչ արեցինք ադրբեջանական կողմին միանալ նախաձեռնությանը, սակայն որեւէ առաջարկ մինչ օրս չի հնչել: Ֆիլմում չկան բացասական կերպարներ, ուղղակի հերոսներից յուրաքանչյուրն ունի ճշմարտության մասին իր պատկերացումը»,- ասում է ֆիլմի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը: Կարո՞ղ է արդյոք միայն հայազգի սցենարիստի կողմից գրված սցենարը օբյեկտիվ արտահայտել նաեւ ադրբեջանցու մոտեցումը ղարաբաղյան հարցի շուրջ: «Մենք բազմիցս առաջարկել ենք ադրբեջանական կողմին՝ միանալ սցենարի վրա տարվող աշխատանքներին, սակայն որեւէ արձագանք մինչ օրս չի հնչել: Սցենարը գրելիս՝ աշխատել ենք հնարավորինս օբյեկտիվ լինել: Ստացվե՞լ է, թե՞ ոչ, կարող է ասել միայն հանդիսատեսը` ֆիլմի դիտումից հետո»,- ասաց Ա.Պողոսյանը: Պատրա՞ստ են արդյոք փոփոխություններ մտցնել սցենարում՝ ադրբեջանական կողմից սցենարի համահեղինակ ի հայտ գալու դեպքում: «Մենք պատրաստ ենք լսել եւ քննարկել յուրաքանչյուր առաջարկ, որը կներկայացվի ադրբեջանցի սցենարիստի կողմից, եթե, իհարկե, այդպիսին հայտնվի»,- ասում է Ա.Պողոսյանը: «Ընդհատված երգ» ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի վերջին` Մոսկվայում, որից հետո ֆիլմը կներկայացվի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Վրաստանում, Հնդկաստանումգ: Հայաստանում ֆիլմը կներկայացվի միայն հունիսին: