Հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասարի համոզմամբ, առաջիկայում WBC-ն կստիպի Աբներ Մարեսին մենամարտ անցկացնել Վիկ Դարչինյանի հետ: Հանդիպումը կարող է կայանալ այս տարվա վերջին: Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանի թիմը բողոքարկել էր մրցավարների որոշումը, ըստ որի, Դարչինյանը միավորներով պարտվել էր Մարեսին նախորդ տարվա դեկտեմբերին կայացած խաղում: Գրավոր դիմումի մեջ ասվում է, որ Մարեսը մոտ 20 անգամ գոտկատեղից ցածր հարված է հասցրել, ընդ որում` դրանցից 14-ը` աճուկի շրջանում: Դիմումում նրանք նաեւ պահանջել էին չեղյալ հայտարարել հանդիպման արդյունքը եւ նոր մրցամարտ նշանակել Դարչինյանի եւ Մարեսի միջեւ: Նասարը հայտնել է, որ պրոմոութեր Գարի Շոուն WBC-ի պաշտոնական ներկայացուցչի կողմից հաղորդագրություն է ստացել, ըստ որի՝ WBC-ն պատրաստ է բավարարել Դարչինյանի խնդրանքը` հանդիպումը կրկնելու վերաբերյալ: Նա նաեւ նշել է, որ ներկայումս Դարչինյանն ավելի շատ կենտրոնացած է ապրիլին Յոնի Պերեսի հետ կայանալիք մենամարտի վրա: Նասարը նաեւ հայտնել է, որ Դարչինյանի թիմը պատրաստվում է պայմանագիր կնքել մեկ այլ հայ բռնցքամարտիկի հետ: Խոսքը վերաբերում է Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Ազատ Հովհաննիսյանին, ով նաեւ 2009թ. դուրս է եկել աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ: Սիրողական ռինգում Հովհաննիսյանը 291 հանդիպում է անցկացրել եւ 267 հաղթանակ տոնել, ընդ որում, դրանցից 194-ն ավարտել է վաղաժամ: «Նա հիանալի հարված ունի: Նա մեծ պահանջարկ ունի, նրանով արդեն հետաքրքրված են հինգ պրոմոութերական ընկերություններ: Մենք պատրաստ ենք նրան լավ գումար եւ լավ պայմաններ առաջարկել»,- ասել է Նասարը` ավելացնելով, որ Հովհաննիսյանը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կտեղափոխվի Ավստրալիա եւ իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտը կանցկացնի տարվա կեսին: