Ֆեդերիկո Ֆելինի, Շարլոտա Չենդլեր «Ես վերհիշում եմ»

03/02/2011 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Կրկեսում ինձ սպասում էին

Եթե ինձ հարցնեն, թե ինչով է տարբերվում ժամանակակից աշխարհն իմ մանկության աշխարհից, ես կպատասխանեմ, որ հիմնականում այն հանգեցվում է անցյալում մաստուրբացիայի (ձեռնաշարժության) լայն տարածմանը: Ոչ թե այն այժմ իսպառ բացակայում է, պարզապես դա այն ժամանակ այլ իմաստ ուներ: Մաստուրբացիան խորհրդանշում է աշխարհակարգի այլ տեսակ: Պետք է լարես քո երեւակայությունը: Իրական կյանքում լրիվ բավարարվածությունը չի կարող վրա հասնել ակնթարթաբար: Կինը գաղտնիք էր մնում իր անմատչելիության պատճառով` ի բացառյալ, իհարկե, պոռնիկների, որոնք կարող էին ներմղել մարմնական հարաբերությունների աշխարհը, եւ այդ շնորհառությունը առ ինչ-որ գաղտնի եւ արգելված աշխարհ հենց սատանայի սպասավորուհիների մասնակցությամբ կարող էր մեծագույն իրադարձություն դառնալ:

Ահա իմ ամենավաղ սեքսուալ տպավորությունը` ես տկլոր փռված եմ խոհանոցի սեղանի վրա, իսկ իմ գլխավերեւում հակված են կանացի դեմքերը, որոնք ինձ վիթխարի եւ ձեւախեղված են թվում, կանայք հիացմունքից ճչում են, հիանալով իմ պուճուրիկ անդամով, եւ, ինչպես ինձ է թվում, փորձում են այն չափել:

Հիշում եմ, թե ինչպես մի անգամ մորս մերկ տեսա: Դա ընդամենը մեկ անգամ է եղել: Այն ժամանակ ես դեռ չէի քայլում: Դեռ խոսել էլ չգիտեի, եւ դրանից մայրս եզրակացրել էր, որ ես մտածել չգիտեմ, եւ առավել եւս մտապահել: Բայց տեսողական պատկերը դրոշմվեց, եւ ես այն հիշեցի: Մենք բոլորս ավելին ենք հիշում, քան ենթադրում ենք: Հնարավոր է, մեր առաջին հիշողությունները ծնվում են դեռեւս մայրական արգանդում:

Հիշում եմ, ինչպես եմ սողում հատակին եւ, մտնելով խոհանոցի սեղանի տակ, ներքեւից նայում եմ աղախնի շրջազգեստի տակից: Այնտեղ ինչ-որ մութ ու սարսափելի բան է թաքնված: Այնքան էլ գրավիչ տեսարան չէ: Չեմ կարծում, թե դա սեքսուալ հետաքրքրության դրսեւորում էր: Ավելի շուտ` պարզապես հետաքրքրասիրություն: Համենայն դեպս, մինչեւ այն պահը, որ մայրս ինձ դուրս քաշեց սեղանի տակից եւ ինչպես հարկն է հանդիմանեց: Հետաքրքրությունը առաջացավ, երբ ես հասկացա, որ ինչ-որ արգելված բան եմ անում, բայց ոչ ավելի շուտ:

Նույնիսկ ամենավաղ հասակում ես զգում էի «արգելվածի» եւ «հաճելիի» միջեւ եղած կապը: Բայց այն ժամանակ իմ սեքսուալ հետաքրքրությունն ուղղված էր հենց ինձ, այլ ոչ թե այլ մեկին:

Մոտավորապես նույն ժամանակահատվածում ես առաջին անգամ գիտակցաբար զննեցի առանց հագուստի հորս: Ես նրան հետաքրքրությամբ էի նայում, բայց չեմ կարծում, թե իմ փուստիկը համեմատում էի նրա տպավորիչ անդամի հետ:

Իմ առաջին սեքսուալ գրգռվածությունը վերաբերում է չորսամյա տարիքին, գուցե, քիչ ավելի: Ես լիովին չէի հասկանում, թե ինչ եմ զգում, պարզապես գիտեի, որ ինչ-որ անսովոր բան եմ զգում։ Այդ քաղցրորեն խուտուտ տվող զգացողությունից գլուխս պտտվեց:

Ինձ գրգռել էր սափրած գլխով ու պզուկոտ մի էակ` «Սուրբ Վինչենցոյի քույրեր» անվամբ կրոնական համայնքի քույրերից մեկը: Կարծում եմ, նա մոտ տասնհինգ տարեկան էր: Նա ինձ առեղծվածային հասուն կին էր թվում: Ես, ասես դյութված, կրնկակոխ հետեւում էի նրան:

Ես չգիտեմ, արդյո՞ք նա գլխի էր ընկնում իմ զգացողությունների մասին: Նա կճմթում էր ինձ, սեղմում էր իր մարմնին: Իմ զգացողություններն, ընդ որում, աննման էին: Ես քսվում էի նրա լիքը կրծքերից մեկ՝ մեկին, մեկ՝ մյուսին, այտով զգալով պտուկները: Իսկ նրանից ծավալվող այդ զարմանալի հոտըգ

Ես միանգամից չհասկացա, թե դա ինչ է, բայց հետո գլխի ընկա: Կախարդական էրոտիկ բույրը կազմվում էր թթված արգանակի եւ կարտոֆիլի կճեպների հոտից: Իմ սիրեցյալի պարտականությունների մեջ էր մտնում ճաշի համար կարտոֆիլ մաքրելը, իսկ գործն ավարտելուց հետո նա ձեռքերը գոգնոցով էր սրբում: Աստվածային բույր: Նրա մարմինը փափուկ ու տաք էր, շատ տաք: Երբ նա ինձ դեպ իրեն էր քաշում, ես յոթերորդ երկնքում էի եւ ամբողջովին կիսելի պես մի բան էի դառնում: Ես հուսով էի, թե հավերժ այդպես է լինելու:

Այն ժամանակ ինձ թվում էր, որ նա գլխի չի ընկնում, թե ինչ ուժգին տպավորություն է ինձ վրա գործում: Իսկ հիմա ես չեմ կասկածում, որ նա հիանալիորեն ամեն ինչ գիտեր եւ մեծ հաճույք էր ստանում զգայուն մանչուկի վրա ունեցած իր իշխանությունից, ակնհայտ եւ լիակատար իշխանությունից:

Ինձ համար հիմա դժվար է այդ հոտը հիշելը, բայց, կարծում եմ, եթե այնպես պատահի, որ նորից առնեմ այն, ապա դա նույն կախարդական ազդեցությունը կունենա: Ես բազմաթիվ ֆրանսիական օծանելիքներ եմ հոտոտել, բայց դրանցից ոչ մեկը այդքան դյութիչ չէր, որքան կարտոֆիլի կճեպների եւ թթված արգանակի համակցումն էր:

Առաջին սեքսուալ դաստիարակությունը ինձ տվել են քահանաները, որ երեխաներին նախազգուշացնում էին իրենք իրենց հետ «խաղերից», եւ դրանով, հնարավոր է, մեղավոր մտքեր էին սերմանում նույնիսկ ամենաբթամիտների գլխում, որոնք այլապես դրան չէին հասնի: Ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչ են սովորեցնում միանձնուհիները աղջիկներին: Ընդհանրապես, կաթոլիցիզմն արագ է զարգացնում հետաքրքրությունն առ սեքսը:

Կաթոլիցիզմը միշտ հայտարարել է սեքսի հանդեպ իր բացասական վերաբերմունքի մասին, եթե այն գործի է դրվում ոչ թե մանկածնության նպատակով, այլ լոկ հաճույք ստանալու համար: Դա ցանկացած հաճույքի, ազատության եւ անհատի հանդեպ ռեպրեսիվ վերաբերմունքի մասն է:

Սակայն, ժխտողաբար վերաբերվելով սեքսուալ բերկրանքներին, կաթոլիցիզմը անկախ իր կամքից ուժգնացնում է հաճույքը դրանցից: Ամենայն մատչելի բան անշուշտ մարում է ցանկությունը: Ինչպես ուտելիքի դեպքում: Հարկ է փոքր-ինչ քաղցած լինել, որպեսզի ուտելիքից լիարժեք ախորժանք զգաս:

Կար ժամանակ, երբ ես բոլոր կանանց համարում էի իմ մորաքույրները: Երեկոյան հագուստով կին տեսնելիս, ես արտասովոր հուզում էի ապրում: Սակայն ես շատ շուտով հասկացա, որ բոլոր կանայք չէ, որ մորաքույրներ են: Մադամ Դորայի տանը կանայք վառ քսվում էին եւ ոսկե ծխամորճով ծխախոտներ էին ծխում: Բորդելը, այլ կերպ ասած, հասարակաց տունը` կարեւոր փորձ է երիտասարդ մարդու համար:

Գարբոյի թարթիչները

Ընտանիքը, եկեղեցին եւ դպրոցը, տեղը տեղին ֆաշիզմով համեմված` ահա թե ինչը պետք է առաջին հերթին ազդեր իմ ժամանակի երեխայի վրա: Սակայն անձամբ ինձ վրա վաղ ազդեցություն գործեցին սեքսուալ ապրումները, կրկեսը, կինոն եւ սպագետին:

Սեքսուալ զգացողություններն ինքնաբերաբար հայտնվեցին: Չեմ հիշում մի ժամանակ, երբ դրանք չեն եղել։ Կրկեսը ես հայտնաբերեցի ինձ համար, երբ կրկեսախումբը ներկայացումներ էր տալիս մեզ մոտ՝ Ռիմինիում, կինո ես առաջին անգամ տեսա «Ֆուլգորում», իսկ սպագետին մշտապես մատուցվում էր մեր սեղանին:

«Ֆուլգորն» ինձանից մեծ էր: Այդ կինոթատրոնն իմ ծննդյան օրից վեց տարի առաջ արդեն կար, եւ առաջին անգամ ինձ այնտեղ բերեցին, երբ ես երկու տարեկան էի: Այն ինձ համար իսկական տուն դարձավ` ավելի հարազատ, քան բոլոր այն վայրերը, ուր ես ապրել էի մանկահասակ:

Ինձ այնտեղ մայրս էր տանում` իր, այլ ոչ թե իմ հաճույքի համար: Նրան դուր էր գալիս կինո նայելը, իսկ ես բեռի պես մի բան էի: Չեմ հիշում, թե որն էր իմ առաջին տեսած ֆիլմը, սակայն լավ հիշում եմ շարքը տարբեր ֆանտաստիկ կերպարների, որոնք ինձ դուր էին գալիս: Մայրս պատմում էր, որ ես երբեք չէի լացում եւ աթոռի վրա շուռումուռ չէի գալիս, եւ այդ պատճառով նա ամեն անգամ կարող էր ինձ իր հետ վերցնել: Դեռեւս չհասկանալով, որ ես տեսնում եմ, ես արդեն գիտեի, որ դա հիասքանչ մի բան է:

Իմ կյանքի առաջին տասը տարիներին կինոն համր էր, ֆիլմերն ուղեկցվում էին երաժշտությամբ: Ձայնը հայտնվեց «Ֆուլգորում», երբ ես համարյա տասը տարեկան էի: Ես մշտապես վազում էի այնտեղ, ուր գերազանցապես ցուցադրում էին ամերիկյան ժապավեններ: Ամերիկյան կինոն մերը դարձավ: Չարլի Չապլինը, Մարքս եղբայրները, Հարի Կուպերը, Ռոնալդ Կոլմենը, Ֆրեդ Աստերն ու Ջինջեր Ռոջերսը` նրանք բոլորը հարազատ էին մեզ: Ինձ դուր էին գալիս Լաուրելի ու Հարդիի մասնակցությամբ ֆիլմերը: Ես միշտ ավելի շատ սիրում էի կատակերգությունները: Ինձ նաեւ դուր էին գալիս դեդեկտիվներն ու լրագրողների մասին կինոնկարները:

Մորս դուր էր գալիս Գարբոն: Ես նրա մասնակցությամբ բազում ֆիլմեր եմ դիտել: Մայրս ասում էր, որ Գարբոն մեր ժամանակի մեծագույն դերասանուհին է, եւ հաճախ նրա մասնակցությամբ ֆիլմերը դիտելիս արտասվում էր դահլիճի մթության մեջ: Սեւ-սպիտակ էկրանի վրա Գարբոն այնքան դժգույն տեսք ուներ, որ ուրվական էր թվում: Ես ընդհանրապես չէի հասկանում, թե ինչի մասին են նրա մասնակցությամբ ֆիլմերը: Թոմ Միքսի հետ նրան հնարավոր չէր համեմատել: Ինձ մնում էր միայն զննել նրա թարթիչները:

Նստած «Ֆուլգորի» դահլիճում, մինչ ֆիլմի սկիզբը, ես անսովոր հուզմունք էի ապրում: Հրաշքի հիասքանչ սպասումը: Այդպիսի զգացողություն ես միշտ ունենում եմ «Չինեչիտայի» հինգերորդ տաղավար մտնելիս, միայն թե այժմ դա հասուն մարդու զգացողություն է, ով ունակ է վերահսկելու հրաշքը, որովհետեւ այն իր ձեռքերում է: Այդ զգացողությունը բաղկացած է սեքսուալ լիցքից, նյարդային դողից, ուշադրության ծայրահեղ կենտրոնացումից, զգացմունքների լարումից, էքստազից:

Մանկության ժամանակ ինձ թվում էր, որ յուրաքանչյուր մարդ պիտի կամենա ծաղրածու լինել: Յուրաքանչյուրը` բացի իմ մորից:

Ես շատ վաղ գիտակցեցի, թե ինչ չեմ ուզում լինել, շատ ավելի վաղ, քան հասկացա, թե ինչ կուզեի: Իմ ապագայի հետ կապված հորս ծրագրերը մորս կամեցածներից ավելի քիչ էին ինձ հարմարում: Հայրս ուզում էր ինձ առեւտրական տեսնել: Իսկ ես պատկերացնել անգամ չէի կարող, որ իր հետքերով կգնամ: Հայրս ոտնատակ էր տալիս ողջ Իտալիան, սննդամթերք վաճառելով: Ես նրան հազվադեպ էի տեսնում, բայց հաճախ էի լսում, թե որքան շատ է նա ստիպված լինում աշխատելու, որպեսզի կերակրի իր փոքրիկ ընտանիքը, որի մեջ մտնում էի եւ ես: Կարծում եմ, դա ասվում էր իմ մեջ երախտագիտություն արթնացնելու նպատակով, բայց դրա փոխարեն ծագեց մեղքի զգացողությունն այն բանի համար, որ ես շատ եմ ուտում: Իրականում ես շատ նիհար մանչուկ էի եւ այնքան էլ շատ չէի ուտում, այնպես որ, ընտանիքի համար այնքան էլ մեծ բեռ չէի: Սակայն այն ժամանակ ես չէի գիտակցում, որ հորս հաճախակի բացակայություններն ամենեւին ինձ հետ կապված չէին, նա պարզապես ուզում էր մորիցս հեռու լինել, ում հետ կրքի առաջին բռնկումներից հետո այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր: Ժամանակի ընթացքում ես սկսեցի հորս ավելի լավ հասկանալ, որովհետեւ ինքս էլ դժվարությամբ էի տանում մորս ծանրաշունչ խոսքերը` նա դժբախտ էր եւ ուրախությամբ մյուսներին էլ էր դժբախտացնում, հավատալով այն բանին, որ չափազանց երջանիկ լինելը (իսկ «երջանկություն» հասկացության մեջ նա մտցնում էր գործնականորեն բոլոր երկրային հաճույքները)` մեղք է:

Հայրս սիրում էր իր աշխատանքը, եւ դրանում ես նրա նման եմ, ընտրելով, իհարկե, սեփական ուղիս: Նա գինի էր վաճառում եւ պարմեզան պանիր: Հայրս ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու ես՝ իր տղան, հրաժարվում եմ գնալ իր հետքերով` առավել եւս որ նա կարող է տալ ինձ առաջին արժեքավոր դասերը: Իսկ ես բավական շուտ հասկացա, որ ուրիշ խմորից եմ թխված: Ինձ համար նույնիսկ դժվար է պատկերացնելը, թե ինչպես կարելի է, մարդկանց դեմքին նայելով, առաջարկել` «Խնդրեմ, առեք իմ պանիրը»:

Ես լսել եմ, թե ինչպես էր հայրս գովաբանում իր պանրի առավելություններն այլոց համեմատությամբ: Ոչ թե ես կասկածում էի նրա խոսքերի ճշմարտացիությանը, այլ ինձ ամաչեցնում էր այդպիսի ինքնագովազդը: Դրա համար ես շատ երկչոտ էի:

Այդուհանդերձ, մի անգամ, երբ արդեն ռեժիսոր էի՝ ոսկե շղթաներով ու մատանիներով զարդարված եւ սափրվելուց հետո թանկարժեք լոսյոն բուրող երկու պրոդյուսերներով շրջապատված, ես հանկարծ հասկացա, որ ի վերջո, անկախ իմ կամքից, միեւնույն է, դարձել եմ հորս նմանակը: Ինձ էլ էին ստիպում պանիր ծախել, պարզապես իմ դեպքում դրանք ֆիլմ են կոչվում, իսկ պրոդյուսերները, ովքեր դրանք գնում են, այդքան էլ բարձր չեն գնահատում այդ արվեստի ստեղծագործությունները, ինչպես հորս գնորդները` նրա ձիթայուղն ու ապխտած միսը:

Միայն մահվանից հետո հայրս ինձ համար դարձավ այն մարդը, ում ես կարող էի հասկանալ` չէ՞ որ նա էլ ինչ-որ բան փնտրում էր եւ այնքան էլ ինձնից չէր տարբերվում: Անիբալ Նինչին, ով «Քաղցր կյանքում» եւ «Ութ ու կեսում» Մաստրոյանիի հոր դերն է խաղում, արտաքնապես նման է հորս, եւ, բացի այդ, նրա սիրած իտալացի դերասանն էր Երկրորդ համաշխարհայինին նախորդող տարիներին:

Չեմ կարծում, որ մայրս կուզենար այնպիսի տղա ունենալ, ինչպիսին ես եմ: Այդ խիստ եւ կրոնապաշտ կինը հորս հետ շատ դժբախտ էր, սակայն, միայնակ մնալով, ծանր էր տանում իր մենությունը:

Չեմ կասկածում, որ նա կույս էր ամուսնացել: Նույնիսկ ավելին, քան կույս: Կարծում եմ, մինչ այդ նա ոչ մի տղամարդու հպում, համբույր, պատանեկան երկչոտ շոշափ չի զգացել, որ այնքան բնական է նորմալ պարմանուհիների համար: Ինչ-որ մեկը կարող է մտածել, թե դա խիստ դաստիարակության արդյունք է, սակայն ինձ թվում է, որ նա ստիպված չի եղել սեքսուալ պոռթկումները սանձել` դրանք կամ անհայտ էին նրան, կամ խորշելի:

Հայրս տանը չէր ստանում այն, ինչը որ իրեն պետք էր, դրա համար դա փնտրում էր դրսում: Քանի որ նա շատ էր ճամփորդում, նրա հնարավորություններն առավել քան շատ էին: Ամեն անգամ նա մի քանի շաբաթով բացակայում էր, եւ այդ բացակայությունների ժամանակ մայրս անընդհատ լալիս էր:

Հերթական ուղեւորությունից վերադառնալիս, հայրս ամեն անգամ մորս նվերներ էր բերում, բայց դա, կարծես թե, ավելի էր նրան բարկացնում: Այն ժամանակ ես չէի հասկանում այն, ինչը, հավանաբար, հասկանում էր նա: Նվերները ոչ այնքան սիրո վկայություններ էին, որքան մեղքի ապացույցներ:

Նվերի որակի եւ ձախ գնալու շրջագայությունների միջեւ, հավանաբար, ինչ-որ կապ կար: Եթե կապն աննշան էր, գործը վերջանում էր ինչ-որ սկահակով, եթե առավել հիշվող ինչ-որ բան էր տեղի ունենում, ապա արծաթյա ափսե էր ընծայաբերվում:

Հիշում եմ, մի անգամ հայրս մորս մի շքեղ զգեստ բերեց: Ես ու Ռիկարդո եղբայրս կիսաբաց դռնից գողունի նայում էինք, ու տեսանք, թե ինչպես է մայրս բացում նվերը: Նա քանդեց ժապավենը եւ բացեց թուղթը: Այնուհետեւ բացեց արկղը եւ այնտեղից հանեց ամենագեղեցիկ զգեստը, որ մենք տեսել էինք: Այն ամբողջովին շողշողում ու ծածանվում էր` հետո մեզ ասացին, որ այդ զգեստը կարել են հատուկ փայլփլուն թելերով: Հայրս հուզմունքից շառագունած այտերով մորս հարցրեց, արդյո՞ք նվերը նրան դուր է գալիս:

Առանց խոսք իսկ ասելու, մայրս զգեստը նետեց սեղանին: Որոշ ժամանակ ձգվող լռությունից հետո, որը մեզ բոլորիս շատ երկար թվաց, նա ասաց, որ սովոր չէ այդպիսի զգեստներ հագնելու, եւ, որ այն ավելի շատ սազական է «նրա ընկերուհիներին»:

Ինձ թվում է, իմ մի երազը շատ բան է ասում ծնողներիս հետ իմ հարաբերությունների մասին` չէ՞ որ ես միշտ ասել եմ, որ երազներում ավելի շատ ճշմարտություն կա, քան իրական փաստերում:

Ես երազում տեսա, որ գալով Ռիմինի, որոշեցի հանգրվանել «Գրանդ-հոթելում»: Գրասենյակի մոտ կանգնած, սովորական ինչ-որ թուղթ եմ լրացնում: Դռնապանը տեսնում է իմ ազգանունն ու ասում` «Ֆելինի: Մեր հյուրանոցում արդեն այդպիսի ազգանունով մարդիկ ապրում են»:

Եվ, բաց սրահի կողմը նայելով, հավելում է. «Ահա եւ նրանք»: Ես գլուխս շրջում եմ եւ տեսնում եմ հորս ու մորս: Սակայն լռում եմ: «Դուք նրանց ճանաչո՞ւմ եք»,- հարցնում է դռնապանը: «Ոչ»,- պատասխանում եմ ես: «Իսկ կուզենայի՞ք ծանոթանալ»: Եվ ես դարձյալ հրաժարվում եմ. «Ոչ, շնորհակալություն: Չարժե»:

Միայն հորս մահից հետո ես իմացա, որ նա պահում էր իմ առաջին գծանկարները եւ միշտ տեղից տեղ էր տանում։ Եվ այն ժամանակ ես առաջին անգամ հասկացա, որ նա սիրում էր ինձ եւ հպարտանում էր:

Համը զգալու գեները, երեւի թե, հորիցս են ինձ անցել: Ես հեշտությամբ որոշում եմ, ամենաբարալիկ կտորը համտեսելով, պարմեզան պանրի հասակը, ճշգրիտ ասելով, թե քանի տարեկան է` երեք, յոթ, թե տասնմեկ:

Հռոմը սկսեց ներկա գտնվել իմ երազանքներում ավելի վաղ, քան ես ունակ էի երեւակայելու, թե ինչպիսին նա կարող է լինել: Ես կարծում էի, որ նա այնպիսին է, ինչպիսին Ռիմինին է, բայց ավելի մեծ, կամ Ամերիկայի պես մի բան, բայց ավելի փոքր: Բայց արդեն այն ժամանակ ես գիտեի, որ հենց այնտեղ եմ ուզում ապրել, եւ անհամբեր սպասում էի, որ մեծանամ եւ տեղափոխվեմ այնտեղ: Բայց ստիպված չեղա երկար սպասելու:

Երբ ես տասը տարեկան էի, Հռոմում ապրող քեռիս կաթվածահար եղավ, մորաքույրս այդ մասին նամակով հայտնեց մորս եւ նրան կանչեց Հռոմ` եղբորը տեսնելու: Մայրս ինձ իր հետ վերցրեց: Բոլոր քաղցրավենիքները, որ բարեկամներն ուղարկում էին Ծննդյան տոնին, խունացան հենց Հռոմի տեսարանի առաջ: Իրականությունը, ինչպես հազվադեպ է պատահում կյանքում, ամենավառ հորինվածքներից ավելի հիասքանչ էր:

Հռոմ մենք գնացինք գնացքով: Ամենից շատ ինձ դուր էր գալիս նայել պատուհանի ետեւում թարթվող կյանքի պատկերներին: Բայց գնացքը շատ արագ էր սուրում, եւ դրանք չէին հասցնում մտապահվել:

Հռոմի հետ առաջին հանդիպումը իմ հոգում ակնածալի ահ արթնացրեց եւ միաժամանակ՝ զգացողություն, որ ես տուն եմ ձեռք բերել: Ես հասկացա, որ Հռոմը վայր է, ուր ինձ վիճակված է ապրել` դա իմ քաղաքն է: Ինձ չհաջողվեց քեռուս տեսնել, նա չափազանց թույլ էր, բայց այս անգամ ես նրանից ու մորաքրոջիցս առավել արժեքավոր նվեր ստացա, քան Ծննդյան տոների նուգան էր:

Երբ մենք Ռիմինի վերադարձանք, ապա իմ մեջ առաջին անգամ նպատակ հայտնվեց:

Ինձ անհնար էր ստիպել մրցակցել այն բանին, ինչի ունակությունները ես չունեմ: Օրինակ, մարմնամարզությունը: Երբեք այդ գծով չեմ փայլել: Եվ դրա հանդեպ հետաքրքրություն էլ չեմ ունեցել, թեեւ, լինելով կմախքի պես նիհար, չէի կարող չնախանձել վարժեցված մկանունքով երիտասարդ մարմնամարզիկներին, ովքեր ելույթ էին ունենում հունահռոմեական ըմբշամարտով հասարակության առաջ համարյա թե տկլոր: Իսկ ես միայն այն բանից, որ ինձ կարող էին լողազգեստով տեսնել, սարսափ էի ապրում: Ողջ կյանքում ես ամաչել եմ իմ մարմնից: Բնույթով ես հակված չեմ մրցակցության եւ միշտ խույս եմ տվել ամեն տեսակի մրցակցություններից: Հոգուս խորքում ես միշտ համակրել եւ ապրումակցել եմ պարտվողներին: Մեծանալով, ես սկսեցի վախ ապրել գեղեցիկ կանանցից: Իմ մեջ մինչեւ այժմ առկա է այդ վախը, այն ծնվել էր դեռ Ռիմինիում, երբ ես թաքուն հիանում էի շվեդուհիներով եւ գերմանուհիներով, ովքեր ամռանը գալիս էին մեզ մոտ եւ այնքան անմատչելի էին թվում:

Փոքր ժամանակ ես լավ սուլում էի: Մայրս մի անգամ գովեց ինձ, եւ նրա գովեստը հանգեցրեց այն բանին, որ հաջորդ ամիսներին տանը լսում էին միայն իմ սուլոցը, եւ դա բոլորի գլուխը տարավ: Բարեբախտաբար` իմն էլ:

Երբ մանչուկ էի` լավ երգում էի, եւ ուսուցիչներին իմ ձայնը դուր էր գալիս: Ինձ ասում էին, որ այն տարիների ընթացքում կցածրանա, բայց մեծ փոփոխություններ տեղի չունեցան: Ինձ քաջալերում էին, եւ այդ պատճառով ես երգում էի` ինձ ավելի շատ դուր էին գալիս գովեստները, քան հենց երգեցողությունը: Ինձ միշտ խթանել է քաջալերանքը, այլ ոչ թե քննադատությունը: Ես երգեցի մինչեւ այն պահը, մինչեւ որ իմ եղբայր Ռիկարդոն գնաց դպրոց: Նա ինձնից շատ ավելի լավ էր երգում: Նա իրոք հիասքանչ ձայն ուներ: Կարելի է ասել, Աստծո պարգեւ: Ուսուցիչները հիացել էին: Այդպես ես դադարեցի երգել: Եվ արդեն երբեք չերգեցի: Հասարակական հավաքույթներում, ուր հիմն է երգվում կամ դրա նման մի բան, կամ ընկերոջ ծնունդին ես ջանում եմ չմասնակցել երգեցողությանը եւ միայն ձեւացնելով՝ շուրթերս եմ շարժում: Հարկ է ասել, որ ես երբեք չեմ վշտացել, որ երգելը թողել եմ:

Ես միշտ կամեցել եմ ֆիլմերիցս մեկի մեջ մտցնել իմ առաջին սիրո պատմությունը, բայց ամեն անգամ այն սյուժեի մեջ տեղ չի գտել, եւ, բացի այդ, ես վախենում էի, որ դա կարող է տափակ թվալ, չէ՞ որ շատերի գլխում է այդ միտքը ծագել: Երբ ես տասնվեց տարեկան էի, ես վերերկրային գեղեցկության մի աղջիկ տեսա, նա նստած էր իմ տնից ոչ հեռու գտնվող պատշգամբում: Թեպետ ես երբեք հրեշտակ չեմ տեսել, իմ պատկերացման մեջ նրանք հենց այդպիսի տեսք ունեին, ինչպիսին որ այդ աղջիկն էր:

Ես նրան ծանոթ չէի եւ նույնիսկ նախկինում երբեք չէի տեսել: Գուցե նախկինում ես պատրաստ չէի նմանատիպ հանդիպման: Ես հասկանում էի, որ պետք է նրան հանդիպեմ, բայց չգիտեի, թե ինչպես դա անեմ: Ժամանակն այլ էր, եւ էթիկետն էլ այլ էր` նախաջրհեղեղային:

Ես մտածում էի սառցակալած պատուհանի վրա նրա դիմանկարն անել, ուղեկցելով կարճառոտ ուղերձով, բայց հետո որոշեցի, որ դա չափազանց նրբին արարք կլինի: Եթե չստորագրեմ, նա չի հասկանա, թե ով է այն նկարել, իսկ եթե մակագրեմ էլ` դարձյալ չի հասկանա: Բացի նրանից, իմ ուղերձն այլ մարդիկ էլ կկարդան: Այդ թվում եւ՝ նրա ծնողները: Դե, ապակու վրայի սառույցն էլ կարող է հալչել:

Ի վերջո ես որոշեցի բացահայտ գործել: Ես հիշողությամբ նրա դիմանկարն արեցի եւ պատուհանի մոտով անցնելիս՝ մեկնեցի նրան։ Նա ժպտալով եւ նազանի շարժումով վերցրեց այն։ Իսկ թերթիկի հետեւում ես մի քանի տող էի գրել` ժամադրելով նրան Ռիմինիի փոքրիկ հրապարակում:

Աղջիկը հայտնվեց պայմանավորված ժամին: Նա ճշտապահ էր, այդ հատկությունը ես գնահատում եմ թե կանանց, եւ թե տղամարդկանց մեջ: Դա այն հարգանքն է, որը մենք ցուցաբերում ենք այլ մարդու նկատմամբ: Ես միշտ համարել եմ, որ կնոջ հետ ժամադրության հարկ է գալ փոքր-ինչ շուտ եւ սպասել նրան: Այն վաղեմի օրը ես ժամադրավայր եկա այնքան շուտ, որ նրա գալու պահին բավական հոգնել էի: Ես երեւակայում էի, որ նա չի գա, եւ արդեն մտածում էի գնալու մասին: Եվ այդժամ բոլոր կասկածներս կփոխադրեի իրական ճշմարտությունների շարքը:

Այդ ժամանակից ի վեր մենք անընդհատ միասին զբոսնում էինք, հեծանիվ էինք քշում եւ պիկնիկներ էինք սարքում, որոնց ժամանակ ես միշտ բերում էի հայրական պարմեզան պանիրը:

Իմ երազներում ես համբուրում էի նրան: Այդ երազները չափազանց ռոմանտիկ էին եւ բացառապես վեհանձն: Ես պաշտում էի նրան եւ հանել եմ նրան շատ անհուսալի իրավիճակներից, հաղթում էի նրան սպառնացող հրեշներին, մարդկանց եւ այլոց: Աղջիկն ընդամենը տասնչորս տարեկան էր, եւ ես չէի համարձակվում նրան համբուրել, վախենալով այդպիսով երկչոտության գիրկը նետել իմ մուսային: Բացի դրանից, տասնվեց տարեկանում ես դեռ ոչ մի անգամ չէի համբուրվել եւ կարգին չգիտեի, թե ոնց է դա արվում:

Մեր հարաբերություններն ընդհատվեցին: Ես նրա եղբոր միջոցով նրան սիրային նամակ փոխանցեցի, որի պատասխանը եղբայրը պիտի բերեր: Տղեկին բռնացրել էր մայրս, որ իմ բացակայությամբ նրան առաջարկել էր համտեսել ախորժելի տեսք ունեցող խմորեղենը: Հիմար տղան այնքան էր տարվել խմորեղենով, որ լրիվ մոռացել էր նամակի մասին, թողնելով այն սեղանի վրա, եւ մայրս չէր հապաղել այն կարդալ:

Իհարկե, նա միանգամից ամենավատի մասին էր մտածել: Չեմ կասկածում, որ իմ ամենահամարձակ երազանքներում ես չէի կարող պատկերացնել որեւէ բան, ինչը կարող էր համեմատվել նրա կանխագուշակումների հետ` չէ՞ որ իմ մեղքի կոնցեպցիան այնքան ճարտարահմուտ չէր, որքան նրանը: Մայրս տեղնուտեղը ուղեւորվեց աղջկա տուն, եւ դուրս կանչելով ընկերուհուս ծնողներին, մեղադրեց նրանց աղջկան այն բանում, որ նրանց աղջիկը գայթակղել է իր տղային: Ախ, եթե դա ճիշտ լիներ:

Աղջկա ծնողները նմանատիպ մեղադրանքներն ընկալեցին որպես խենթ զառանցանք (ըստ էության դրանք հենց այդպիսին էին): Սակայն, այդուհանդերձ, որոշեցին հարեւանուհու հետ հարաբերությունները չփչացնել: Թեեւ ես ներկա չեմ եղել այդ տեսարանին, կարծում եմ, որ մայրս իր ճշմարտացիության գիտակցությամբ ահեղ տեսք ուներ:

Ես այնքան շվարած էի, որ մտքովս անգամ չէր անցնում գնալ սրտիս տիրուհու մոտ: Ես դեռ տղամարդ չէի, այլ սոսկ երեխա: Ողջ կյանքում ես վախկոտ մնացի` թե ֆիզիկական, եւ թե զգացմունքային պլանում: Ես տանել չեմ կարողանում վեճերը եւ ամենայն կերպ ջանում եմ խույս տալ բացատրություններից ու վեճերից, հատկապես կանանց հետ:

Շուտով նրա ընտանիքը տեղափոխվեց Միլան: Չեմ կասկածում, որ դա որեւէ կապ չուներ ինձ հետ: Այդ առթիվ ես հակասական զգացողություններ էի ապրում: Տխուր էր, որ այլեւս երբեք չեմ տեսնելու այդ հրեշտակին, եւ միաժամանակ ես երախտապարտ էի ճակատագրին այն բանի համար, որ հաջողվեց խույս տալ սիրեցյալի հետ հանդիպումից:

Բայց դա վերջը չէր: Մի քանի տարի անց, արդեն Հռոմում, ես նրանից նամակ ստացա, որում նա հաղորդում էր իր հեռախոսի համարը: Ես նրան զանգեցի Միլան: Նա ինձ հրավիրեց իրեն այցելելու: Մեր հանդիպումը հիասքանչ էր: Իմ մանկության ընկերուհին մի քանի պատմվածքներիս ներշնչանքը եղավ: Իսկ ես նրան ավելիին դրդեցի: Նա լրագրող էր դարձել եւ տարիներ անց մեր հարաբերությունների մասին մի ամբողջ վեպ գրեց, որը ես չեմ կարդացել, բայց որի մասին լսել եմ: Անտարակույս, ես այդ վեպի հերոսն էի, իսկ նա` հերոսուհին: Նա կարծես անցյալից ավելին էր հիշում, քան ես, եւ ոչ միայն մեր մանկական սիրահարվածության մասին, այլ նաեւ այն բանի մասին, թե ինչ էր եղել մեր միջեւ 1941 թվականի ժամադրության ժամանակ: Այն ժամանակ ես դեռ Ջուլիետային չէի հանդիպել:

Բավական վաղ, մոտ տասնմեկ տարեկանում, ես սկսեցի իմ գծանկարներն ու ծաղրանկարները փոստով Ֆլորենցիայի ու Հռոմի ամսագրերին ուղարկել: Տասներկու տարեկանում ես արդեն պատմվածքներս. սքեթչներն ու անեկդոտներն էի ուղարկում, դրանք ուղեկցելով իմ ձեւավորումներով: Նախնական գաղափարը միշտ գեղանկարչական էր, դե, իսկ հետո հորինվում էր համապատասխան պատմությունը: Ես կեղծանունների մի ամբողջ հավաքածո ունեի, որոնցից ես օգտվում էի, որպեսզի հրատարակիչները չկասկածեն, որ դա մի մարդ է ստեղծել: Հիմա ինձ համար դժվար է հասկանալը, թե ինչու էի ես դա անում: Իսկ այն ժամանակ իմ այդ արարքը տրամաբանական էր թվում: Չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե ամսագրերից մեկն այդ կեղծանուններից մեկով փող ուղարկեր: Մտքովս էլ չէր անցնում, որ փոստատարը պարզապես չէր իմանա, դա ում տանի: Սովորաբար բոլոր կեղծանունները սկսվում էին «Ֆ» տառով` ինչպես իմ անունն ու ազգանունը: Ի դեպ, հոնորարների ստացման հետ կապված խնդիր չկար այն պարզ պատճառով, որ դրանք չէին գալիս` առաջին անգամ ես փող ստացա շատ ավելի ուշ:

Սրտի տունը

1937 թվականին ես գնացի Ֆլորենցիա: Այն ժամանակ ես տասնյոթ տարեկան էի: Իրականում ես տենչում էի Հռոմ, բայց Ֆլորենցիան ավելի մոտ էր: Այնտեղ էր գտնվում «420» երգիծական ամսագիրը, ուր ես ուղարկում էի իմ պատմվածքներն ու գծանկարները: Ինձ այնտեղ աշխատանքի ընդունեցին: Աշխատանքը շատ էր, իսկ փողը՝ քիչ, դե ես էլ այն ժամանակ որպես լրագրող բանի պետք չէի: Ինձ օգտագործեցին թղթատարի դերում: Բայց դա իմ առաջին աշխատանքն էր։ Ես առաջին կայուն աշխատավարձն էի ստանում եւ հույսերով լեցուն էի, թող որ ամսագրում ոչ ոք չէր հագնում կիսաշինել, ինչպես ամերիկյան մարտաֆիլմերի հերոսները: Ֆլորենցիայում ես ընդամենը չորս ամիս մնացի, որից հետո վերադարձա Ռիմինի, մորս խոստանալով փաստաթղթերս հանձնել Հռոմի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Ես խոսքիս տերը եղա, բայց պարապմունքներին այդպես էլ չհայտնվեցի: Չէ՞ որ դա ես չէի խոստացել:

Շարունակելի