Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale

03/02/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Բույսի վերգետնյա մասը երկարավուն տերեւներով, մինչեւ 2 մ բարձրության ցողուն է։ Վառ կարմիր ծաղիկները ունեն մեկ առէջք։ Կոճապղպեղի հիմնական հարստությունը հոտավետ, այրող համ ունեցող արմատն է։ Կոճապղպեղը բազմամյա բույս է։ Հայրենիքն է` Հարավ-Արեւելյան Ասիան։ Բույսը հայտնի է եղել Հնդկաստանում եւ Չինաստանում դեռեւս հնագույն ժամանակներից։

Սանսկրիտով գրված ձեռագրերում այն անվանվում է «sringavere»։ 4000 տարի առաջ հնդիկները կիրառում էին բույսը «Կարի» համեմունքային խառնուրդի մեջ։ Եվրոպացիներն իմացան կոճապղպեղի եւ այլ համեմունքների մասին Ալեքսանդր Մակեդոնացու (մ.թ.ա. 327) արշավանքների ժամանակ։ Հռոմեացիները կանոնավոր ձեւով կատարում էին սեւ պղպեղի, դարչինի եւ կոճապղպեղի առեւտուր, պահեստավորելով այդ համեմունքները Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում։ Հռոմի անկումից հետո (5-րդ դար) այդ համեմունքների հետ ծանոթացան նաեւ գերմանական ցեղերը։ 3-րդ դարում գրված «De re coquinaria» խոհարարական գրքում Ապիցիուս Կաելիուսը բազմիցս հիշատակում է կոճապղպեղի մասին։ Մեր ժամանակներում կոճապղպեղն առավել օգտագործվում է արաբական երկրներում, Չինաստանում, Ճապոնիայում, Անգլիայում եւ ԱՄՆ-ում։ Անգլիայում կոճապղպեղը կիրառվում է 9-րդ դարից, Մարկո Պոլոն առաջին եվրոպացին էր, որը տեսել եւ նկարագրել էր կոճապղպեղը (եւ այլ բույսեր) իր ճամփորդությունների գրքում` 1298 թվականին։

Հին Հայաստանում 15-րդ դարի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում կոճապղպեղի վերաբերյալ գրում է հետեւյալը. «Կոճ պղպեղ, զանճապիլ, իմպիր, տաքկոճ, սնգրվեղ, զանճաֆիլ։ Լինում է երկու տեսակ՝ չինական եւ հնդկական։ Օգտակար է կաթվածի, ընկնավորության եւ այն հիվանդությունների դեպքում, որոնց հետեւանքով լորձ է առաջանում։ Կոճապղպեղի ընդունման չափաբաժինը 1,5 գրամ է։ Բայց վնասակար է տաք բնույթ ունեցող մարդկանց համար»։

16-րդ դարում իսպանական ազնվական Մենդոզան Ջամայկա կղզում կոճապղպեղի պլանտացիաներ հիմնադրեց, որտեղից մինչ մեր օրերը արտահանվում է այս արժեքավոր բույսի արմատը։

Հիմնական արտահանող երկրներն են նաեւ Հնդկաստանը, Չինաստանը, Արեւմտյան Աֆրիկայի արեւադարձային գոտու երկրները։ Կոճապղպեղը բազմացնում են վեգետատիվ ձեւով, կտրատելով բույսի կոճղարմատները, առաջին բերքը կարելի է հավաքել 6-12 ամիս անց։ Բույսի արմատը վաճառվում է կտրատած, աղացած, շաքարապատ կամ շոկոլադապատ ձեւով, նաեւ գարեջրի համար նախատեսված էքստրակտի ձեւով։ Մանր աղացած արմատը կիրառում են քաղցրավենիքների, ապուրների, մսային եւ ձկնային ուտեստների մեջ։

Կոճապղպեղը հարուստ է եթերային յուղերով, տանինով, բջջանյութով, օսլայով, ազոտային միացություններով։ Կոճապղպեղը պարունակում է վիտամիններ՝ C, B1, B2, ենթավիտամին A, միկրոտարրեր (նատրիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ցինկ)։ Կարեւոր ամինաթթուներ (վալին, ֆենիլանին, մետիոնին, լեյզին, տրեոնին, տրիպտոֆան)։

Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, որի հետեւանքով լավացնում է մարսողությունը, հանգստացնում որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաեւ շնչառական ուղիներին։

Ստամոքսի ցավերը հանգստացնող թեյ. խառնել մեկ քառորդ թեյի գդալ կոճապղպեղ, 1 պատիճ հիլ (կարդամոն), 1 թեյի գդալ դեղին թեյ, ավելացնել 250 մլ տաք ջուր, թրմել 30 րոպե։

Որպես ցավազրկող միջոց` միմյանց խառնել կես թեյի գդալ կոճապղպեղի փոշին եւ 1 ձվի դեղնուցը, քսել վնասվածք ստացած հատվածին։ Այս դեղատոմսն օգնում է նաեւ գլխացավի դեպքում (քսել քիմքին)։

Յուղ ոտքերի մերսման համար. 1 ճաշի գդալ աղացած կոճապղպեղին ավելացնել 200 մլ արեւածաղկի յուղ, 1 շաբաթ թրմել մութ, հով տեղում։ Պարբերաբար խառնել փայտե գդալով։

Շագանակագեղձի բորբոքման դեպքում օգտակար է հետեւյալ աղցանը.

Կտրատել կանաչ խնձորը (կեղեւի եւ միջուկի հետ միասին), քարավուզի թարմ տերեւները, համեմը, ավելացնել կիտրոնի հյութ եւ կոճապղպեղի յուղ (ըստ ճաշակի)։

Բկաբորբի դեպքում

Խառնել հավասար քանակությամբ կոճապղպեղի, ծովաբողկի, սեւ պղպեղի փոշի։ 1 թեյի գդալ խառնուրդին ավելացնել 1 ճաշի գդալ արեւածաղկի յուղ։ Մի փոքր տաքացնել։ Հովանալուց հետո թրջոցի ձեւով դնել պարանոցին, 5-10 րոպեից հանել, փաթաթել բրդե շալով։

Նիհարեցնող թեյեր

Մանր կտրատել կոճապղպեղի արմատը (4 սմ) եւ 2 ատամիկ սխտոր։ Այդ բոլորը լցնել ջերմապահի մեջ, ավելացնել մեկ լիտր եռջուր, թրմել 10 ժամ, քամել։ Պարունակությունը խմել օրվա ընթացքում։

Խառնել մանրացրած 60 գրամ դաղձի տերեւներ, կես ճաշի գդալ կոճապղպեղ, կես թեյի գդալ հիլ։ Խառնուրդի վրա լցնել 500 մլ եռջուր։ Թրմել 30 րոպե, քամել, ավելացնել 30 մլ նարնջի եւ 80 մլ կիտրոնի հյութեր։ Քաղցրացնել 1 ճաշի գդալ մեղրով, խմել սառը վիճակում։

Դիմադրողականությունը բարձրացնող դեղատոմսեր

Մեկ օրվա չափաբաժին. մեկ փափկեցրած ադամաթուզին ավելացնել 100 մլ կաթ, 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի գդալ կոճապղպեղ։ Խառնիչով լավ խառնել։ Օգտագործել 7-10 օր։

– Խառնել 1 թեյի գդալ սրոհունդի ծաղիկները, կեսական թեյի գդալ ուրց եւ կոճապղպեղի փոշի։ Ավելացնել 500 մլ եռջուր։ Թրմել 1 ժամ, քամել։ Բաժանել մասերի, խմել օրվա ընթացքում։

Օգտակար խուրհուրդներ

– Փորկապության դեպքում ուտելուց հետո ընդունել 1-3 գրամ կոճապղպեղի փոշի։

– Բկաբորբի դեպքում (նաեւ ստոմատիտի) ծամեք մի փոքր կտոր կոճապղպեղի արմատ։

– Սրտխառնոցի դեպքում խմեք (գազը հանած) հանքային ջրի մեջ լուծված 1,5 գրամ (կես թեյի գդալ) կոճապղպեղի փոշի։

– Ցուրտ եղանակներին կոճապղպեղի թեյը խմելուց հետո չի կարելի անմիջապես տնից դուրս գալ։

– Խմեք (ուտելուց առաջ) մեկ թեյի գդալ կոճապղպեղի թարմ հյութը, խառնած մի պտղունց աղի հետ։

Հանգստացնում է կոկորդային ցավերը։

– Սովորական թեյի կամ սուրճի մեջ խառնած մի պտղունց կոճապղպեղի արմատի փոշին կարգավորում է ճնշումը, ամրացնում դիմադրողականությունը։