Դժգոհում են Իրանից

03/02/2011

Վերջին օրերին Ադրբեջանի քաղաքական շրջանակներից Իրանին հասցեագրված քննարդատություններ են հնչում` Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու համար: Ոմանք անգամ կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ վերանայել կապերը պաշտոնական Թեհրանի հետ: Մասնավորապես, Միլի մեջլիսում երեքշաբթի օրը մեկնարկած գարնանային նստաշրջանում նման հայտարարություններով են հանդես եկել թե՛ իշխանամետ, թե՛ անկախ մի շարք պատգամավորներ: «Իրանի իշխանությունների կողմից իրականացվող հակաադրբեջանական քաղաքականությունը, որը վերջին շրջանում սկսել է ակտիվանալ, մտահոգություններ է առաջացնում Բաքվում»,- ըստ ադրբեջանական մամուլի՝ հայտարարել են այդ երկրի խորհրդարանի անդամները: Դժգոհության առիթ է դարձել հատկապես Իրանի նավթի նախարար Մասուդ Միրքազեմիի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են նավթամթերքներ տեղափոխող խողովակաշար կառուցել:

Իրանական աղբյուրների հաղորդմամբ, նոր խողովակաշարը սկիզբ է առնելու հյուսիս-արեւմտյան Թավրիզ քաղաքից եւ շարունակվելու է մինչեւ Հայաստանի հետ սահմանը` պաշտոնական Երեւանին հնարավորություն տալով բավարարել նավթային պահանջների մի մասը: «Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեռք բերված այդ համաձայնությունը ուղղակիորեն սպառնում է Ադրբեջանի շահերին,- խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարել է անկախ պատգամավոր Ազայ Կուլիեւը` նշելով,- Իրանական կողմը հաշվի չի առնում Ադրբեջանի շահերը եւ դասում է Հայաստանը իր բարեկամների շարքում: Որպես Միլի մեջլիսի պատգամավոր` կարծում եմ, որ ժամանակն է եկել համապատասխան քայլեր ձեռնարկելու` Իրանի այդ երկդիմի քաղաքականության դեմ»: Ադրբեջանցի պատգամավորների խոսքով, պաշտոնական Թեհրանի կողմից մտահոգիչ քայլեր իրականացվել են նաեւ նախկինում: «Կոչ եմ անում ադրբեջանցիներին, ի նշան բողոքի՝ դադարեցնել այցերը հարեւան երկիր»,- հայտարարել է իշխանամետ պատգամավոր Զախար Օրունջը: Հայկական կողմը դեռեւս չի մեկնաբանում Իրանի իշխանությունների հետ խողովակաշար կառուցելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ հաղորդումները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Էներգետիկայի նախարարությունը խոստանում է նախարար Արմեն Մովսիսյանի Իրան կատարած այցի մանրամասները հրապարակել հայկական պատվիրակության վերադարձից հետո: