«Facebook» սոցիալական ցանցը բանակցություններ է վարում մեդիա շուկայում խոշոր դերակատարների հետ` գործընկերային համաձայնություններ կնքելու համար: ըստ CNET պարբերականի, առաջիկայում բազմաթիվ ժողովրդականություն վայելող բլոգներ եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ իրենց նյութերի քննարկման համար կկարողանան ներդնել «Facebook»-ի «կոճակը» կամ շարժիչը: CNET-ի տվյալներով, մեկնաբանությունների համար նախատեսված նոր շարժիչը հնարավոր կլինի օգտագործել` առաջնորդվելով OpenID համակարգով` անգամ, եթե նորույթը ներդրած ռեսուրսը համագործակցում է «Facebook»-ի մրցակից «Yahoo!», «Twitter» կամ «Google» ընկերությունների հետ: Շարժիչն իր մեջ կներառի բոլոր գործառույթները, որոնք օգտատերերին հասանելի են սոցիալական ցանցի ներսում մեկնաբանություններ թողնելիս (գնահատում, ընկերների հետ «կիսվելը» եւ այլն): Դեռ հայտնի չէ, թե ինչպես է «Facebook»-ը մտադիր լուծել անանուն մեկնաբանությունների հարցը, որոնք կազմում են բլոգների եւ ֆորումների լսարանի զգալի մասը: Բացի այդ, շատերը մեկնաբանություններ են գրում կեղծանուններով (նիքեր), ինչը «Facebook» ցանցի ներսում արգելված է: