Այսօր բացօթյա՝ Մատենադարանի մոտ տեղի կունենա «Հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարը: Հրապարակում նախօրոք կտեղադրվեն 500-600 աթոռներ՝ համագումարի պատվիրակների համար քիչ թե շատ հարմար պայմաններ ստեղծելու նպատակով: Արամ Սարգսյանը երեկ ասուլիս էր հրավիրել` բացատրելու, թե ինչու են իրենք դիմում նման արտառոց քայլի: «Ըստ էության, կառավարությունը՝ դահլիճ չտրամադրելով, խոչընդոտել է կուսակցությունների ազատ գործունեության իրավունքը, ինչը մենք համարում ենք քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ապօրինի իշխանության հաշվեհարդարի հերթական փորձը»,- հայտարարեց Սուրեն Սուրենյանցը: Իշխանությունների կայացրած այս որոշումն Ա. Սարգսյանը համարում է պարզ պրովոկացիա, որով վերջիններս իրենց փորձում են դրդել որոշակի գործողությունների. «Համարում են, որ մենք դեռ պատրաստ չենք, իսկ իրենք պատրաստ են: Չարաչար սխալվում են: Մենք պատրաստ ենք, բայց պրովոկացիաների չենք գնալու»,- հայտարարեց նա ու հավելեց, որ իրենք ամեն ինչ անելու են ճիշտ ժամանակին: Իսկ ինչո՞ւ են համագումար անցկացնելու համար իշխանությունները դահլիճ տրամադրում ընդդիմադիր «Ազգային Միաբանությանը»՝ հարցին Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մեզ դահլիճ չտրամադրելով` իրենք փորձում են ցույց տալ, որ ասենք, Արտաշես Գեղամյանին կամ պրն Բազեյանին տրամասդրում են, որովհետեւ իրենց հետ լավ կապեր ունեն: Խնդիրը դրանում չէ: Ուղղակի իշխանությունները 60-ականների Խթը-ական պրովոկացիա են անում»: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ իրենց դահլիճ չտրամադրելու որոշումը վարչապետինը չէ, իսկ թե ո՞ւմն է՝ չմասնավորեցրեց: «Հանրապետությունն» օրենքով նախատեսված ձեւով տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանին այսօր Մատենադարանին հարակից հրապարակում համագումար անցկացնելու մտադրության մասին: Մտավախություն չունե՞ն կուսակցությունում, որ, այնուամենայնիվ, իշխանությունները միջոցառումը կհամարեն անօրինական եւ կդիմեն ինչ-ինչ միջոցների: «Եթե իշխանությունները փորձեն խոչընդոտել, հոգ չէ, մեր կողքին Օպերայի հրապարակն է, Մ. Սարյանի արձանին կից հրապարակն է, կարող է` նույնիսկ համագումարում քաղաքական վերնիսաժ անենք»,- ասում է կուսակցության առաջնորդը: Վերջինս, ով ասուլիսին ներկայացել էր նարնջագույն, կամ, ինչպես ինքն էր ասում՝ ծիրանագույն փողկապով, տեղեկացրեց նաեւ, որ եթե հանրաքվեի օրը խախտումներ լինեն, իրենք պատրաստ են կոչ անել, որպեսզի արդեն ժամը 5-ին իրենց կողմնակիցները դուրս գան հանձնաժողովներից: Նրա խոսքերով՝ հանրաքվեի շրջանում հակադրության շարժում է ձեւավորվելու: «Հակադրությունը գաղափարին է հակադրություն: Իսկ դրանք լիդերներ չեն ունենալու»։ Նրա համոզմամբ՝ ձեւավորվում է իշխանություններին հակադրվող, գաղափարի վրա հիմնված շարժում:
Հ.Գ. «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը բացօթյա համագումար անցկացնելու մասին հրավիրված ասուլիսում ասաց, որ այսօր Մատենադարանի մոտ կայանալիք համագումարին Ալբերտ Բազեյանը չի հրավիրվել: