Քյավառում ամեն ինչ բացահայտ էր

26/10/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների համաձայն` կիրակի օրը Գավառում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ քաղաքապետ է ընտրվել ՄԱԿ կուսակցության թեկնածու Գուրգեն Մարտիրոսյանը: Նրա օգտին են քվեարկել ընտրություններին մասնակցած մոտ 11.000 ընտրողներից 4890-ը: Անկուսակցական Հրաչյա Զաքոյանի օգտին են քվեարկել մոտ 2500 ընտրող, իսկ գործող քաղաքապետ հանրապետական Գրիշա Հովեյանը ստացել է 1966 ձայն: Մյուս երկու թեկնածուները՝ անկուսակցական Արմեն Խանդանյանը եւ ՕԵԿ անդամ Միշա Գեւորգյանը, ստացել են համապատասխանաբար՝ 1039 եւ 584 քվե:

Գավառի քաղաքապետի ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում: Այդ հանգստությունը, սակայն, իր մեջ խորհրդավոր անհանգստություն է ունեցել: Պատճառը եղել են ՄԱԿ կուսակցության նախընտրական կազմակերպչական աշխատանքները: Գավառեցիները պատմում են, որ ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը պառակտել է ՕԵԿ տարածքային կառույցը, եւ այդ կուսակցության անդամներն ընտրել են ոչ թե իրենց, այլ ՄԱԿ թեկնածուին: Դա է եղել պատճառը, որ Միշա Գեւորգյանը հավաքել է ձայների ամենաքիչ քանակը: Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը, լինելով ՕԵԿ անդամ, պաշտպանել է ՄԱԿ թեկնածու Գ. Մարտիրոսյանին: Այս «դավաճանությունն» ընտրողները բացատրում են ՄԱԿ-ից ստացած ընտրակաշառքներով: Իսկ «Օրինաց երկրի» շարքային անդամներից յուրաքանչյուրին բաժանվել է 200-ական դոլար, որպեսզի նրանք մտնեն ՄԱԿ կուսակցության մեջ: ՀՀԿ-ն իր թեկնածու, գործող քաղաքապետ Գ. Հովեյանին պաշտպանելու համար առանձնապես ոչինչ չի արել: «Չեմ կարող ասել, թե պաշտպանել են, նաեւ չեմ կարող ասել, թե չեն պաշտպանել»,- անորոշ պատասխանեց պարոն Հովեյանը:

Այս ընտրությունների կեղծիքները հիմնականում «դրսում» են կատարվել՝ ի հաշիվ ընտրակաշառքների: Տեղացիներն ասում են, որ ընտրողներին գրավելու համար բոլոր հինգ թեկնածուներն էլ տարբեր տեսակի ընտրակաշառքներ են բաժանել ու խոստումներ տվել: Օրինակ, Հրաչյա Զաքոյանը գազի վարձը մարելու համար բնակիչներին բաժանել է 5000 դրամանոց կտրոններ: Արդեն նախկին քաղաքապետ Գ. Հովեյանի ասելով՝ Զաքոյանին պատկանող Գավառի սերմնաբուծական տնտեսությունն ունի մոտ 22 մլն դրամի հողի հարկի պարտքեր: Ընտրություններին նրան սատարել է հորեղբայրը՝ Արագածոտնի գլխավոր դատախազ Համլետ Զաքոյանը: Բայց առանձնապես մեծ մասշտաբների է հասել Գուրգեն Մարտիրոսյանի բաժանած ընտրակաշառքը: Ասում են, միայն ընտրության օրն ու նախորդած գիշերը նա բնակիչներին բաժանել է ավելի քան 70.000 դոլար, որից 50.000-ը տվել է Գուրգեն Արսենյանը: Ժողովուրդը բացահայտ խոսում էր, որ յուրաքանչյուր ընտրողի տվել են նախ` 5000-ական դրամ, իսկ ընտրության օրն` արդեն 10.000-20.000 դրամ: Կամ, ասում էին, որ յուրաքանչյուր ընտանիքի տվել են մեկական պարկ ալյուր ու շաքարավազ: Եվ ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Գ. Արսենյանի բիզնես պլանը բավականին մեծ հաջողություն ունեցավ: Բացառված չէ, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացնելու համար օգտագործվի հենց այս փորձն ու ձեռագիրը: Ի դեպ, Գ. Մարտիրոսյանին է պատկանում «Գավառտրանս» ընկերությունը, որի միջոցով էլ իրականացվում են քաղաքի ուղեւորափոխադրումները Երեւանի եւ մյուս համայնքների հետ: Նախկին քաղաքապետ Գ. Հովեյանն այդ ընկերությանը դատի է տվել՝ մոտ 4,5 մլն դրամ գույքահարկի պարտք ունենալու պատճառով: Թեկնածուների շտաբներում ու ընտրատեղամասերում մեծ էր դժգոհությունը ընտրացուցակների համար: «Մեռած մարդկանց անունները շատ են, շատ են նաեւ այստեղից ընդհանրապես տեղափոխված բնակիչների անունները,- տեղեկացրին Ա. Խանդանյանի շտաբում: -Դրան հակառակ` մի որոշ քանակի ընտրողների անունները ցուցակներում ընդհանրապես չեն եղել: Կամ էլ մի տեղամասի ընտրողին տարել, գրանցել են բոլորովին այլ տեղամասում՝ իր բնակության վայրից շատ հեռու: Բնականաբար, այդ ընտրողը հավես չի անի երկար ճանապարհ կտրել ու գալ-հասնել քաղաքի մյուս ծայրում գտնվող տեղամասը»: Պատմում են, որ ընտրակաշառք վերցրած ընտրողներից ոմանք իրենց անունը ցուցակներում ընդհանրապես չեն գտել ու չեն իմացել ինչ անել՝ կաշառքը հե՞տ տալ, թե՞ պահել: