Ազատել դատարանը ճնշումներից

03/02/2011

«ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով նավթի յուրացման եւ հասույթից ստացված գումարի լվացման մեղադրանքով 2010թ. դեկտեմբերին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին կոչ է արել միջոցներ ձեռնարկել դատարանը օրենքի շրջանակներ վերադարձնելու համար: «Ես անհրաժեշտ եմ համարել անձամբ դիմել Ռուսաստանի նախագահին` Խամովնիչեսկի դատարանի խայտառակ վճռի առնչությամբ: Գիտեմ, որ իմ այս քայլը չեն հասկանա իմ այն համաքաղաքացիները, ովքեր համոզված են, որ Դմիտրի Մեդվեդեւը ոչինչ չի որոշում, ինչպես նաեւ նրանք, ովքեր անթույլատրելի են համարում նրա միջամտությունը դատարանի գործունեությանը»,- գրել է Խոդորկովսկին «ԹպՊՏՎՏրՑՌ» թերթում հրապարակված հոդվածում, որում նա պնդել է նաեւ, որ Ռուսաստանում տեղի է ունենում օրենքի փլուզում: «Նախագահի սահմանադրական պարտքն է՝ ապահովել դատարանի անկախությունը, այլ ոչ թե պարզապես հռչակել այն: Այդ պատճառով, իմ կարծիքով, երբ ամենաաղմկոտ դատավարության ժամանակ ջրի երես են դուրս գալիս փաստեր, որոնք վկայում են դատավորի ոչ ինքնուրույն լինելու մասին, դրանց անկախ հետաքննությունը կազմակերպելու հանձնարարությունը ոչ միայն պետության ղեկավարի իրավունքն է, այլ նաեւ պարտականությունը»,- նշել է Խոդորկովսկին` ավելացնելով, որ չի առաջարկում ճնշում գործադրել դատարանի վրա, այլ հակառակը` առաջարկում է ազատել այն ճնշումից:

Ավելի վաղ Մեդվեդեւը հայտնել էր, որ դատական համակարգի ոչ կատարյալ լինելու մասին խոսակցությունները, ինչպես նաեւ Խոդորկովսկիի գործին միջամտելու պահանջով ճնշումներ գործադրելու փորձերը, այդ թվում իր վրա` որպես նախագահի, ապակառուցողական ազդեցություն են կրում: Ըստ նրա, նախագահը չպետք է միջամտի այդ ամենին, որպեսզի դատական եւ իրավական համակարգն ինքնուրույն զարգանա, հակառակ դեպքում` խնդիրներ կծագեն: Խոդորկովսկիի կարծիքով, Խամովնիչեսկի դատարանի դատավճիռը բացառություն չէ, այլ լոկ «Ռուսաստանում սեփականության ապօրինի վերաբաշխման, ֆիկտիվ արդարադատության միջոցով անցանկալիների հետապնդման եւ դրամաշորթության պրակտիկայի հայտնի եւ վառ օրինակ»: Հատկանշական է, որ նախօրեին Դմիտրի Մեդվեդեւը Եկատերինբուրգում երկար ընդմիջումից հետո մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության հաստատությունների զարգացման աջակցությանն ուղղված ՌԴ նախագահի խորհրդի նիստ է անցկացրել, որտեղ նրան հարց է ուղղվել Խոդորկովսկիի գործի դատական ընթացքի մասին, ինչին ի պատասխան՝ Մեդվեդեւն ասել է. «Այստեղ նստած եւ ոչ ոք լիովին ծանոթ չէ դատական ընթացքի նյութերին, այդ պատճառով խոսել այս թեմայով չափազանց դժվար է, եւ գլխավորը` դատավճիռը դեռ օրենքի ուժ չի ստացել, ուստի ես այն մեկնաբանել չեմ կարող»: