Լուսանկարչության ասպարեզում Սարգիս Վիրաբյանը 10 տարվա փորձ ունի, սակայն կարծում է, որ միայն 5 տարի է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ: Ո՞րն է պրոֆեսիոնալ լուսանկարիչ կոչվելու չափանիշը. «Ամբողջ աշխարհում ընդունված է պրոֆեսիոնալ համարել այն լուսանկարչին, ով կարողանում է գումար վաստակել իր լուսանկարներով: Դա միջազգային չափանիշ է: Խորհրդային տարիների չափանիշներն այլ էին. լուսանկարչության ասպարեզում պրոֆեսիոնալ կոչվելու համար պետք էր աշխատանքային բավական մեծ փորձ ունենալ»:
Արդեն 2 տարի է, ինչ լուսանկարիչ Ս. Վիրաբյանն աշխատում է միայն «Նյու արտ» ոճի մեջ: Մինչ այդ նա կազմակերպել էր անհատական ցուցահանդեսներ` «Միայն եռագույն» եւ «Ելք դեպի քաղաք» անուններով, որոնցից հետո Էստոնիայի հայ համայնքից առաջարկ էր ստացել Էստոնիայում հայկական թեմատիկայով անհատական ցուցահանդես կազմակերպել: Հայաստանում կազմակերպված «Միայն եռագույն» անունը կրող ցուցահանդեսը նվիրված էր Անկախությանը, իսկ երկրորդը` «Ելք դեպի քաղաքը»` Երեւանին, որն, ըստ հեղինակի մտահղացման, սկսվում էր փողոցային շների կադրերով: Ինչպե՞ս կայացավ ոճային անցումը` փողոցային շներից՝ դեպի մերկ կանանց լուսանկարները. «Լինի մերկ կին, թե պարզապես շուն, ես, որպես լուսանկարիչ, պարտավոր եմ նույն լրջությամբ եւ ուշադրությամբ լուսանկարել ինձ հետաքրքրող տեսարանը: Ինձ համար «Նյուն» լուսանկարչական ամենաբարդ ոճն է: Առաջնային ամենամեծ բարդությունը կայանում է Հայաստանում մոդել գտնելու մեջ: Իմ պարագայում այդ բարդությունն այսօր արդեն վերացել է, քանի որ այս 2 տարիների ընթացքում կարողացել եմ վստահություն ձեռք բերել մոդելներիս կողմից: Երկրորդ բարդությունն առնչվում է շատ նուրբ սահմանի հետ, որն անցնելով՝ կարող ես «Նյու արտի» փոխարեն` պարզապես պոռնոգրաֆիա ստանալ»,- ասում է Ս. Վիրաբյանը:
Ո՞րն է սահմանը, եւ ինչպե՞ս է հաջողվում նրան չանցնել այդ նուրբ գիծը. «Ամեն ինչ կախված է մարդու ներաշխարհից: Անձամբ ես հույսս դնում եմ ճաշակիս եւ ներքուստ սահմանը զգալու վրա: «Նյու արտ» ոճի սահմանն իմ մեջ է: Ինձ համար ամենամեծ գնահատականն այն է, որ կանայք գնահատում են իմ նկարները. նշանակում է՝ սահմանը չեմ անցնում»: Այս 2 տարիների ընթացքում Սարգիսը նկարել է տարբեր մասնագիտությունների տեր կանանց, սակայն, ի զարմանս շատերի, նրանց շարքում մինչ օրս չի եղել ո՛չ մերկապարուհի, ո՛չ մարմնավաճառուհի:
Նախքան լուսանկարելը Սարգիսը զրուցում է մոդելի հետ, որպեսզի նա ազատվի բարդույթներից եւ պարզապես վստահի իրեն՝ իբրեւ լուսանկարչի: «Եթե մոդելը բարդույթավորված լինի, կծկված, ապա դա անմիջապես կընթերցվի կադրի մեջ: Ես դիմում եմ այն մոդելներին, ովքեր ծանոթ են իմ լուսանկարչական աշխատանքներին: Կինն իր մեջ այնքան գաղտնիք է պարունակում, որ երբեք չես կարող կռահել, թե ով կհամաձայնի լուսանկարվել «Նյու արտ» ոճի մեջ եւ ով` ոչ»,- ասում է Սարգիսը: Մինչ ֆոտոշարքը սկսելը որեւէ նախապատրաստական աշխատանք տարվո՞ւմ է, թե՞ ամեն ինչ իմպրովիզացիայի վրա է հիմնվում։ «Յուրաքանչյուր ֆոտոսեսիայից առաջ գծում եմ նախնական «կաղապարը», սակայն ընդհանուր առմամբ ամեն ինչ թողնում եմ երեւակայության վրա: Յուրաքանչյուր կնոջ մարմին «թելադրում» է իր ֆոտոշարքը: Լուսանկարելով ես միայն «նախշն» եմ գծում: Պետք է ասեմ նաեւ, որ իմ լուսանկարները դիտողները երբեմն այնպիսի իմաստներ են գտնում, որոնց մասին նույնիսկ չէի կռահում: Ինձ՝ որպես լուսանկարչի` անհրաժեշտ է կարծիքներ եւ քննադատություններ լսել: Դա անհրաժեշտ է յուրաքանչյուրին, ով չի ցանկանում լճանալ եւ դոփել տեղում»,- ասաց Սարգիսը:
Բացի «Նյու արտ» ոճի մեջ լուսանկարելուց, Սարգիսն արդեն 2 տարի լուսանկարչական իր խմբակն է բացել: Ինչպես ծնվեց խմբակ բացելու մտահղացումը, եւ արդյո՞ք բավարար են գիտելիքները` դասավանդելու համար: Այս հարցին Սարգիսը պատասխանեց. «Երկու տարի առաջ տարբեր սոցիալական կայքերում ինձ անընդհատ հարցեր էին ուղղում լուսանկարչության մասին, եւ ամեն անգամ պատասխանելով այդ հարցերին, ի զարմանս ինձ, հանկարծ զգացի, որ բոլոր հարցերի պատասխանը գիտեմ: Այնուհետեւ ինտերնետային կայքերից մեկում հայտարարեցի, որ ուզում եմ լուսանկարչական խմբակ բացել: Սակայն մի պայմանով` ներկայանալ կարող էին միայն 18 տարեկանից բարձր անձինք, քանի որ պատրաստվում էի պրոֆեսիոնալ մակարդակով դասավանդել: Չնայած դիմողների մեծ թվաքանակին, այնուամենայնիվ, 15-ից շատ մարդ խմբում չեմ ներգրավում: Շուտով աշակերտներիս յոթերորդ խումբը կավարտի: Յուրաքանչյուր ավարտական փուլ մենք ամփոփում ենք ցուցահանդեսի կազմակերպմամբ, որտեղ ներկայացնում ենք աշակերտների կատարած լուսանկարները»: